Ռուբինյանն Ադրբեջանի կողմից «դրական քայլեր» է նկատել քասախցիների ձերբակալման իրավիճակում

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության դարաշրջան հաստատելու հարցին, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագրի առանցքայի դրույթներից մեկն է:


Հարցին, թե հիմա շատ են խոսում խաղաղության դարաշրջան բացելու մասին, բայց անընդհատ ականատես ենք լինում միջադեպերի, որոնք կասկածի տակ են դնում այդ հնարավորությունները, թեկուզ վերջերս երկու Քասախի բնակիչների հետ տեղի ունեցած միջադեպը Որոտանի մոտ, Ռուբինյանը պատասխանել է հետեւյալ կերպ:


«Այո, ցավոք սրտի, այս ընթացքում մենք բազմիցս ականատես ենք եղել բազմաթիվ ապակառուցողական խոսքերի ու քայլերի, որոնք ստիպում են մեզ մտածել, որ խաղաղ զարգացման դարաշրջանի բացումն իրատեսական չէ։ Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է ունենանք ամուր նյարդեր և, ելնելով մեր պետական շահերից, համբերատար առաջ մղենք մեր օրակարգը։


Այս համատեքստում, հավանաբար, արժե փորձել նշանակություն տալ նույնիսկ ոչ մեծ դրական քայլերին։ Գոնե այն դեպքում, որի մասին Դուք նշեցիք։ Բացասական փաստն այն է, որ մեր քաղաքացիները ձերբակալվել են ադրբեջանական զինված ուժերի կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից։


Բայց դրական էր այն, որ գրեթե մեկուկես օր անց Ադրբեջանը նրանց վերադարձրեց, ավելին՝ այդ մարդկանց ցուցմունքներով, Ադրբեջանում գտնվելու ժամանակ նրանց վատ չէին վերաբերվում։ Մենք հույս ունենք, որ նման քայլերը հնարավորություններ են ստեղծում առաջ շարժվելու խաղաղության օրակարգով», - ասել է նա։


VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 19-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են ճանապարհից և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված գործողությունների արդյունքում քաղաքացիները հետ են վերադարձնել:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/94578