Բայրամովը Նուլանդին բողոքել է Հայաստանից

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։


Այս մասին սեպտեմբերի 22-ին հայտնել է "Ինտերֆաքսը" ՝ վկայակոչելով ադրբեջանական գերատեսչության մամուլի ծառայությունը։


«Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության հետ կապված ընթացիկ իրավիճակի եւ 2020թ. նոյեմբերի 10-ին Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացման վերաբերյալ», - ասված է հաղորդագրության մեջ:


Բայրամովը նաեւ նշել է, թե իբր «Ադրբեջանը կառուցողական քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, սակայն Հայաստանը փոխադարձաբար չի պատասխանել այդ քայլերին»:


Բայրամովն ու Նուլանդն ընդգծել են տարածաշրջանի ապագա խաղաղ զարգացման համար հաղորդակցությունների բացման եւ սահմանների դելիմիտացիայի (Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ) կարեւորությունը: Բացի այդ, դիվանագետները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ։


Նուլանդը բարձր է գնահատել ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի համագործակցությունը միջազգային խաղաղության եւ անվտանգության ոլորտում, այդ թվում՝ Աֆղանստանում ադրբեջանցի խաղաղապահների գործունեությունը:


Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության զարգացումը, այդ թվում՝ տնտեսական, էներգետիկ, անվտանգության և այլ ուղղություններով: «Կարծիքներ են փոխանակվել նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ», - ընդգծում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/94557