Հայաստանը ՄԱԿ-ում Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ փաստաթուղթ է շրջանառել

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը որպես ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ շրջանառել է ՄԱԿ-ում Գլխավոր քարտուղարին հղված նամակը, որում խոսվում է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին:


«ՄԱԿ անդամ պետությունների ուշադրությունն է հրավիրվում Ադրբեջանի բարձրագույն իշխանության փորձերի վրա՝ կոծկելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և իրականացված ոճրագործությունները ինքնապաշտպանության իրավունքի և ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի կեղծ մեկնաբանություններով։


Անդրադառնալով ադրբեջանական իշխանությունների կողմից շարունակաբար հնչեցվող ատելության խոսքին և ռազմատենչ հռետորաբանությանը՝ դեսպան Մարգարյանը շեշտում է, որ Ադրբեջանի նախագահի ս․թ․ օգոստոսի 14-ի հարցազրույցում վերջինս ընդունում է, որ հենց Ադրբեջանն է սկսել պատերազմը 2020թ․ սեպտեմբերին՝ փորձելով իր օգտին լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։


Նման կերպ պաշտոնապես հաստատվում են Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների բացահայտ խախտումները և գլոբալ համավարակի պայմաններում պատերազմի սանձազերծումը՝ ոտնահարելով նաև համաշխարհային առողջապահական ճգնաժամի ընթացքում զինված գործողությունները դադարեցնելու ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կոչը», - հայտնում են Հայաստանի ԱԳՆ-ից։


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/92979