Կառավարությունը 16,9 միլիոն դրամ կփոխհատուցի ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին

Կառավարությունը պահուստային ֆոնդից 16,9 միլիոն դրամ կփոխհատուցի ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին: Գումարը հատկացվում է 2018-2020 թթ. չվճարված հավելավճարի դիմաց:


Այդ որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության օգոստոսի 12-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շարքում:


2020 թվականին ԱԺ-ի կողմից կատարված սահմանադրական փոփոխությունների արդյունքում 12 տարուց ավել պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը եւ Ֆելիքս Թոխյանն ազատվել էին ՍԴ դատավորրի պաշտոններից, իսկ Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի պաշտոնից:


Ըստ նախագծի հիմնավորման՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր 2021-ի հունիսի 11-ի որոշմամբ մասնակիորեն բավարարել է ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի վճռաբեկ բողոքը և պարտավորեցրել ՍԴ աշխատակազմի ղեկավարին Ալվինա Գյուլումյանին 2018-2020-ի ժամանակահատվածի համար լրացուցիչ վճարել հավելավճար՝ ամսական շուրջ 602 հազար դրամի չափով:


«Նշված ժամանակահատվածի համար վճարման ենթակա գումարը կազմում է շուրջ 16,9 մլն դրամ: ՀՀ պետական բյուջեով ՀՀ սահմանադրական դատարանին հատկացված միջոցների հաշվին նշված գումարի վճարումը կատարելու անհնարինության պատճառով, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը դիմել է ՀՀ վարչապետին` նշված գումարը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնելու նպատակով»,- ասվում է նախագծում։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/92205