Արդարադատության ոլորտում մեր և քաղաքացիների պատկերացումները պետք է համապատասխանեն.Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանին:


Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Ռուստամ Բադասյանին՝ կատարած աշխատանքի համար և շնորհավորել Կարեն Անդրեասյանին՝ Արդարադատության նախարար նշանակվելու առիթով: Վարչապետը կարևորել է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները և նշել, որ ի վերջո արդարության և արդարադատության ներկայության զգացումն ամենակարևոր խնդիրներից է, որ ժողովուրդն իշխանություններին առաջադրել է դեռևս 2018 թվականի հեղափոխության ժամանակ:


«Իհարկե, այս ընթացքում կատարվել է հսկայական աշխատանք, ընդունվել են ռազմավարություններ, որոնցից բխող մի շարք միջոցառումներ արդեն կյանքի են կոչվել: Պարոն Անդրեասյանի հետ մեր խոսակցությունը եղել է հետևյալի մասին, որ պետք է ապահովվի քաղաքականության շարունակականությունը: Մյուս կողմից՝ պետք է այսպիսի կադրային որոշումներով փորձենք նոր լիցք և խթան հաղորդել արդեն իսկ կայացրած մեր որոշումներին, ընդունված ռազմավարությունների իրականացմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


Կառավարության ղեկավարն Արդարադատության նախարարության գործունեության համատեքստում կարևորել է Պարեկային ոստիկանության ներդրման գործընթացը, որում գերատեսչությունն ակտիվ մասնակցություն է ունեցել, քաղաքականության մշակման գործառույթն իրականացրել է նախարարությունը: «Քանի դեռ ոլորտում քաղաքականություն մշակող մարմին չունենք, այսինքն՝ նախարարությունը ձևավորված չէ, Արդարադատության նախարարությունը բարեփոխման բովանդակային ապահովումը պիտի իրականացնի: Մենք Պարեկային ոստիկանության ներդրման առաջին օրերից մթնոլորտի կարևոր փոփոխություն ենք տեսել, բայց նաև արձանագրել ենք պրակտիկ մի շարք խնդիրներ, որոնք պիտի լրջորեն ուսումնասիրվեն, Երևանի ռեզերվային ընդունելության ուսուցման գործընթացներում հաշվի առնվեն, որպեսզի արդեն Շիրակի և Լոռվա մարզերում Պարեկային ոստիկանության ծառայողները հենց ծառայության մեկնարկի առաջին րոպեներից ամբողջությամբ տիրապետեն խնդիրը, ներառյալ՝ նրանք, որոնք ի հայտ են եկել Երևանի պարեկային ոստիկանության գործարկման ճանապարհին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին նախարարությանը ցուցաբերած աջակցության համար, որը մշտապես զգացվել է և գերատեսչությունն ավելի վստահ է եղել բարեփոխումների նախաձեռնություններում: «Այս ընթացքում բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկել ենք, որպեսզի նախարարության կառավարման փոխանցումը սահուն ընթանա: Ընթացիկ փուլում գտնվող բոլոր համապատասխան նախագծերը, բնականաբար, պատրաստի վիճակում կփոխանցվեն պարոն Անդրեասյանին»,- ասել է Բադասյանը: Վերջինս շնորհավորել է Կարեն Անդրեասյանին Արդարադատության նախարար նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ սկսված բարեփոխումները կյանքի կոչելու գործում:


Արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին մեծ վստահության և պատասխանատու փաթեթն իրեն վստահելու համար: «Առիթն օգտագործելով՝ ուզում եմ Ձեզ շնորհավորել ժողովրդի մեծ վստահությունը կրկին ստանալու համար: Ուրախ եմ այն ժառանգության համար, որ ստանում եմ: Պարոն Բադասյան, գիտեմ, թե ինչ ծանր ժառանգություն եք ստացել: Խոստանում եմ Ձեր նախանձախնդիր բարեփոխումների ծրագրերին, որ իրականացրել եք այս կարճ ժամանակաշրջանում, արդեն նոր լիցքեր հաղորդել և հասցնել ավարտին: Պարոն վարչապետ, ուզում եմ խոստանալ, որ մեր այս երիտասարդ ու շատ կարող թիմի հետ կկարողանանք ի վերջո արդարությունը բերել բոլորին ամբողջ երկրում: Շնորհակալ եմ վստահության համար»,- նշել է Կարեն Անդրեասյանը:


Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է արդարադատության ոլորտում և դատական համակարգում բարեփոխումները: «Մեր պատկերացումները և ընկալումները պիտի համապատասխանեն նաև այն տեսլականին, որ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Իհարկե, այն ճանապարհը, որ մինչ այսօր անցել ենք, հեշտ չի եղել և շարունակությունն էլ հեշտ չի լինելու: Այստեղ, իսկապես, հետևողականություն է հարկավոր: Բայց նաև չմոռանանք, որ արդարադատության համակարգը շատ մեծ է՝ քրեակատարողական դատավարություն, ԴԱՀԿ, ՔԱԿՀ և այլն: Պարոն Բադասյանի առաջարկած քրեակատարողական ծառայության նոր մոդելը շատ հետաքրքիր է և առաջիկայում այդ թեմայի շուրջ մանրամասն պիտի խոսենք: Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել մինչև այժմ կատարված աշխատանքի համար և հաջողություն մաղթել բոլորիս»,- նշել է կառավարության ղեկավարը:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/91748