Նաղդալյանը` ԵԽԽՎ-ում . Եկե'ք կանխենք պատմության կրկնությունը

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում այսօր քննարկման դրվեց «Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» թեմայով զեկույցը, որի ընթացքում Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդես եկավ ելույթով` խստագույնս դատապարտելով Թուրքիայում տիրող ժողովրդավարական իրավիճակը: (տեսանյութ)

Շնորհակալություն հայտնելով համազեկուցողներ Գոդսքեսենին և Վուցկովիչին, զեկույցի վրա կատարած զգալի աշխատանքի և դրա համապարփակ բնույթի համար`Հերմինե Նաղդալյանը իր խոսքում նշեց, որ այդ փաստաթուղթը առաջ է քաշում այն բոլոր լրջագույն մտահոգությունները, որոնց Թուրքիան «պետք է անհապաղ անդրադառնա», այս զեկույցը պարզորոշ մատնանշում է Թուրքիայում լայնամասշտաբ ժողովրդավարական հաստատությունների պակասը:

Ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների և լուրջ խախտումների`օրենքի գերակայության, օրենսդրության, դատական իշխանության, համայնքների միջև հարաբերությունների ոլորտներում, զեկույցում նաև հատուկ անդրադարձ է կատարվում խոսքի ազատության և ԶԼՄ-ների վրա քաղաքական ազդեցության ու սահմանափակումների, հետաքննող լրագրողների, ակադեմիկոսների և շարքային քաղաքացիների հետապնդման վերաբերյալ:

«Ցանկացած փորձ` ճշգրիտ տեղեկատվություն հայթայթելու, որը տարբերվում է պաշտոնական տեսակետից, հալածվում և ճնշվում է Թուրքիայում»,- իր խոսքում նշեց տիկին Նաղդալյանը` որպես այդ դեպրեսիվ քաղաքականության զոհերից մեկի հիշատակելով Հրանտ Դինքին, հայկական ծագմամբ ականավոր թուրք լրագրողին, ով ցինիկաբար սպանվեց Ստամբուլում, 2007թվականին:

«Դինքը բարձրացնում էր հայերի ցեղասպանությանն առնչվող հարցեր, նա հայկական և թուրքական հասարակությունների հաշտեցման կողմնակից էր, պայքարում էր, մարդկային արժանապատվության և ազատությունների համար` իր երկրում` Թուրքիայում»,- նշել է Նաղդալյանը:

ԱԺ փոխնախագահը իր ելույթում մտահոգություն է հայտնել և եվրոպացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել Մայիսի 20-ին թուրքական խորհրդարանի կողմից ընդունված մի օրինագծի առնչությամբ, որը թույլատրում է օրենսդիրների դեմ քրեական հետապնդումը:

«Նոր օրենքը թիրախավորված է ընդդիմադիր օրենսդիրների դեմ: Ընդդիմությունը ներկայացնող մեր խորհրդարանական գործընկերները Թուրքիայում իրական վտանգի տակ են: Կցանկանայի հիշեցնել, որ 1915 թվականի առաջին զոհերը եղել են Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորները, այսինքն՝ հարյուրամյակ է անցել, բայց ինչ մեթոդներով որ 101 տարի առաջ են լուծել հայերի հարցը, այդպես էլ այսօր քրդերի հարցն են լուծում: Եկեք կանխե՛նք պատմության կրկնությունը», - բարձրաձայնել է տիկին Նաղդալյանը:

Իր երախտագիտությունը հայտնելով գերմանացի պատգամավորներին` Բունդեսթագի կողմից ընդունված վերջին որոշման առիթով, Հերմինե Նաղդալյանն արձանագրել է, որ այդ որոշումն առաջացրել է թուրքական իշխանությունների վրդովմունքը: Տիկին Նաղդալյանը փաստել է, որ Գերմանացի օրենսդիրները ականատեսը եղան աննախադեպ ատելության կոչերի և ահաբեկման դրսևորումների: Բանաձևի նախաձեռնողները մահվան անանուն սպառնալիքներ ստացան, նրանցից ոմանք ոստիկանության պաշտպանության տակ անցան: Նախագահ Էրդողանը արյան անալիզ պահանջեց թուրքական ծագմամբ գերմանացի օրենսդիրներից, մինչդեռ` «ինչպես նշեց Բունդեսթագի նախագահը` «…մարդկանց արյամբ տարորոշելու դարաշրջանն ավարտվել է դեռևս 1945-ին»: Ցավոք, ոչ Թուրքիայում, պարոն Լամերթ»,- եզրափակել է Հ. Նաղդալյանը:

Իր ելույթում Հերմինե Նադալյանը անդրադարձել է նաև մշակութային ժառանգության պահպանման խնդրին.

«Ժամանակակից Թուրքիայում պատմականորեն գոյություն ունեն հազարավոր հայկական մշակութային և հոգևոր հուշարձաններ, որոնք շարունակաբար և միտումնավոր ոչնչացվել են: Սա թուրքական կառավարության նախապես ծրագրված` հայկական մշակույթի նյութական վկայությունները վերացնելու քաղաքականությունն է»,- ասել է տիկին Նաղդալյանը` հավելելով, որ 1915թ-ի ցեղասպանությունը ներկայումս շարունակվում է` հայկական ժառանգության դեմ մշակութային ցեղասպանության տեսքով:

«Ժամանակակից Թուրքիան վերածվում է Օսմանյան ժամանակաշրջանի Թուրքիայի, կայսրությունում գործող արժեքների անմիջական ժառանգորդի»,- իր խոսքում ընդգծել է Հ. Նաղդալյանը` եվրոպացի խորհրդարանականներին կոչ անելով որպես առաջին քայլ, առաջին հերթին ի շահ Թուրքիայի, մոնիտորինգի գործընթաց սկսել այդ երկրում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/9158