Մամուլ. Ինչպե՞ս Մոսկվան "դաբրո" տվեց Արմեն Գրիգորյանի նշանակմանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանի նշանակման առաջին օրվանից լուրեր էին շրջանառվում, որ սորոսական շրջանակների հետ առնչություն ունեցող այս անձին Ռուսաստանում չեն ընդունում եւ նրա հետ չեն աշխատում։ Սակայն նա ոչ միայն 3 տարի պահպանեց իր պաշտոնը, այլեւ պաշտոնի բարձրացում ստացավ՝ արտգործնախարարի առաջին տեղակալ նշանակվելով։ Հիմա նա նստում է նախարարի կաբինետում եւ սպասում է հրամանին, իսկ վերջին օրերին ԱԳՆ հաղորդագրություններում ոչ թե «ԱԳ նախարարի առաջին տեղակալ» են գրում, այլ «նախարարի պարտականությունները կատարող»։  Հետաքրքրվեցինք, թե ինչպես հաղթահարվեց Ռուսաստանի դիմադրությունը, ասացին, որ «տեղեկացրել են, որ նման մտադրություն ունեն, ՌԴ-ից ասել են՝ ձեր գործն է»։ Դա մերոնք որպես թույլտվություն են ընկալել»:


«Իրավունք» թերթը գրում է. «Ի պաշտոնե օրեր անց արդեն ԱԺ ութերորդ գումարման «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ հաշվի առնելով հետընտրական շրջանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախին առնչվող բազմաթիվ նոր խնդիրները եւ մարտահրավերները` անվտանգայինից մինչեւ սոցիալական, մշակութայինից մինչեւ տնտեսական, ճիշտ է համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով: ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստում եւս կարեւորվել է այս հանձնաժողովի ստեղծման եւ լիարժեք աշխատանքի հարցը: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` «Պատիվ ունեմ» դաշինքն այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածու է դիտարկում իրենց խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանին, ով եղել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականը: Այս հարցում առարկություններ չունեն նաեւ «Հայաստան» դաշինքում եւ հանձնաժողովի ձեւավորվելու դեպքում պատրաստ են սատարել նրա թեկնածությանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «7-րդ գումարման խորհրդարանն այսօր իր վերջին նիստը կգումարի` արտահերթ։ Թե ինչ հարցեր են օրակարգում, երեկ իմքայլականները գաղտնի էին պահում։ Երեկոյան նախագծերը տեղադրվեցին ԱԺ կայքում, եւ, ինչպես գրել էինք, իշխանությունը որոշել է վերջին շնչում «Իմ քայլից» քամել այն, ինչ կարող է, եւ հերթական աղմկահարույց նախագիծը սղղացնել։ Առաջարկում են քրեականացնել անձին հրապարակավ վիրավորելու եւ զրպարտելու արարքները, սակայն իշխանության «փորացավը» ոչ թե շարքային մահկանացուներն են, այլ՝ պաշտոնյաները։ «Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 500-ապատիկի չափով», եթե դա կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, «կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 1000-ապատիկի չափով»: Եթե դա պարբերական բնույթ է կրում, «պատժվում է տուգանքով` 1000-ապատիկից 3000-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով»: Իսկ «հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը»: Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24-ին կրկին հանդիպել էր արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ։ Սակայն անգամ լուսանցքում գտնվող եւ Փաշինյանի հանդեպ լոյալ ուժերը սիրահոժար չեն մասնակցում այդ հանդիպումներին։ Այս հանդիպմանը, օրինակ, բացակայում էին ԱԴ ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, ԼՀԿ-ից Էդմոն Մարուքյանը, «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի անդամ կուսակցություններից «Հանուն հանրապետության» ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը։ Թեեւ նախկին «ռոմանտիկ» դաշինքի մյուս անդամը՝ Լեւոն Շիրինյանը, ներկա էր։ «Հանուն հանրապետության» կուսակցության անդամ Արտաշես Խալաթյանը հարցին, թե ինչու Բաբաջանյանը չէր մասնակցում, ասաց. «Մեր կուսակցությունը համարում է, որ այդ խորհրդակցական մարմինն արդյունավետ հարթակ չի կարող լինել՝ հաշվի առնելով այնտեղ քաղաքական ուժերի խայտաբղետությունը՝ ե՛ւ գաղափարական, ե՛ւ անձնական առումով, որոնց հետ մենք չունենք ընդհանուր ճանապարհ անցնելու։ Ինչո՞ւ, որովհետեւ այնտեղ կա մի կուսակցություն, որը դեմ է Հայաստանի ինքնիշխանությանը»։ Փորձեցինք ճշտել՝ ո՞ր կուսակցությունը նկատի ունի․ Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «9 ամիս է անցել, սակայն Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ չկա: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործը Զինվորական քննչական բաժնից որոշում են կայացվել տեղափոխել ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչություն, որտեղ 44-օրյա պատերազմի մասով առավել լայնածավալ քրեական գործեր են քննվում, եւ կցվել է դրանց: Ի դեպ, քրեական գործով բավականին կցկտուր ցուցմունքներ են տրված, որից ակնհայտ է այն, որ, ի վերջո, ՊԲ նախկին հրամանատարի տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրույն չէր կարող իմանալ։ Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը 2020 թվականի հոկտեմբերին մարտական դիրքում վիրավորվել էր եւ հոկտեմբերի 27-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ազատվել Արցախի պաշտպանության նախարար – Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Վերջինիս վիրավորումը շատերի համար մնաց առեղծված, թե ինչպես հակառակորդը իմացավ նրա տեղը եւ տեղաշարժը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հնարավոր չէ ողջ սահմանին խաղաղապահ առաքելություն իրականացնել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց ռուս ռազմագետ Ալեքսանդր Խրամչիխինը։ Իհարկե, նա տեսականորեն դա հնարավոր համարեց՝ խոսելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկի մասին։ «Հնարավոր է ողջ սահմանին նման առաքելություն իրականացնել: Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բայց… ՀԱՊԿ-ի համար բարդ ժամանակներ են։ Եթե ՌԴ-ն համաձայնի նման ծավալուն առաքելություն իրականացնել ՀՀ սահմաններին, ապա ՀԱՊԿ-ի մոնիտորինգային առաքելությունը կարծես ավելորդ է դառնում: Հիշեցնենք որ մայիսի 12-ից ադրբեջանական զորքերը Հայաստանի սուվերեն տարածքում են եւ չեն հեռանում, իսկ Փաշինյանի կողմից ռուս խաղաղապահների առաքելություն իրականացնելու առաջարկն այդպես էլ չի ընդունվել»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությունը դեռ չի շտապում կատարել ՀՀ վարչապետի ԺՊ հանձնարարականը եւ թվային տվյալներ չի հրապարակում այն մասին, թե քանի հայաստանցի է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, քանի օտարերկրացի: Մինչդեռ ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը դեռեւս հուլիսի 22-ի կառավարության նիստին հրահանգել էր առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին ամենօրյա վիճակագրության մեջ առանձնացնել կորոնավարակի դեմ պատվաստված հայաստանցիների եւ օտարերկրացիների թիվը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը Առողջապահության նախարարությունից խնդրեց թվային տվյալներ փոխանցել, թե քանի օտարերկրացի եւ քանի հայաստանցի է պատվաստվել COVID-19-ի դեմ: Մեր հարցին ի պատասխան՝ փոխանցեցին,որ երբ պատրաստ լինի, կհրապարակեն, այժմ ամփոփում են: Փաստորեն, մեկ շաբաթ Նանուշյանի համար բավարար չի եղել հաշվարկել, մինչդեռ նա կառավարության ղեկավարից ստացել է հրահանգ ու չի կատարում փաստացի: Բայց, սրան զուգահեռ, տեսակետ է շրջանառվում, որ մեր հայրենակիցները չեն վստահում եւ հրաժարվում են պատվաստվել: Սա է պատճառը, որ պատվաստված հայաստանցիների քանակը զգալի քիչ է, եւ զարմանալի չէ, քանի որ պատվաստվաստումների ցուցանիշները այս ընթացքում փորձում են բարձրացնել պետական աշխատողների հաշվին:


Նրանց պարգեւավճար, խրախուսանք չեն տալիս, եթե պատվաստված չեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարության աշխատակազմը՝ ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, ներքին հրահանգ է իջեցրել, ըստ որի՝ բոլոր պետական ծառայողները պետք է պատվաստվեն: Ավելին, սիրո հեղափոխության ներկայացուցիչները պետական ծառայողներին սպառնում են՝ ասելով, որ պատվաստվեն՝ կստանան պարգեւատրումը եւ հավելավճարը։ Պարտադրում են պատվաստվել եւ սեպտեմբերին «կանաչ անձնագրով» գալ աշխատանքի: Մեզ հայտնի դարձավ, որ պատվաստվածների ցուցակով անձամբ զբաղվում է Արայիկ Հարությունյանը: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է ամեն կերպ պատվաստումների ցուցանիշները բարձրացնել եւ այս նպատակին հասնելու համար պետական ծառայողների մի մասին սպառնում է պատվաստվել, հակառակ դեպքում կա՛մ կազատվեն աշխատանքից, կա՛մ էլ չեն ստանա իրենց վաստակած պարգեւատրումը: Եւ զարմանալի չէ, քանի որ վերջին օրերին լուսանկարներ են հրապարակվում այն մասին, թե ինչպես է այս կամ այն տեսչական մարմնի աշխատողը պատվաստվել: Օրինակ՝ նման լուսանկարներ հրապարակել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, բոլոր նախարարությունները, տեսչական մարմինները»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վստրեչի Ապերին՝ Արամ Վարդանյանին, նրա դստերը՝ Ելենա Վարդանյանին, որդուն՝ Կարեն Վարդանյանին, հրավիրել են դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով։ Azdarar.am-ում նրանք հրապարակային ծանուցվել են, որ ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, ուստի օգոստոսի 9-ին հրավիրվում են «դիրքորոշում հայտնելու»։ Սակայն հարցն այն է, որ ապօրինի ծագմամբ գույքի բռնագրավման գործընթացն ի սկզբանե նախաձեռնվել էր կոռուպցիոն հանցագործությունների համար եւ նախկին պաշտոնյաների դեպքում, ովքեր եկամուտների հայտարարագիր են ներկայացրել, եւ այնտեղ անհամապատասխանություններ են հայտնաբերվել։ Այսինքն՝ պետությունից աշխատավարձ ստացող պաշտոնյան, որն իր աշխատավարձը բազմիցս գերազանցող գույք ունի, պարտավոր է ներկայացնել այդ գույքի ծագման աղբյուրը։ Վստրեչի Ապերը երբեք պետական պաշտոն չի զբաղեցրել, եւ նրան կոռուպցիայի մեջ մեղադրելը նոնսենս է։ Սակայն օրենքում մի սողանցք են թողել՝ դատախազությունից ասացին, որ կան որոշ հանցագործություններ, որոնցով անցնող անձը, եթե ունի 50 միլիոնից ավելի գույք, նույնպես կարող է այս գործընթացի զոհը դառնալ։ Այսինքն՝ ում նկատմամբ ուզեն, կհարուցեն»:


«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` Ֆինանսների նախարարության աշխատակիցներից ոմանք, ովքեր հրաժարվել են պատվաստվել, զրկվել են հավելավճարներից: Նախարարությունում ասել են. «Կակոյ պրիվետ, տակոյ ատվետ»:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/91462