Կենտրոնացած լինելով ներքաղաքական զարգացումների վրա, հավուր պատշաճի ուշադրություն չդարձրեցինք մեծ յոթնյակի երկրների վերջին հանդիպման ժամանակ հայտարարված «B3W» (Build Back Better World) նախագծին։
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը անդրադարձել է «B3W» (Build Back Better World) նախագծին ու Հայաստանի համար դրա ընձեռած հնարավորություններին:
«Ամիսներ առաջ «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» մասնագետների հետ համատեղ հրապարակեցինք հոդված, որում կանխատեսում էինք ամերիկյան վարչակազմի գործուն հակազդեցության անխուսափելիությունը չինակական «Ճանապարհ և գոտի» նախագծի դեմ։
Շուրջ մեկ ամիս առաջ, Ջո Բայդենի նախաձեռնությամբ և մեծ յոթնյակի երկրների գործուն աջակցությամբ հայտարարվեց նոր նախագծի մեկնարկի մասին։ «B3W»-ն դառնալու է «Ճանապարհ և գոտի» նախագծի լրջագույն մրցակիցը։ Եթե Չինաստանն իր նախագծում ամենատարբեր հաշվարկներով նախատեսում է 4-8 տրիլիոն դոլարի ներդրում, իսկ ծրագիրը նախատեսում է ամբողջությամբ ավարտին հասցնել 2049թ., ապա յոթնյակի նախագծի արժեքն է 40 տրիլիոն իսկ ներդրումների ժամանակացույցն առավել փոքր ժամանակահատված է նախատեսում, ինչը «B3W» նախագծին տալիս է լուրջ մրցակցային առավելություն, հաշվի առնելով ժամանակի գործոնը։
Սա էլ իր հերթին նշանակում է ծանր և լարված մրցակցություն Միջին Ասիայի, Մերձավոր Արևելքի, Հարավային Կովկասի, Եվրոպայի և այլ տարածաշրջաններում ազդեցության տարածման համար։
Հայաստանի համար սա միաժամանակ հնարավորության և մարտահրավերի նոր շրջափուլ է։
Այստեղ անհրաժեշտ է պրագմատիկ և գրագետ դիվանագիտություն, ինչպես նաև գլոբալ գերտերությունների հակասությունների և ընդհանուր շահերի վրա խաղալու նուրբ մարտավարություն՝ մաքսիմալ օգտվելու և մինիմալ բացթողումներ ունենալու նպատակով։ Թե որքանով դա մեզ կհաջողվի, ցույց կտա ժամանակը», - գրել է իր ֆեյսբուքյան էջում Սարգսյանը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/91250