Բաքուն հրաժարվում է վերադարձնել գերիներին և տարածքային պահանջներ ներկայացնում ՀՀ-ին. ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջաններ, որոնք բռնագրավվել են ուժի կիրառման արդյունքում, էթնիկ զտման են ենթարկվել, իսկ բնակչությունը դարձել է ռազմական հանցագործությունների և զանգվածային վայրագությունների զոհ: Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո անցկացվող Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին:


Ինչպես հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, Գրիգորյանը, խոսելով կորոնավիրուսի համավարակի հետևանքով ծագած առողջապահական խնդիրների մասին, Կարևոր է համարել անհապաղ քայլեր ձեռնարկել համաշխարհային մակարդակում՝ հակամարտությունների գոտիներում բնակվող մարդկանց պատվաստանյութով ապահովելու համար` հավատարիմ մնալով «Չանտեսելով ոչ մեկին» մեր միասնական խոստման ոգուն։


«Կորոնավիրուսի համավարակը միակ մարտահրավերը չէր, որին մեր տարածաշրջանը պետք է բախվեր վերջին մեկ տարվա ընթացքում: Անտեսելով համավարակի ընթացքում համաշխարհային զինադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը և դրան հաջորդած՝ Անվտանգության խորհրդի 2532 բանաձևը անցյալ աշնանը Ադրբեջանը, Թուրքիայի և Սիրիայի ու Լիբիայի զինյալ ահաբեկիչների անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ, լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ հանգեցնելով հազարավոր զոհերի, տասնյակ հազարավոր վիրավորների, տեղահանվածների՝ պատճառելով նյութական կորուստներ և վնասելով ենթակառուցվածքները: Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջաններ, որոնք բռնագրավվել են ուժի կիրառման արդյունքում, էթնիկ զտման են ընթարկվել, իսկ բնակչությունը դարձել է ռազմական հանցագործությունների և զանգվածային վայրագությունների զոհ», - նշել է նա:


Արմեն Գրիգորյանի խոսքով, Ադրբեջանն ուժ գործադրեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճնշելու համար` խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, որը, ի թիվս այլոց, հստակ սահմանում է, որ բոլոր միջազգային վեճերը պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով:


«Հարձակման 44 օրվա ընթացքում ադրբեջանական բանակը թույլ է տվել միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ, այդ թվում` միջազգային մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքների, միտումնավոր և համակարգված թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես` դպրոցները, հիվանդանոցները, ծննդատները, կապի միջոցները, ինչպես նաև վանդալիզմի ենթարկել և ոչնչացնել հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը: Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է իր ոտնձգությունները հրաժարվելով վերադարձնել գերության մեջ գտնվող հայ ռազմագերիներին, տարածքային պահանջներ ներկայացնելով և փորձելով զավթել ՀՀ ինքնիշխան տարածքները և արգելափակել միջազգային մարդասիրական ջանքերի մուտքը Արցախ», - ասել է նա:


ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը խոսել է նաև այդ սադրանքներին միջազգային հանրության պատշաճ արձագանքի կարևորության մասին: «Մարդասիրական առաքելությունների, և հատկապես ՄԱԿ-ի՝ Լեռնային Ղարաբաղ մուտքը պետք է արագ և անվերապահ կերպով ապահովվի», - ասել է նա:


«Անհրաժեշտ են հավելյալ միջազգային ջանքեր` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը խթանելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական լուծման շուրջ քննարկումները շարունակելու համար», - ընդգծել է Արմեն Գրիգորյանը:


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/91107