Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ:
Ըստ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, այցի ընթացքում նախատեսվում է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ Նախագահի առանձնազրույց և եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև:
Հատկանշական է, որ հանդիպման մասին ազդարարումից առաջ եւ հետո հակամարտող կողմերն այն մեկնաբանում ու դիտարկում են տրամագծորեն տարբեր հռետորաբանությամբ:
Պաշտոնական Բաքուն այն մեկնաբանում է որպես հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ քննարկումների արագացման օրինակ, որին հնարավոր եղավ հասնել ապրիլյան էսկալացիայից հետո:
Հայկական կողմի համար սա առիթ է՝ քննարկել, թե որքանով են կատարվել կամ կատարվում Վիեննայում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման, Կասպրշիկի գրասենյակի կարողությունների հզորացման ու 1994-1995 թթ. պայմանագրերին հավատարիմ մնալու մասին ձեռք բերված պայմանավորվածությունները:
Այնուամենայնիվ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով մյուս միջնորդների հետ մասնակցելու է նախագահների հանդիպմանը, հույս հայտնել էր, որ մայիսի 16-ի Վիեննայի հանդիպման արդյունքները շարունակություն կունենան այդ հանդիպմանը:
«Ես անհամբերությամբ սպասում եմ այդ հանդիպմանը: Մենք հույս ունենք, որ կողմերը արդյունքներ կգրանցեն ԵԱՀԿ-ի միջադեպերի հետաքննության մեխանիզմների տեղադրման հետ կապված և կվերականգնեն բանակցությունները համապարփակ խաղաղ կարգավորման շուրջ»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ-ից հայտնել էին, որ կազմակերպությունը հանդիպման նախապատրաստման աշխատանքներին չի մասնակցում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/9069