Էրդողանական վարչախմբի սադրանքը՝ ուղղված հականատօյական Ռուսաստանին և Իրանին. Ոսկանյան

Էրդողանի՝ Շուշի այցը դեռ չսկսած, արդեն իսկ թուրքական կողմից թվիթերյան սադրիչ գրառում է կատարվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արևելագետ Վարդան Ոսկանյանը՝ շարունակելով.

«Էրդողանական վարչախմբի արտաքին քաղաքականության գաղափարախոսներից նախագահի խորհրդականի և խոսնակի պաշտոնը զբաղեցնող Իբրահիմ Քալինը Շուշի այցը անուղղակիորեն կապել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հետ՝ մատնանշելով, որ հենց այդ միջոցառումից հետո են մեկնում «Ադրբեջանի պատմական և մշակութային մայրաքաղաք Շուշի»։ Պարզ է, որ նման սադրանքն ուղղված է առաջին հերթին հականատօյական քաղաքականություն վարող Ռուսաստանին և Իրանին։

Զուգահեռաբար, ուշագրավ է, որ Բաքվի բռնապետի ռուսալեզու ամենատխրահռչակ քարոզչամիջոցներից մեկը Քալինի գրառումը թուրքերենից թարգմանել է հնարավորին մեղմ տարբերակով՝ դուրս թողնելով մի քանի հանդուգն ձևակերպումներ։

Մասնավորապես, էրդողանական վարչախմբի բարձրաստիճան պաշտոնյան թուրքերենով բառացիորեն գրել է, որ «Կովկասի պատմությունը վերաշարադրվում է հավատով, համառությամբ և խիզախումով», մինչդեռ դա մեղմացված թարգմանվել է՝ «Կովկասի պատմության մեջ գրվում է նոր էջ»։

Մյուս կողմից թարգմանության մեջ բաց է թողնվել մի հատված, որը, մեղմ ասած, դուրեկան չէր կարող լինել հենց Բաքվի բռնապետի համար, քանի որ Էրդողանի այցը դրանում գնահատվում է «Ղարաբաղյան հաղթանակը պսակող»»։


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/89089