Մամուլ. Փաշինյանի սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանն անորոշության մեջ է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի սրտի օլիգարխ, 2018-ից հետո առաջինը դավանափոխ եղած գործարար Սամվել Ալեքսանյանի թիմն անորոշության մեջ է։ Նրանք չգիտեն, թե ում համար պետք է աշխատեն, որ ուժի համար «տոկոսներ խփեն»։ Մինչ այս պահը նրանց հրահանգ չի իջեցվել, ինչպես 2018-ի խորհրդարանական ընտրություններին էր, երբ հավաքում էր տղերքին, ժողով անում ու ցուցումներ տալիս, թե ով ինչ պետք է անի։ Եվ ներքին օղակների աշխատողները նաեւ այդ փուլում փող աշխատելու հնարավորություն էին ստանում։ Թիմակիցները չեն բացառում, որ Ալեքսանյանն իրեն բնորոշ հոտառությամբ հասկացել է, որ իշխանական նավը խորտակվում է, «ստրախովկա» է պահում։ Նա էլ, ինչպես շատերը, կասկածներ ունի, որ Փաշինյանի իշխանությունը չի վերարտադրվի, եւ որոշել է աշխատել խիստ զգուշավոր, բացառապես ամենավստահելիների միջոցով եւ չվտանգել իր կարողությունը»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ավշարի Գրիգորյան եղբայրների «տունը կռիվ է ընկել», հունիսի 20-ի ընտրությունները նրանց դարձրել են «Սարոյան եղբայրներ»։ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, ով այն քիչ օլիգարխներից է, որ հեղափոխությունից հետո մնաց Սերժ Սարգսյանի կողքին, «Հայրենիք»-ՀՀԿ-ի «Պատիվ ունեմ» դաշինքի համար է աշխատում։ Մինչդեռ նրա եղբայրը՝ Ավշարի գյուղապետ Սուրիկ Գրիգորյանը, մոլի քոչարյանական է եւ իր ղեկավարած համայնքի փողոցներն ու տները քոչարյանական պաստառներով է պատել։ Անգամ պետական կառույցների վրա է փակցրել։ Մեր լրագրողն այն նկատել է անգամ ջրօգտագործողների միության շենքի ճակատին։ Ի դեպ, Գրիգորյանների մյուս եղբայրը՝ նախկին գյուղնախարար Արամայիս Գրիգորյանն էլ ՀՅԴ-ի հետ սերտ կապեր ունի, բայց առավել չեզոք է պահում իրեն այս փուլում»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հունիսի 1-ի հրամանագրով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետի առաջարկով, նրա նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանին նշանակեց Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։ Դիվանագիտական կորպուսը, ծանոթանալով հրամանագրի տեքստին, խիստ զարմացել է, քանի որ հատուկ շեշտված է․ «Նշանակել Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կիեւ)»: Երբեք ՀՀ բարձրագույն դիվանագիտական պաշտոնների՝ դեսպանների ու դեսպանորդների նշանակման հրամանագրերում չի նշվել ժամկետը։ Անգամ այս տարվա հրամանագրերում՝ հունվարի 27-ին Արմելլա Շաքարյանին՝ Մեքսիկայում, փետրվարի 16-ին Հրանտ Պողոսյանին՝ Ճապոնիայում եւ Կորեայում, մարտի 18-ին Արմեն Մարտիրոսյանին Լիտվայում դեսպան նշանակելու հրամանագրերում եւ ոչ մեկի դեպքում ժամկետ նշված չի եղել։ Մեզ հետ զրույցում Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը նշեց, որ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը նախատեսում է «2 տարի+1» աշխատած դիվանագետների ռոտացիա, սակայն հրամանագրերում ժամկետներ երբեք չեն նշվել, որովհետեւ դեպքեր են եղել, երբ դեսպանն աշխատել է ընդամենը ամիսներ, իսկ երբեմն՝ 10 եւ ավելի տարի։ Սա, ըստ նրա, քաղաքական նշանակում է եւ «հերթական ինքնակամ մոտեցումը»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ մեկնելուց առաջ երեք մարզերում փոխմարզպետներ նշանակեց՝ Արագածոտն, Գեղարքունիք եւ Վայոց Ձոր։ Նախընտրական փուլում նոր պաշտոնյաներն անելիք ունեն։ Ուշագրավ է, որ Վայոց Ձորի մարզպետի տեղակալ է նշանակել նախկին սկանդալային մարզպետ Տրդատ Սարգսյանի եղբորը՝ Դավիթ Սարգսյանին։ Հիշեցնենք, որ Տրդատ Սարգսյանը պաշտոնից ազատվել էր 2019-ի հոկտեմբերի 19-ին, Եղեգնաձոր քաղաքում ԶՈՒ 2 սպայի ծեծի աղմկոտ միջադեպից հետո, երբ փոխգնդապետն ընկավ երկարատեւ կոմայի մեջ, իսկ ինքը համառորեն հերքում էր զինվորական ընկերների ցուցմունքները, որ մարզպետն անձամբ է ներկա գտնվել ծեծին»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԵԿՄ Գորիսի գրասենյակը դարձել է «Քաղպայմանագրի» նստավայրը։ Երեկ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը Ռոբերտ Քոչարյանի ելույթին հետեւում էր հենց այդ գրասենյակի պատշգամբից, որը Սուրիկ Խաչատրյանի նախկին աշխատասենյակն է եղել, հետագայում զբաղեցրել է այսօրվա մարզպետ, նախկինում ԵԿՄ Սյունիքի կառույցի ղեկավար Մելիքսեթ Պողոսյանը։ Երեկ Նիկոլ Փաշինյանի հրահանգով Սյունիքում նաեւ գործի է դրվել վարչական ողջ ռեսուրսը՝ մարզպետարանից պետական բոլոր հիմնարկներին, այդ թվում՝ բժշկական հիմնարկների, դպրոցների տնօրեններին սպառնացել են, որ իրենց աշխատողները դուրս չգան հրապարակ, չգնան Քոչարյանի հետ հանդիպման, այլապես «քաղաքական վենդետա» է լինելու»:


«Իրավունք» օրաթերթը գրում է. «Որքան մոտենում է քարոզարշավի ավարտը, այն­քան ավելի լարվում է մթնոլորտը Փաշինյա­նի «Քաղաքացիական պայմանագիր» կու­սակցությունում: Այն, որ երեկ Նիկոլ Փաշինյանն ուղիղ հայտարարեց, որ պատ­րաստ է ինքնասպանության, ՔՊ-ականները համարում են, որ բոլորովին էլ նիկոլական հումորի ժանրից չէ, խոսքը քա­ղաքական «ինքնասպանության» մասին է: Իսկ նման զարգացումն ամենևին էլ ձեռնտու չէ ՔՊ կուսակցության կարկա­ռուն ներկայացուցիչներին, որոնք գի­տակցում են, որ Փաշինյանի քաղաքա­կանությունից դուրս մնալուց հետո իրենց, մեղմ ասած, դառը օրեր են սպաս­վում, եթե չհասցնեն ճողոպրել երկրից: Այսպիսով՝ «Իրավունքին» հասած տեղե­կությունների համաձայն, ՔՊ-ականները քարոզարշավին ջանք ու եռանդ չեն խնայում թե՛ Նիկոլ Փաշինյանի աչքին լավը երևալու համար, թե՛ նրա վար­կանիշի հետ կապված անուրջներ ձևավորելու հարցում: Ավելին՝ ըստ նույն լուրերի, վերջիններս մարզային այցերի ընթաց­քում սցենարային հրահանգներ են տա­լիս իրենց մերձավորներին, որպեսզի հա­մապատասխան շոուներ իրականացնեն՝ գառ մորթեն, ծաղիկներ նվիրեն, իսկ առավել ճարպիկների վրա դրված է տե­ղում իմպրովիզներ անելը՝ տպավորու­թյուն ստեղծելով, թե տեսեք Փաշինյանը բոլորի համար ընդունելի է: Իսկ իրակա­նում այս ամենը նմանվում է «կարապի երգի», ինչը լավագույնս գիտակցում են ՔՊ-ում, բայց դեռ փորձում կառչել փրփուրներից»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգում գործընթաց է սկսվել: Հատկապես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ վենդետայի մասին հայտարարությունից հետո նրանք լայն թափով գործի են անցել: Բանն այն է, որ երեկ Թալինում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հերթական ուշագրավ հայտարարությամբ՝ հերքելով ընդամենը մայիսի 28-ին ասված մեկ այլ հայտարարություն: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ընտրություններից հետո լինելու են վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, որոնք ժողովրդին փորձում են ենթարկել հարկադրանքի: «Կարճ ասած՝ էդ համայնքների ղեկավարները ռադ են լինելու», – ասաց նա: Փաշինյանը զգուշացրեց՝ ամենադաժան քաղաքական վենդետա է լինելու: «Հանկարծ չփորձեք թպրտալ, կտեսնենք կադրային ջարդուփշուր, վզներից բռնած՝ դուրս եմ շպրտելու, պատրաստվեք քաղաքացիական վրեժի», – ասաց նա: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչներին հրահանգ է տրվել, որ իրավապահներն ավարտեն իրենց վարույթում գտնվող գործերը, բեռնաթափվեն, որպեսզի պատրաստ լինեն զբաղվել վենդետաներով ընտրություններից հետո:  Սակայն այստեղ էլ ուշագրավն այն է, որ չնայած այս հրահանգին՝ դատավորներից շատերը գտնվում են արձակուրդում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանն այս օրերին մատնված է անտերության, իսկ գործող իշխանությունն ինչ-որ քայլ անելու փոխարեն զբաղված է նախընտրական քարոզչությամբ։ Բանն այն է, որ երեկ կրկին Գեղարքունիքի մարզի հատվածից ունեցել ենք մեկ նոր գերի, այսինքն՝ մայիսի 12-ից մինչև օրս Ադրբեջանի կողմից հենց ՀՀ տարածքից գերեվարված զինծառայողների թիվը 7-ն է։ Իսկ ի՞նչ ունենք արդյունքում. վարչապետի պաշտոնակատարը, բոլոր մարզպետները գտնվում են արձակուրդում և չեն զբաղվում որևէ այլ հարցով, իսկ Արտաքին գործերի նախարարություն, փաստորեն, առհասարակ չունենք, նախարարն ու բոլոր տեղակալները հրաժարվել են պաշտոններից, նոր նախարար այդպես էլ չի նշանակվում, այսինքն՝ այդ կառույցը ևս անտերության է մատնված։ ՀՀ տարածք մտած թշնամու գոյության մասին բոլորը լրիվ մոռացել են, և եթե չլիներ, օրինակ, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ոչ ոք չի հիշում թշնամու մասին։ Եվ այս իրավիճակում պարզապես սարսափելի է անգամ պատկերացնել, թե ինչ է սպասվում մինչև հունիսի քսանը կամ դրանից հետո, եթե առաջին փուլով հանկարծ ընտրությունները չավարտվեն, և կրկին մեկ ամիս այսպիսի վիճակ լինի»:


«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերից ամենահարուստն է: «Հայկական ժամանակ»-ն ուսումնասիրել է նրա՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը: Գագիկ Ծառուկյանը հայտարարագրել է համատեղ սեփականության իրավունքով 25 անշարժ գույք, որոնցից 1-ը Երեւանում գտնվող բնակարան է, 24-ը Կոտայքի մարզում է գտնվում՝ 14 հողամաս, 5 առանձնատուն, 2 հասարակական նշանակության շինություն, 2 հողին ամրակայված այլ անշարժ գույք եւ 1 դեռեւս պետական գրանցում չստացած շինություն: Որպես շարժական գույք Ծառուկյանը հայտարարագրել է համատեղ սեփականության իրավունքով 17 ավտոմեքենա՝ 2 հատ «Toyota Land Cruiser 4.0», 2 հատ «Nissan Patrol Safari 4.8», «Toyota Land Cruiser 4.5 TD», «Toyota, Land Cruiser Prado V6 4.0», «BMW X5 4.4», «BMW X5 M 4.4», «BMW X6 Xdrive 35i 3.0», «Jeep Wrangler 4.0», «Toyota Tundra 5.7», «Rolls-Royce Coupe Phantom 6.7», «Range Rover Sport 4.4», «Mercedes Benz G63 AMG», «Rolls-Royce Silver Spure 6.7», «Bentlet Bentayga» եւ «Rolls-Royce Culinan 6.7» մակնիշների: ԲՀԿ առաջնորդը հայտարարագրել է նաեւ մեծ թվով թանկարժեք գույքեր. 10 հատ նախասրահի կահույք ընդհանուր 1 մլն 711 հազար եվրո արժողությամբ, 15 հատ ննջարանի կահույք՝ ընդհանուր 1 մլն 997 հազար 130 եվրո արժողությամբ, ճաշասենյակի կահույք՝ 42 հազար 800 եվրո, փայտյա կահույք 118 հազար 485 եվրո, 2 հատ մեծ ճաշասենյակի կահույք ընդհանուր՝ 595 հազար եվրո արժողությամբ, միջին ճաշասենյակի կահույք՝ 150 հազար եվրո, խոհանոցի կահույք 110 հազար եվրո, ջահեր 20 հատ՝ 1 մլն 587 հազար 300 եվրո, վարագույր 251 հազար 799 եվրո, 3 հատ ոսկե ժամացույց՝ ընդհանուր 500 հազար դոլար արժեքով, ոսկե շղթա՝ 100 հազար դոլար, ադամանդե քարերով ձեռքի ժամացույց՝ 300 հազար դոլար, 2 հատ ոսկե շղթայով եւ ադամանդե քարերով ձեռքի ժամացույց ընդհանուր 1 մլն դոլար արժեքով, 3 հատ ոսկե մատանի ադամանդե քարերով ընդհանուր 4 մլն 700 հազար դոլար արժեքով: Վերջին 1 տարում Ծառուկյանը 10 աղբյուրից եկամուտ է ունեցել. մասնավորապես՝ 7 մլն 594 հազար 150 դրամ աշխատավարձ՝ Ազգային ժողովից, 340 մլն 740 հազար 110 դրամ շահաբաժին «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ-ից, 477 մլն 775 հազար դրամ փոխառության վերադարձ «Մուլտի Ուլենես» ՍՊԸ-ից, 7 մլն դրամ վարձավճար «Գլոբալ Մոթորս» ՓԲԸ-ից, 14 մլն դրամ վարձավճար «Մուլտի Մոթորս» ՓԲԸ-ից, 561 հազար 640 եվրո «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ-ից ստացված փոխառություններից, ինչպես նաեւ տոկոսներ՝ «Արդշինբանկ»-ից 20 հազար 146 դոլար ու «Կոնվերսբանկ»-ից 3 արժույթով՝ 9 մլն 249 հազար 305 դրամ, 12 հազար 979 դոլար եւ 198 եվրո: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ունեցել է 877 մլն 300 հազար դրամ, 52 մլն 850 հազար դոլար եւ 5 մլն 1400 եվրո»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բոլորս շատ լավ պատկերացնում էինք, որ նախընտրական փուլում քարոզարշավի ու հանրահավաքների «հոտից» խենթացած Նիկոլ Փաշինյանն իր տարերքի մեջ է ընկնելու, սկսելու է գոռալ-ծեփել-հայհոյել և ամբոխին հասու լեքսիկոնով ու ժեստիկուլյացիայով ներազդել նրա զգայարանների վրա։ Խոսքով լրացնել գործի բացակայությունը և թիրախներին խփելով՝ կոծկել իր սխալներն ու անկարողությունը։ Հասկանում էինք, որ սպառնալիքների, հայհոյանքի, գռեհկաբանության հարցերում ոչ ոք չի կարող մրցել նրա հետ, և մեր հասարակության մեջ քիչ չեն այն գռեհիկներն ու անկիրթները, վրեժով լցված ու չկայացած մարդիկ, որոնք էյֆորիայի մեջ կընկնեն նրա խոսքից և դեպի օձի երախը կամովին գնացող նապաստակների նման՝ նրան կընտրեն։ Բայց նաև փոքրիկ հույս ունեինք, որ այս 3 տարին, պատերազմը, մեր կորուստները, հանրության գրագետ հատվածի քննադատություններն ինչ-որ դեր խաղացած կլինեին։ Վարչապետի պաշտոնում նա ինչ-որ բան սովորած կլիներ։ Գիտակցած կլիներ, որ հասարակությանը պառակտելով, չարություն ու մաղձ թափելով, ատելություն ու ագրեսիա տարածելով ենք եկել-հասել 2021-ի այս տխուր հանգրվանին։ Եվ երբ հարցնում է՝ կարո՞ղ է Աստված երես է թեքել մեզնից, մի պահ կանգ կառնի ու կհարցնի՝ իսկ ինչո՞ւ է Աստված երես թեքել մեզնից։ Գուցե այն պատճառով, որ նման ղեկավար ընտրող ազգն իրավունք չունի՞ լավ ապրելու։ Գուցե այն պատճառով, որ թշնամանքը թշվառություն է ծնում, ագրեսիան՝ զոհեր, հայհոյանքը՝ չարություն, իսկ պառակտված հասարակությունը չի՞ կարող զարգանալ, ուժեղ լինել, կառուցել ու արարել։ Գուցե ա՞յն պատճառով է Աստված պատժում, որ մենք մեր ունեցածը չենք գնահատում, և այդքան երիտասարդների մահն անգամ չբարիացրեց մեզ և մեր երկրի ղեկին գտնվող անձին էլ մի պուտ իմաստնություն չբերեց»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում մահացածների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարվա 4 ամիսներին մեր հանրապետությունում մահացել է 9 հազար 445 մարդ, իսկ 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 11 հազար 704 մարդ: Հայաստանում ամենից շատ մահանում են սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդություններից: Ավելին, մեր հանրապետությունում ավելի շատ մահանում են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեր հանրապետությունում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից նախորդ տարվա 4 ամիսներին մահացել է 5 հազար 280 մարդ, իսկ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին՝ 5 հազար 821: Մահվան ամենատարածված պատճառներից հաջորդը նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Իսկ Հայաստանում նորագոյացություններից անցած տարվա հունվար-ապրիլ ամիսներին մահացել է 1828 մարդ, իսկ այս տարվա 4 ամիսներին՝ 1746: Ճիշտ է, այս ցուցանիշը 82-ով պակասել է մեկ տարվա ընթացքում, բայց միեւնույնն է, այս հիվանդությունը շարունակում է մահվան պատճառների առաջատարը մնալ: Մասնագետների խոսքերով՝ նորագոյացություններից եւ սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից մահացածությունը ավանդաբար կազմել է մահերի մոտավորապես 70 տոկոսը»:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/88729