Համագործակցության հուշագիր է կնքվել ԿԳՄՍ նախարարության և «Այբ» հիմնադրամի միջև

Համագործակցության հուշագիր է կնքվել ԿԳՄՍ նախարարության և «Այբ» հիմնադրամի միջև:


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ ճշգրիտ և բնական գիտությունների առարկաների արտասահմանյան չորս դասագրքերի հայերեն թարգմանված էլեկտրոնային տարբերակները կտրամադրվեն նախարարությանը:


Հուշագրով կարևորվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում որակյալ կրթության հասանելիությունը` շեշտը դնելով կրթական ոլորտում փոխշահավետ և հանրօգուտ համագործակցության վրա։


Հուշագիրը հիմքեր է ստեղծում ՀՀ-ում ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտի զարգացման և սովորողների ու ուսուցիչների համար այդ ուղղությամբ որակյալ ու արդիական հայալեզու ռեսուրսների հասանելիության համար։ Համագործակցության նպատակն է բարձրացնել կրթության որակը, բարելավել ՀՀ-ում սովորողների պատրաստվածությունն ու զինել ուսուցիչներին որակյալ կրթական ռեսուրսներով։


Կողմերը պատրաստակամ են օժանդակել դասագրքերում շարադրված մեթոդաբանության և առարկայական բովանդակության կիրառությունը ՀՀ հանրակրթական դպրոցներում ապահովելու հարցում։ Նախարարությունը հանձն է առել օգտագործել «Այբ»-ի կողմից թարգմանված դասագրքերը՝ պահպանելով ինչպես «Այբ» կրթական հիմնադրամի, այնպես էլ մայր հրատարակչությունների հեղինակային իրավունքները։ «Այբ» կրթական հիմնադրամը դասագրքերը նախարարությանը կտրամադրի անվճար հիմունքներով:


ԿԳՄՍ նախարարությունը բոլոր գործընկերների հետ բաց է համագործակցության համար՝ մշակված լավագույն կրթական բովանդակությունը Երևանի և ՀՀ մարզերի սովորողներին հասանելի դարձնելու նպատակով։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/88157