Մհեր Գրիգորյանը ընդունել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարին

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը ընդունել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:


Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը՝ մասնավորապես անդրադառնալով ենթակառուցվածքների ոլորտում հնարավոր համագործակցության ընդլայնմանը:


ԻԻՀ նախարարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է փոխվարչապետի պաշտոնակատարին Հայաստան այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների արդյունքները և նշել, որ Իրանը մշտապես պատրաստ է աջակից լինելու Հայաստանին:


Զրուցակիցները քննարկել են առևտրաշրջանառության ընդլայման համար առկա նախադրյալները, այդ թվում՝ խոսել ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության համար առկա մեծ ներուժի մասին:


Կողմերը քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացմանը, ազատ տնտեսական գոտիների գործարկմանը և ճանապարհաշինության ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս շրջանակներում փոխվարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը ենթակառուցվածքների զարգացման ոլորտում առկա առաջնայնություններից է:


Հանդիպման ընթացքում փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, խոսելով տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման շուրջ տեղի ունեցող աշխատանքների մասին, կրկին անգամ ընդգծել է, որ «միջանցքային» տրամաբանությամբ հարցեր Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել և չի քննարկելու:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87698