Բելառուսի պաշտպանության նախարարն այցելել է Ադրբեջան

Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Բաքու, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:


Ինչպես հայտնում է Սպուտնիկ գործակալության բելառուսական ծառայությունը, Բելառուս զինվորականների ներկայացուցչական պատվիրակությունն Ադրբեջան է ժամանել պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրավերով: Երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունն ակտիվ զարգանում է վերջին տասնամյակների ընթացքում։


«Ներկայում այդ ոլորտում փոխգործակցությունը կարող է նոր բարձունքի հասնել, շնորհիվ այն բանի, որ Ադրբեջանում Բելառուսի դեսպան է դարձել Անդրեյ Ռավկովը, որն այնքան վաղուց գլխավորում էր բելառուսական պաշտպանական գերատեսչությունը», - գրում է Սպուտնիկը:


Համաձայն բաց աղբյուրների՝ 2002-2012թթ. ընկած ժամանակահատվածում Մինսկն ադրբեջանցի զինվորականներին մատակարարել է Տ-72 տանկ, 120 քարշակվող 122 միլիմետր Դ-30 հրետանային համակարգեր, 203 միլիմետր տրամաչափի 2Ս7 «Պիոն» ինքնագնաց հրետանային համակարգեր, 60 անվավոր զրահամեքենաներ՝ ԲՏՌ-70 եւ 11 Սու-25 գրոհային:


Բելառուսական ռազմարդյունաբերական ձեռնարկությունները արդիականացրել են Ադրբեջանի սպառազինության մեջ գտնվող Ս-125M "Պեչորա" եւ 9K33M3 "Օսա-AKM" զենիթահրթիռային համակարգերը, որոնք մշակվել են դեռեւս խորհրդային տարիներին: Հատուկ ադրբեջանական բանակի համար կատարելագործվել է նաև «Բուկ-ՄԲ» ԶՀՀ-ն։


Երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության ամենահայտնի օրինակը «Պոլոնեզ» համազարկային հրթիռային համակարգերի մատակարարումն է, որոնք բելառուսական պաշտպանական համակարգի հպարտությունն են:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87294