Հայաստանն ակնկալում է բարեկամ Իրանի աջակցությունը Սյունիքի հարցում. դեսպան

Մայիսի 16-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիին: Այդ մասին հայտնում են Իրանում Հայաստանի դեսպանությունից:


Դեսպան Թումանյանը տեղեկություններ փոխանցեց ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ տարածք ներխուժման հետևանքով ստեղծված վիճակի մասին՝ նշելով, որ Հայաստանն ակնկալում է բարեկամ Իրանի աջակցությունը վերջ դնելու ՀՀ տարածքային ամբողջականությանը և տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողություններին:


Վերահաստատելով երկրների տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը՝ կողմերը քննարկեցին «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի» ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքները:


Նախարար Էսլամին հայտնեց ԻԻՀ ղեկավարության պատրաստակամությունը վերը նշված կարևորագույն տրանսպորտային միջանցքի գործարկման հարցում, որն ըստ նախարարի, միտված է ոչ միայն տնտեսական զարգացմանը, այլև տարածաշրջանային անվտանգության ապահովմանը:


Դեսպան Թումանյանն ընդգծեց հյուսիս-հարավ տրանսպորտային առանցքի ամրապնդման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դա բխում է ծրագրում ներգրավված բոլոր երկրների շահերից և տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված նկրտումները սանձող լավագույն հակազդեցության միջոց է:



 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87203