ՀՀ զինված ուժերը զորավարժություն են անցկացրել Ադրբեջանի՝ Սյունիք ներխուժման ֆոնին

Հայաստանի զինված ուժերն անցկացրել են մարտավարական զորավարժություն Սյունիքի և Գեղարքունի մարզերի սահմանային հատվածներում ադրբեջանական ուժերի ներթափանցման ֆոնին:


Մայիսի 14-ին 5-րդ զորամիավորումում, տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ, անցկացվել է մարտավարական զորավարժություն, հայտնում է ՊՆ-ի մամուլի ծառայությունը:


Հաղթահարելով լեռնային բարդ տեղանքը, տանկային ստորաբաժանումները զբաղեցրել են նախորոշված շրջաններն ու կատարել առաջադրված խնդիրը, հնարավորություն ստեղծելով զորավարժությանը ներգրավված այլ ստորաբաժանումների՝ նպաստավոր դիրքերի զբաղեցման և պայմանական հակառակորդի գործողությունների վերահսկման համար։


Զորամիավորման հրամանատարությունը բարձր է գնահատել ներգրավված անձնակազմի պատրաստությունն ու ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման մակարդակը։


Նշենք, որ մայիսի 12-ից Հայաստանի սահմաններին դրամատիկ գործընթացներ են ծավալվում: Ադրբեջան զինված ուժերի տարբեր խմբավորումներ «սահմանների ճշգրտման» անվան տակ հատել են Հայաստանի սահմանը Սյունիքի, Վայոցձորի և Գեղարքունիքի հատվածներում:


Սյունիքի Սև լիճ կոչվող տեղանքում նրանք խորացել են մինչև 3,5 կմ: Օրեր տևած անարդյուքն բանակցություններից հետո Հայաստանը որոշել է դիմել ՀԱՊԿ-ին՝ խնդրելով դաշնակիցների աջակցությունը ադրբեջանցիներին Հայաստանի տարածքից դուրս բերելու հարցում:


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դիմել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ տրամադրելու ռազմական աջակցություն 1997 թվականի «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի» և «Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին» պայմանագրերին համապատասխան:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/87153