Ընտրատեղամասերում որևէ գրիչ չի լինելու. Մուկուչյանը ներկայացրել է քվեարկության կարգը

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ այս ընտրություններին հիմնական փոփոխությունը վերաբերում է քվեարկության կարգին: Այդ մասին նա հայտարարել է այսօր ԿԸՀ նիստից հետո լրագրողների հետ զրույցում:


«Խոսքը վերջերս տեղի ունեցած Ընտրական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում ռեյտինգային ցուցակներից հրաժարվելու մասին է: Սա նշանակում է, որ քվեաթերթիկը դարձերեսին չի ունենալու տարածքային ցուցակ», - ասաց նա՝ հավելելով, որ քաղաքացին գալով ընտրատեղամաս, ստանալու է քվեաթերթիկներ, ընտրելու է դրանցից մեկը՝ դնելով ծրարի մեջ, գցի քվեատուփը:


«Ընտրատեղամասերում որեւէ գրիչ չի լինելու, որպեսզի որեւէ ընտրող մեքենայաբար որեւէ նշում չանի քվեաթերթիկի վրա», - հատուկ ընդգծեց նա:


Նա նաև տեղեկացրեց, որ երբ արդեն գրանցված կլինեն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունները եւ դաշինքները, ԿՀԸ նիստերից մեկում կիրականացվի վիճակահանություն եւ յուրաքանչյուր կուսակցություն կստանա իր համարը: «Այդ համարը նշվելու է քվեաթերթիկների վրա: Կուսակցությունների ու դաշինքների ինքնաբացարկի դեպքում անգամ այդ թիվը փոփոխության ենթակա չի լինի», - ասել է նա:


«Քվեաթերթիկները կողքի հատվածներում ունենալու են համապատասխան սեւ նիշ, որը ամեն մի կուսակցության համար տարբեր բարձրության վրա է: Դրա նպատակն այն է, որ եթե դրանք տեղադրվեն տարբեր փաթեթների մեջ, անմիջապես կողքից հնարավոր լինի տեսանելի կերպով տարբերել, որ այդ խրցում կան նաեւ այլ քվեաթերթիկներ», - պարզաբանեց ԿԸՀ նախագահը:


Նա նաև խոսեց ընտրատեղամասերից տեսախցիկների միջոցով ուղիղ հեռարձակումների մասին: «Գործընթացը դեռ նոր է մեկնարկում, այդ լիազորությունը կառավարությունն է իրացնում: Նախորդ ընտրությունների ժամանակ ուղիղ հեռարձակում եղել է 1500 տեղամասերում, որտեղ քվեարկում է ընտրելու իրավունք ունեցողների ճնշող մեծամասնությունը: Այսինքն՝ հեռարձակում չի եղել միայն հեռավոր բնակավայրերում գտնվող տեղամասերից», - ասել է նա:


Լրագրողներին ամենաշատ հետաքրքրող հարցը կապված էր փողոցներում քարոզարշավից առաջ հայտնված պաստառների հետ: Մուկուչյանն ասաց, որ այս պահին որեւէ խախտում այդ առումով չեն կարող արձանագրել: Ընդգծեց՝ Ընտրական օրենսգիրքը սանկցիաների կիրառում է նախատեսում բացառապես ընտրական գործընթացին մասնակից սուբյեկտների նկատմամբ: Շեշտելով, որ քարոզչությունը թեկնածուից զատ չի՝ Մուկուչյանն ասաց.


«Մենք պետք է ունենանք թեկնածու, որ թեկնածուին վերագրենք քարոզչություն: Եթե չկա գրանցում, չկա նաեւ թեկնածու, այս պարագայում նրանց նկատմամբ հնարավոր չէ կիրառել քարոզչությանը վերաբերող էլեմենտներ: Այդ տրամաբանության մեջ է Ընտրական օրեսգիրքը», - նշեց նա:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86856