Ազգային հորջորջվողները փորձում են մանիպուլացնել, իբրև թե իրենք ազգային են. Մարուքյան

97% հայերով բնակեցված տարածքում արդյո՞ք տարօրինակ չէ առանձին վերցրած ազգային ուժ փնտրելը, հռչակվելը կամ թախտին նստած դրան սպասելը։ Այս հարցադրումն է անում "Լուսավոր Հայաստան" խմբակցությն ղեկավար Էդմոն Մարուքյանը:


"Ի՞նչ է նշանակում ազգային. եթե ճիշտ խոսք ասելիս տարազով չենք ասում, ուրեմն ազգային չե՞նք։
Երբ ասում ենք` եկեք կոռուպցիայի դեմն առնենք կամ հետաքննենք պատերազմի ձախողումները, դա ազգային չէ՞։

Մենք վաղուց ազգայինը վերածել ենք պետության և այսօր ազգայինը պետականն է։

Ազգայինը Հանրապետությունն է։ Ազգային է ցանկացած քայլ, որը միտված է Հանրապետությունն ամրապնդելուն և հայկական պետականությունը կայացնելուն։

Եթե դուք զուտ ազգայինը (էթնիկականը) պետությունից բարձր եք դասում, ապա վերջում կորցնում եք պետականությունը և շարունակում զբաղվել ազգապահպան ու հայապահպան միջոցառումներով, բայց արդեն այլ պետությունների տարածքում։

"Ազգային" բառի անվերջ շահարկումը դեռ չի նշանակում լինել ազգային, բայց Հայաստանի շահերի պաշտպանությունը արդեն իսկ ինքնին ազգային է և դա պարզ ու նույնիսկ պարզունակ ճշմարտություն է։ Մեծ հաշվով` ազգային հորջորջվողները փորձում են մանիպուլացնել, իբրև թե իրենք ազգային են, իսկ մյուսները՝ ապազգային։ Սա իհարկե ընդամենը դեմագոգիա է ու պոպուլիզմի մի դրսևորում։

Բոլոր այն գաղափարախոսություններն ու ուժերը, որոնք գործում են Հայաստանում և հանուն Հայաստանի, արդեն իսկ ազգային են, և դա չի կարող լինել միայն մեկի մենաշնորհը։

Վերջապես պետք է հասկանանք, որ մենք այլևս օսմանյան հպատակներ չենք և քաղաքացիներն ենք անկախ պետության։ Պետք է հստակ ամրագրենք, որ եկել է հասունանալու և պետություն ունեցող ու պետություն կառուցող ազգ դառնալու ժամանակը, քանի որ դա է հայկական պետականության շարունակական գոյության գրավականը",- գրել է պատգամավորը Facebook-ի իր էջում։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86742