Արցախին 2020 թ-ին տրամադրվել է դրամական աջակցություն՝ 6 մլդ դրամի չափով. փոխվարչապետ

Ապրիլի 15-ի Ազգային ժողովի նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց  Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի ու արդյունքների մասին զեկույցը:


Նա նշեց, որ 2020-ը մարտահրավերներով լի տարի էր, եւ Կառավարությունն աշխատել է լարված պայմաններում:


Փոխվարչապետն անդրադարձավ երկու առնացքային թեմայի՝ Արցախի աջակցության ծրագրերին եւ Կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման սոցիալ-տնտեսական միջոցառումներին: Նա ընդգծեց, որ միջոցառումների զգալի մասը շարունակվել է նաեւ այս տարվա ընթացքում:


Արցախի Հանրապետության կառավարությանը եւ Արցախի քաղաքացիներին աջակցելու նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացվել են շուրջ 2 տասնյակ միջոցառումներ, որոնց զգալի մասը դեռեւս շարունակվում է:


Մասնավորապես, սոցիալական աջակցություն է տրամադրվել ռազմական գործողությունների հետեւանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին ամսական 500 000 դրամի չափով: Մինչեւ օրս աջակցություն է ստացել 600 ընտանիք, ընդհանուր գումարը կազմել է 1 մլդ դրամ:


Ռազմական գործողությունների հետեւանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին 6 ամիս ժամկետով տրամադրվել է սոցիալական աջակցություն 300 000 դրամի չափով: Այն ընդհանուր կազմել է 200 մլն դրամ:


Հայաստանի հյուրընկալ ընտանիքներին տրամադրվել է ամսական 30.000 դրամ, Արցախում՝ 45.000 դրամ յուրաքանչյուր չափահաս անդամի համար: Մինչ օրս աջակցություն է ստացել շուրջ 8400 անձ:


2020-2021-ի ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի 100% փոխհատուցում է տրամադրվել բազմաթիվ ուսանողների: Այս պահի դրությամբ կա 4210 շահառու, փաստացի վճարված է 900 մլն դրամ:


Արցախի Հանրապետությունում հաշվառված եւ հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին տրամադրվել է միանվագ դրամական օգնություն՝ 250 000 դրամի չափով:


Մհեր Գրիգորյանը նշեց, որ վերոնշյալ միջոցառումների շահառուների ընհանուր թիվը գերազանցում է 150.000-ը: Արցախի Կառավարությանը եւս տրամադրվել է դրամական աջակցություն՝ 6 մլդ դրամի չափով:


Փոխվարչապետը ներկայացրեց նաեւ Կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացմանն ուղղված սոցիալ-տնտեսական 25 միջոցառումը: Դրանք ուղղված են եղել համավարակից տուժած տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին, ինչպես նաեւ առավել անապահով հատվածի աջակցությանը: Միջոցառումների մեծամասնությունն ավարտվել է, քանի որ դրանք կրում էին մեկանգամյա բնույթ, սակայն որոշները շարունակվել են նաեւ 2021 թվականին: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման նպատակով միջոցառումների շրջանակում 2020-ին հատկացվել է 200 մլրդ դրամից ավելի գումար: Մանրամասները՝ տեսանյութում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/85238