Թուրքիայում որոշ ուժեր «ձեռնոց են նետում» Չինաստանի տարածքային ամբողջականությանը. ԱԳՆ

Վերջին օրերին թուրք-չինական լարվածությունը Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում ապրող թյուրքական ծագում ունեցող ույղուրների հարցով չի մարում։


Ինչպես հայտնում է ermenihaber-ը, ապրիլի 5-ին Թուրքիայի ազգայնական ընդդիմադիր «Լավ» կուսակցության (İYİ Parti) ղեկավար Մերալ Աքշեները Twitter-ում գրառում էր արել, որտեղ հայտնել էր, որ Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի արևմտյան տարածքները «մի օր անպայման անկախանալու են»։ Ի պատասխան դրան՝ պաշտոնական Պեկինը հանդես էր եկել դատապարտող հայտարարությամբ, որից հետո Չինաստանի դեսպանը հրավիրվեց Թուրքիայի արտգործնախարարություն։


Նախօրեին էլ լարվածությանը միջամտեց Չինաստանի փոխարտգործնախարար Զաո Լիջիանը։ Վերջինս հայտարարեց, որ Թուրքիայում որոշ ուժեր ձեռնոց են նետում Չինաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։


Հիշեցնենք, որ «Սինցզյան» թարգմանաբար նշանակում է «նոր սահման»: 1759թ. Սինցզյանը մտավ Չինաստանի կազմի մեջ: Այնտեղ բնակվում էին թյուրքալեզուներ (ույղուրներ, ղազախներ, ղրղըզներ) եւ մոնղոլներ: Քանի որ մշակման համար պիտանի հողը Սինցզյանում քիչ է, ուստի ագրարային վերաբնակեցումը միշտ էլ բռնության է հանգեցրել:


1862թ. Սինցզյանում սկսվում է տեղաբնակ թյուրքերի ապստամբությունը, որի արդյունքում շրջանը Չինաստանից առանձնանում է: 1874թ. չինական բանակը ճնշում է մահմեդականների ապստամբությունը: Վերջին հարյուր տարիների ընթացքում ույղուրներն առնվազն երեսուն անգամ ապստամբել են Չինաստանի դեմ: Վերջին շրջանում անջատողական ուժերը հատկապես մեծ աջակցություն են ստանում Թուրքիայից:


Ույղուրների /չինարեն` հպատակ/ թվաքանակի վերաբերյալ հստակ տվյալներ չկան: Ուսումնասիրողներից ոմանք, հատկապես թուրք պատմաբանները, նրանց թիվը հասցնում են 60-80 միլիոնի, թեեւ չինական աղբյուրները խոսում են ընդամենը 15-16 միլիոնի մասին:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/84743