Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումն ամենաարդիական խնդիրն է. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 7-ին Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ամենաարդիական խնդիրը համարել է Լեռնային Ղարաբաղի իրադրության կարգավորումը: «Բնականաբար, ամենահրատապ եւ ամենասուր խնդիրները Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ իրավիճակի նորմալացումն է», - ասել է Պուտինը:


«Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա ես չեմ թվարկի բոլորը և չեմ խոսի այն մասին, թե որքան խորն են մեր հարաբերությունները, որոնք իրոք կրում են ռազմավարական բնույթ: Չեմ թվարկի նաև բոլոր միջազգային հարթակները, որոնցում մենք համագործակցում ենք: Բայց ամեն դեպքում կարևոր եմ համարում հիշեցնել այն մասին, որ Հայաստանի տնտեսության կապիտալ ներդրումների 40 տոկոսը ունեն ռուսական ծագում:


Մենք ունենք պատկառելի առևտրաշրջանառություն: Միաժամանակ, անցած տարի տարբեր խնդիրների պատճառով, բայց առաջին հերթին, իհարկե, կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված, մենք ունենք որոշակի նվազում: Վստահ եմ, որ ամենամոտ ապագայում կարող ենք ոչ միայն վերականգնել այդ մակարդակը, այլ նաև շարժվել առաջ:


Տեսնում եմ, որ միջկառավարական հանձնաժողովը, որը մենք Ձեզ հետ ստեղծել ենք, երկկողմանի ակտիվ է աշխատում: Դուք ամենաակտիվ կերպով աջակցում եք նրա գործունեությանը, և մեր փոխվարչապետ Օվերչուկը պարբերաբար լինում է Ձեզ մոտ` Երևանում:


Բոլորովին վերջերս նրան ընդունեցիք, նա նաև Ձեզ զեկուցեց, թե ինչպես է տեսնում ամբողջ տարածաշրջանում փոխհարաբերությունների հետագիծը: Մենք բազմիցս քննարկել ենք այս թեման:


Իհարկե, ամենակարևոր բաղադրիչը տարածաշրջանում առևտրատնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների վերականգնման հնարավորությունն է, որպեսզի Հայաստանը զարգացման համար նոր հնարավորություններ ստանա: Իմ կարծիքով, սա չափազանց կարևոր է:


Այս բոլոր խնդիրները, ինչպես նաև առկա իրավիճակին վերաբերող այլ հարցեր` զարգացման հեռանկարներով, հուսով եմ, որ մենք կկարողանանք քննարկել Ձեզ հետ այսօր` ինչպես զրույցի ընթացքում, այնպես էլ աշխատանքային ճաշի ժամանակ», - ասել է Պուտինը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/84689