Հայաստանում ռուսաֆոբիայի արմատներն ու վտանգները

"Հետք"-ում լույս է տեսել լրագրող, գրող, հրապարակախոս Վահան Իշխանյանի ծավալուն հոդվածը վերնագրված "Ռուսաֆոբիայի վերածնունդը. արմատներ և վտանգներ", որտեղ խոսվում է Հայաստանում ռուսաֆոբ տրամադրությունների շրջանառության պատմական հիմքերի ու դրանց վրա միֆերի կառուցման վերաբերյալ: Հոդվածը ներկայացնում ենք առանց կրճատումների:

"«Ռուսաստանի համար Հայաստանը մանրադրամ է» (1in.am, lragir.am): «Ռուսաստանը ԼՂ–ն հանձնելու գործարք է կնքել Ադրբեջանի հետ» ( norlur.am): «Ռուսաստանն ու Թուրքիան խնդիր են դրել վերացնել Հայաստանը» (lragir.am): «Ռուսաստանը շտապ կապիտուլյացիա է պատրաստում Ղարաբաղում» (lragir.am): «Ռուսաստանը ծրագրում է Հայաստանի պարտությունը» (lragir.am): «Ռուս-ադրբեջանական դավադրություն՝ ընդդեմ Ղարաբաղի» (168.am): «Ռուսաստանն ու Թուրքիան բնական դաշնակիցներ` ընդդեմ հայ ժողովրդի ազգային շահերի (lragir.am): «Փորձագետներ․ Մոսկվան կարող է փորձել «զոհաբերել Հայաստանի շահերը» (azatutyun.am):

Սրանք վերջին տարիների վերնագրեր են հայկական տարբեր լրատվամիջոցներից: Այսպիսի դավադրական վերնագրերի շարանը կարելի է շարունակել: Միամիտ ընթերցողները, այս վերնագրերը կարդալով, պարբերաբար սթրեսի մեջ են ընկնում, իսկ ընթերցողների ստվար մասը միամիտներ են ու հավատում են մամուլին: Նույնիսկ այն ընթերցողները, ովքեր մամուլի նկատմամբ թերահավատ են, պարբերաբար տարբեր թերթերում ռուսական դավադրության մասին կարդալով՝ թեթև խուճապի մեջ են ընկնում:

Հետևողականորեն տարածվող ռուսական դավադրության վերաբերյալ քարոզչությունը հասարակության մեջ գնալով ավելի է տարածում այն վախը, թե Ռուսաստանը հերթական անգամ պետք է ծախի Հայաստանը և արմատավորում հակառուսական տրամադրություններ:

Ռուսաստանի կողմից օգտագործված լինելու պարանոյան ահագնանում է հատկապես, երբ Ռուսաստանի ղեկավարները հանդիպում են Թուրքիայի կամ Ադրբեջանի ղեկավարների հետ և մեկ էլ, երբ սրվում է հայ-ադրբեջանական հակամարտությունը:

Ականատես եմ եղել, թե ինչպես են մարդիկ վախն աչքերում ասում, թե հեսա ռուսները Հայաստանը ծախում են. նրանք հավատում են, թե Մոսկվայում մի այնպիսի գաղտնի դավադրություն է հյուսվում, որի արդյունքում Թուրքիան կամ Ադրբեջանը կներխուժեն ու կկոտորեն հայ ժողովրդին:

Կարծես Ռուսաստանի ինչ-որ գաղտնի գործակալություններում հատուկ հայերին վերացնելու մի բաժին կա, որտեղ մշակվում են Թուրքիայից ու Ադրբեջանից ինչ-որ զիջումներ կորզելու դիմաց հայերին ու Հայաստանը օգտագործելու գաղտնի պլաններ, որոնց հայ հասարակությունը տեղյակ կլինի` միայն երբ արյուն հոսի: Ռուսաֆոբ մամուլն ասում է. «Ռուսը հային «տնկելու» հազար ձև գիտի` բոլորն էլ թուրքի ձեռքով»:

Հայկական ռուսաֆոբիայի նոր ալիքը ինքն իրեն չի առաջացել, այն վերջին շրջանում աշխարհում հրահրվող ռուսաֆոբիայի մի մասն է:

Արևմուտքը, մասնավորապես` ԱՄՆ-ն, հակամարտության մեջ մտնելով Ռուսաստանի հետ, հետսովետական բոլոր հանրապետություննում մեծ գումարներ ծախսելով` բորբոքում է հակառուսականությունը, և Հայաստանում էլ ավանդական ռուսաֆոբներին գումարվել են նոր ձևավորված արևմտյան քաղաքականության ազդեցությունը տարածող գործիչներ ու մամուլ, որոնք հետևողականորեն արթնացնում և օգտագործում են հայերի` Ռուսաստանից վախը ու ահաբեկում հասարակությանը:

Հասկանալու համար, թե ինչո՞ւ են ռուսական դավադրության մասին նյութերն այդպես հավատ ներշնչում և հեշտ խուճապ առաջացնում, ինչո՞ւ է արմատացած այդ ռուսաֆոբիան, պետք է պարզել, թե որտեղի՞ց է այդ վախը:

Հայկական ռուսաֆոբիան կապված է հիմնականում երեք պատմական իրադարձության հետ.

1-ին` 1914-1915 թվերին հայոց ցեղասպանության ժամանակ Ռուսաստանի դիրքը: Ռուսաստանը քննադատող հայ պատմագրության մեջ ընդունված է, որ երբ Օսմանյան կայսրությունում տեղահանում ու կոտորում էին հայերին, ռուսական հաղթական բանակը առաջ չէր շարժվում, որ կանխեր կոտորածները:

2-րդ` 1920-1921 թվականներին Բոլշևիկյան Ռուսաստանի դաշինքը Քեմալական Թուրքիայի հետ, որի արդյունքում Հայաստանի տարածքներն անցան Ադրբեջանին ու Թուրքիային:

3-րդ` 1991-ին Սովետական բանակի Կոլցո օպերացիան, երբ սովետական բանակի օգնությամբ ադրբեջանցիներն էթնիկ զտումներ արեցին Գետաշենի ենթաշրջանում:

Ռուսաֆոբիայի պրոպագանդիստները ժամանակ առ ժամանակ այս իրադարձությունները մեջտեղ են հանում ու հայտարարում, թե Ռուսաստանի հակահայկական դավադրությունը կրկնվելու է:

Ընդհանրապես, ազգային սնափառությունը չի սիրում խոստովանել, որ սեփական կորուստները լինում են նաև սխալ քաղաքականության պատճառով և, սխալներն անտեսելով, դրանց համար մեղադրում են միայն դրսի ուժերին. այդպես արևելահայության սնափառությունն իր կորուստները բացատրում է Ռուսաստանի դավաճանությամբ, իսկ արևմտահայությունը՝ Անգլիայի ու Ֆրանսիայի դավաճանություններով:

Ռուսաֆոբիայի ֆոնին անհրաժեշտ է պատասխանել հարցերին, թե ինչո՞ւ է Ռուսաստանը տարբեր պատմական իրավիճակներում ոչ հայանպաստ կամ «հակահայ» դիրք գրավել, կարո՞ղ էին, արդյոք, հայ ղեկավարները խուսափել Ռուսաստանի վտանգից, որպեսզի պարզ լինի, թե ինչքանո՞վ է հնարավոր այդ քաղաքականության կրկնությունը:

Առաջին աշխարհամարտը և Ռուսաստանի դիրքը հայության նկատմամբ

Առաջին աշխարհամարտի հենց սկզբից հայկական կազմակերպությունները նախաձեռնում են կամավորական շարժում ռուսական բանակի կազմում Օսմանյան կայսրության դեմ կռվելու համար: Հայ վերնախավը հույս ուներ, թե միանալով դաշնակիցներին ու նրանց բանակներում կռվելով` հաղթանակի դեպքում նրանք Օսմանյան կայսրության հայ համայնքներին անկախություն կտան:

Ռուսական բանակի կազմում ձևավորում են 5-8 հազար մարտիկներով հայ կամավորական ջոկատներ:

Նաև 1916-ից հետո ֆրանսիական բանակում ձևավորվում է հայ կամավորներից բաղկացած լեգիոն:

1914թ. նոյեմբերի 1-ին բացվեց ռուս-թուրքական ճակատը, եւ ռուսական բանակը, որի կազմում կռվում էին հինգ հայկական կամավորական ջոկատներ, հունվարին վերջնականապես ջախջախեց օսմանյան բանակը Սարիղամիշի ճակատամարտում:

Թուրքական բանակի հրամանատարն էր օսմանյան ռազմական նախարար Էնվեր փաշան, ով հազիվ է փրկվում և կատաղած վերադառնալով Ստամբուլ՝ իր պարտության համար մեղադրում է հայերին:

Ռուս մեկնաբան Յուլյա Լատինինան գրում է. «Ինչպես բոլոր պարտություն կրած հրամանատարները, նա էլ վերադառնալով Կոստանդնուպոլիս` հայտարարում է, որ դավաճանության պատճառով էր պարտությունը: «Ինձ դավաճանեցին». սա սիրելի խոսքն է անհաջողակ հրամանատարների»:

Սարիղամիշի ճակատամարտից հետո հարավային ճակատում ռուսական բանակը դադար է առնում: Հենց այդ ժամանակ էլ սկսվում են հայերի ջարդերը: Մի քանի ամիս անց` գարնանը, ռուսական բանակն առաջ է շարժվում և գրավում Վանը: Հայ պատմագրության և մտավորական որոշ շրջանակներում վստահ են, որ եթե էլի առաջ շարժվեր, ապա կփրկեր Մուշի և մյուս շրջանների հայերին, բայց փոխարենը ամռանը նահանջում է (հայ հեղինակներն այդ նահանջը անվանում են «կեղծ»), ու ռուսական բանակի հետ գաղթում է թուրքական ջարդերից ինքնապաշտպանությամբ փրկված Վանի և ամբողջ Վասպուրականի բնակչությունը: Որոշ պատմաբաններ գրում են, որ եթե ռուսական բանակն այսպիսի նահանջներ ու դադարներ չտար, ապա կփրկվեին հազարավոր հայեր: Մասնավորապես` Լեոն գրում է. «Ինչ նպատակ ուներ այդ նահանջը, բացատրում էին զանազան եղանակներով: Բայց այդ նպատակներից մեկն էր և հայերի բնաջնջումը, որ և իրականացվեց ամենասարսափելի հաջողությամբ» [1]:

Պետք է հաշվի առնել, որ մինչև 30-ականների կեսը խորհրդային իշխանությունն ամեն ինչում մեղադրում էր ցարիզմին, և Լեոն, այդ ժամանակների կոնյունկտուրային համապատասխան, հայերի կորուստների մեղքը բարդում է Ցարիզմի վրա, և այդ շրջանում գրած նրա երկու հակառուսական գրքերը՝ «Անցյալից»-ը և «Ռուսահայ հեղափոխության գաղափարաբանություն»-ը, դարձան ռուսաֆոբների գլխավոր քարոզչական զենքերը: Ինչպես, օրինակ, epress.am-ն է օգտագործում «1915-ին Ռուսաստանը ծախեց հայերին. Ցեղասպանությունը՝ ականավոր պատմաբանի աչքերով»:

Ռուսաֆոբ մտավորականների մեջ նույնիսկ մի կասկած կա, թե Ռուսաստանը գործարքի մեջ է եղել Թուրքիայի հետ և հատուկ առաջ չի գնացել, որպեսզի թուրքերը հեշտությամբ հայերին կոտորեն, հետևաբար ցեղասպանության մեղքի բաժինն ընկնում է նաև Ռուսաստանի վրա, ավելի մոլեռանդ ռուսաֆոբները միայն Ռուսաստանին են մեղադրում: Մեջբերում են Ռուսաստանի արտգործնախարար Ալեքսանդր Լոբանով Ռոստովսկուն (1824-1896) վերագրվող խոսքը՝ Հայաստանը մեզ պետք է առանց հայերի:

(Օրինակ` http://civilngo.com կայքում ասվում է. «Ցեղասպանությունների ժամանակ ռուսական կողմը «Հայաստանն առանց հայերի» ծրագրի իրականացման շրջանակներում հայերին կոտորելու հարցում ուղղակիորեն աջակցել է թուրքական կողմին»):

Բայց մի ռուս դիվանագետին վերագրվող խոսքը շրջանառության մեջ դնելով` չի հիմնավորվում, թե ինչո՞ւ Ռուսաստանը Թուրքիայի ձեռքով պիտի հայերին կոտորելու պլաններ մշակեր: Ռուսաֆոբները որևէ ռացիոնալ բացատրություն չեն տալիս, թե ո՞րն էր մի երկրի ներսում հայերին կոտորել տալու մեկ ուրիշ երկրի շահը:

Իրականում Ռուսաստանի կայսերական շահերի մեջ հայերի լինել կամ չլինելու հարցը ընդհանրապես գոյություն չուներ: Ոչ մի կայսրության էլ բացարձակապես չէր հուզում փոքր ազգերի ճակատագիրը, կունենա՞ն երկիր, թե՞ ոչ, դուրս կգա՞ն լծի տակից, թե՞ ոչ, կկոտորվե՞ն արդյոք, թե՞ ոչ: Այդպես էր նաև առաջին աշխարհամարտի ժամանակ. թեև կայսրությունները իրենց աշխարհակալ, երկրագունդը բաժանելու ծրագրերը թաքցնում էին փոքր ժողովուրդների փրկության անվան տակ, բայց ինչպես Ֆրանսիային ու Մեծ Բրիտանիային, այնպես էլ Ռուսաստանին բացարձակապես չէր հետաքրքրում փոքր ժողովուրդների ճակատագիրը: (Ինչպես այժմ՝ Արևմտյան տերություններն իրենց ենթակայության տակ չգտնվող երկրների ռեսուրսներին տիրանալու համար մարդու իրավունքներն են մեջտեղ հանում):

Բայց փոքր ժողովուրդների մեջ միշտ էլ լինում են մտավորականներ, որոնք հավատում են կայսրությունների խոստումներին ու իրենց ժողովուրդներին ակամա դարձնում նրանց ձեռքին գործիք, իսկ երբ պարզում են, որ իրենց ոչ միայն չեն փրկել, այլև օգտագործել ու թողել են անպաշտպան, ասում են՝ նրանք դավաճանեցին (երկու տարի առաջ մի ուկրաինացի զայրացած ինձ ասում էր՝ Եվրոպան մեզ դավաճանեց, հետո պարզեցի, որ այդ համոզմունքը շատ տարածված է Ուկրաինայում, օրինակ` Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն էլ հայտարարում է՝ Եվրոպան դավաճանեց Ուկրաինային):

1915-ի հունվարին Սարիղամիշի ճակատամարտից հետո, երբ թուրքական բանակը ջախջախվել էր, ռուսների առաջ չշարժվելը բացատրվում է նաև նրանով, որ ահավոր ցուրտ ձմեռ էր, (թուրքերի պարտության համար ցուրտն էլ դեր խաղաց, բազմաթիվ թուրք զինվորներ ցրտահարվելուց կոտորվեցին), և ռուսները սպասում էին, որ եղանակը տաքանար:

Իսկ մյուս հարցը առկախ է մնում՝ հետագայում, երբ առաջացան ու մտան Վան, ուր հայկական ինքնապաշտպանական ուժերը հաղթել էին թուրքական բանակին, ինչո՞ւ մեկ ամիս անց՝ հուլիսին, երբ գոյություն չուներ թուրքական առաջխաղացման վտանգ, նահանջեցին, որի հետևանքով Վանը դատարկվեց: Ու այդպիսի «կեղծ նահանջ» մի անգամ էլ արեցին մեկ ամիս անց:

Մեկնաբանում է պատմագիտության դոկտոր Աշոտ Ներսիսյանը. «Ռուսական կայսրության երազանքն էր Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներին տիրանալը: Թեև Անտանտի դաշնակիցների միջև պայմանավորվածություն եղել է, որ պատերազմի արդյունքում նեղուցներն անցնելու են Ռուսաստանին, բայց կողմերը իրար չէին վստահում ու դրա հիմքերն ունեին: Արևմուտքից Թուրքիայի հետ պատերազմում էին Անգլիան և Ֆրանսիան (Դարդանելի օպերացիան), և եթե հարավից Ռուսաստանը առաջ գնալով վերջնական ջախջախեր թուրքական բանակը, թուրքերը չէին կարողանա դիմադրել Անգլիային ու Ֆրանսիային և նեղուցները կանցնեին դաշնակիցներին, իսկ հետո դրանք հետ բերելը Ռուսաստանի համար անհնար կլիներ: Ռուսաստանը, առաջ չգնալով ու կեղծ նահանջներով, հնարավորություն էր տալիս թուրքական բանակին վերակազմավորվել ու դիմադրել Ֆրանսիային ու Անգլիային, որ նեղուցները նրանց ձեռքը չանցնեին:

1916 թվի Սայքս-Պիկոյի պայմանագրով կրկին գրավոր կնքվում է, որ նեղուցները տրվում են Ռուսաստանին: Սակայն բոլշևիկյան հեղափոխությունը տապալում է պայմանագիրը»:

Դարդանելի օպերացիայի մասին lenta.ru-ն գրում է. «Սանկտ-Պետերբուրգում սկզբում մտավախություն ունեին Բալկաններում անգլիացիների ակտիվության համար, այնպես, որ բրիտանական կառավարությունը նույնիսկ ստիպված էր գաղտնի երաշխիքներ տալ, որ ամեն դեպքում պատերազմից հետո նեղուցները կանցնեն Ռուսաստանին»:

Հնարավոր է, որ եթե Անգլիան այդքան արյուն թափելով գրավեր Դարդանելը, այն չտար Ռուսաստանին:

Ռուսաֆոբները միայն Ռուսաստանին են մեղադրում նահանջների և հայերին չփրկելու մեջ, սակայն նմանատիպ քաղաքականություն են վարել նաև մյուս դաշնակիցները. Սայքս- Պիկոյի համաձայնագրով Կիլիկիան հանձնված էր Ֆրանսիայի տիրապետությանը: 1920-ի հունվարին թուրքական բանակը հարձակվում է Մարաշ քաղաքի վրա, ուր ապաստանել էին մոտ 30 հազար հայեր: Լեոն նույնիսկ գրում է, որ ֆրանսիական բանակը քաղաքի այն հատվածներում դիրքավորվեց, որտեղ հայեր չկային, և անպաշտպան մնացած 3000 հայեր կոտորվեցին, իսկ այն հայերին, որոնք փախչում էին ապաստան գտնելու ֆրանսիացիների մոտ, ֆրանսիացի զինվորները գնդակոծում են և մոտ 400 հոգի սպանում[2]:

Կիլիկիայում հայկական համայնքները ինքնավարութուն էին ստեղծում, նույնիսկ մեկ օրով 1921թ. Սևրի պայմանագրից մեկ շաբաթ առաջ մի խումբը օգոստոսի 3-ին, և մյուսը՝ 4-ին, Կիլիկիայի Հայաստանը անկախ հռչակեցին: Սակայն ֆրանսիական բանակը, ի վերջո, հեռացավ, ու հետն էլ հայերը արտագաղթեցին:

Հրանուշ Խառատյանն ասում է. «Շատ քիչ է քննարկվում ֆրանսիական դավաճանությունը Կիլիկիայում և կիլիկիահայերի երկրորդ ջարդը Մուստաֆա Քեմալի բանակի կողմից»:

Դավաճանությո՞ւն, հակահայ դավադրությո՞ւն, իհարկե ոչ, ֆրանսիացիների շահերի մեջ հայեր գոյություն չունեն:

Ռուսաֆոբ մտավորականների մեջ իշխում է նաև այն վստահությունը, թե հայերի ցեղասպանության պատճառը հայերի ռուսական կողմնորոշումն էր և դրա հետևանք կամավորական շարժումը, թե իբր թուրքերը հայերին կոտորեցին, քանի որ իր թշնամի Ռուսաստանի բանակում կռվում էին և նրա ազդեցության գործակալներն էին: Այս թեզը հաճույքով տարածում են նաև թուրքական կիսապաշտոնական և մտավորական շրջանակները՝ թե հայերը դավաճանեցին Օսմանյան կայսրությանը ու պատժվեցին:

Սա էլ մի ուրիշ թյուրիմացություն է, որի նպատական է` արդարացնելով Թուրքիան` նրա հետ բարեկամանալու հնարավորություն ստեղծել. Օսմանյան կայսրության հայերը հիմնականում նվիրված էին իշխանությանը, զորակոչվում էին բանակ, 120 հազարից ավել հայ էր զորակոչվել, որոնց բոլորին կոտորեցին, և հայ վերնախավի միայն մի մասն էր անցել ռուսների կողմը:

Երիտթուրքերի ծրագրերի մեջ էր մտնում Օսմանյան կայսրությունը թուրքացնելը, բոլոր ժողովուրդներին թուրք դարձնելը, չենթակվողներին՝ կոտորելը: Բացի հայերից` կոտորեցին նաև եզդիներին, ասորիներին ու հույներին:

Երիտթուքերի կառավարությունը Լիբանանում արհեստական սով առաջացրեց (շատ պատմաբաններ վստահ են, որ արհեստական էր այն, Բեյրութում սով չի եղել, և թույլ չեն տվել, որ այնտեղից ցորեն տանեն լեռներ), և մոտ 250 հազար քրիստոնյա արաբ սովից մահացավ:

Նայենք Օսմանյան կայսրության քարտեզին՝ մի ծայրից մյուսը՝ ռուսական սահմաններից մինչև արաբական աշխարհ ու Եվրոպա բնաջնջում են երեք միլիոն ժողովուրդ՝ մերումանուկ, ծեր ու ջահելով, և անտրամաբանական է այս մեծ ոճիրը բացատրել կամ արդարացնել 5-8 հազար հայ կամավորներով, որոնք Թուրքիային ոչնչով չէին սպառնում: Հայ կամավորներն էլ ունիկալ երևույթ չէին, և՛ ռուսական և՛ թուրքական բանակների կազմերում կային այլ ազգային և կրոնական կամավորական գնդեր, բայց հայկական հարցերի վրա սևեռված հայ պատմագրությունը նրանց չի անդրադառնում և ստեղծում է կամավորական շարժման վերաբերյալ ոչ ամբողջական պատկեր:

Մինչև 20-րդ դարի սկիզբը Օսմանյան կայսրությունը գնալով փոքրանում էր, ազգային ազատագրական շարժումների շնորհիվ հերթով անկախություն էին ձեռք բերում հույները, սերբերը, Մոնտենեգրոն, ռումինացիները, բուլղարները, ալբանացիները: 1912թ. Բալկանյան պատերազմում կայսրությունը իր եվրոպական մասը գրեթե ամբողջությամբ կորցրեց, մնացել էր միայն Կոստանդնուպոլիսը, և երիտթուրքերի նացիոնալիզմը ծայրահեղության հասավ` իր առաջ խնդիր դնելով կայսրությունը վերածել ազգային պետության՝ բոլոր փոքրամասնություններին վերացնելով:

Լատինինան ցեղասպանության ևս մի պատճառ է նշում. «Առաջին Բալկանյան պատերազմից հետո մոտ 800 հազար թուրք փախչում է քրիստոնյաների ազատագրած երկրամասերից: Եվ հենց այս 800 հազար թուրքերը հետագայում դառնում են գլխավոր ջարդարարները, որոնք պիտի մորթեին հայերին Անատոլիայում»:

Յուրաքանչյուր ծայրահեղ ազգայնականություն իր ձախողումների համար հաճախ երկրում բնակվող ուրիշ ժողովրդի է մեղադրում և նրան ոչնչացնելով` «ազգը մաքրում»: Նույն երևույթն է և այն, որ թուրքերը հայերի մեջ թշնամի էին տեսնում, եւ որ գերմանացիները հրեաների մեջ էին թշնամի տեսնում:

Թուրքիան ճնշումներով, բռնությամբ ու ցեղասպանություններով թրքացնելու` երիտթուրքերի ծրագիրը մինչև այսօր շարունակվում է, քրիստոնյաներին կոտորելուց հետո անցան մյուս փոքրամասնություններին՝ 1937-ին եղավ ալևիների ցեղասպանությունը, ապա մինչև այժմ պարբերաբար կոտորում են քրդերին: Պատճառներից մեկը, որ թուրքական որևէ կառավարութուն չի ուզում ճանաչել հայերի ցեղասպանությունը, այն է, որ Թուրքիան չի ավարտել ցեղասպանություններով երկիրը թրքացնելու ծրագիրը:

Ինչ կարող էին անել հայերը

Օսմանյան կայսրությունը թրքացնելու երիտթուրքերի ծրագրին դիմադրելը մի փոքր ժողովրդի համար անհնար էր, մի կողմում պետական հզոր ապարատ՝ աշխարհի ամենահզոր կայսրություններից մեկը, մյուս կողմում` հպատակ, թույլ կազմակերպված ժողովուրդ: Բայց գուցե հնարավոր էր արդյունավետ դիմադրություններ կազմակերպելով` նվազեցնել կորուստները:

Այն քննադատությունը, թե պետք չէր հույս դնել Անտանտի և մասնավորապես Ռուսաստանի վրա, գուցե հիմնավոր է: Որևէ երկիր ուրիշի համար անկախություն ձեռք չի բերում:

Գուցե հնարավոր էր կամավորական շարժման փոխարեն նույն Օսմանյան կայսրությունից գաղտնի հայկական բնակավայրերը զինել և կազմակերպել հայերի ինքնապաշտպանությունը՝ սպասելով դաշնակիցների առաջխաղացմանը: Ցեղասպանությունից փրկվեցին այն հատվածները, որտեղ ինքնապաշտպանություն կազմակերպվեց, և դաշնակիցների բանակները հասան (օրինակ` Ուրֆայում ինքնապաշտպանություն եղավ, բայց դաշնակիցները չհասան, և հայերը կոտորվեցին):

Առաջին աշխարհամարտի շեմին՝ 1914 թվականի հուլիսին, Էրզրումում ՀՅԴ 8-րդ ընդհանուր ժողովը որոշում ընդունեց, որ ռուս-թուրքական պատերազմի դեպքում հայերը չեզոք դիրք պետք է գրավեն, և յուրաքանչյուր երկրի հպատակները կատարեն իրենց զինվորական պարտականությունները: Սակայն, պատերազմը սկսվելուց հետո Դաշնակցությունը հրաժարվում է իր որոշումից և, ի վերջո, ձեռնամուխ լինում ռուսական բանակի մեջ հայ կամավորական ջոկատների ստեղծմանը:

Երկու երկիր կռվում են, կարիք կա՞ կամավորական ջոկատներ մտցնել հակամարտող ուժերից մեկի բանակի մեջ ու ծառայել նրա շահերին` մանավանդ չունենալով որևէ երաշխիք, թե հաղթանակի դեպքում թույլ կտան անկախություն ունենալ: Գոնե անհրաժեշտ էր ինչ-որ գրավոր պայմանագիր կնքել, հստակ երաշխիքներ ունենալ, որոնք չկատարելու դեպքում նոր կարելի կլիներ դավաճանության մեջ մեղադրել Ռուսաստանին: Բայց, կրկնեմ, որ կամավորական շարժում այլ ժողովուրդներ էլ են ունեցել, բացի այդ` դրան ամբողջ հայ ժողովուրդը չէր մասնակցում:

Լեոն նաև մեղադրում է Դաշնակցությանը, որ 1915-ին ռուսական բանակի նահանջի հետ գաղթեցրեց Վանի ու Վասպուրականի բնակչությանը, որ հնարավոր էր մնալ և Վանը պահել հայկական[3]: Եթե ռուսական բանակը գնար, հայկական պաշտպանությունը կարո՞ղ էր, արդյոք, երկարաժամկետ դիմադրել թուքական բանակին: Կասկածելի է:

Առաջին աշխարհամարտի և ներկա իրադրության զուգահեռները

Ռուսաֆոբները հաճախ են ասում, որ կկրկնվի 1914-1915 թվականների իրավիճակը: Սակայն թե ինչպե՞ս, չի բացատրվում, իրավիճակները տարբեր են. 1-ին. աշխարհը փոխվել է, մեծ տերությունների շահերի մեջ չի մտնում տարածքներ գրավելն ու կցելը, հետևաբար Ռուսաստանն էլ խնդիր չունի նեղուցները գրավելու: Ի տարբերություն 20-րդ դարասկզբի, այսօր կա արդեն անկախ հայկական պետություն, որը Ռուսաստանի սեփականությունը չի, որ այն իր ուզած ձևով տնօրինի:

Եթե շատ ուզենք ընդհանրություն գտնել, ապա այն է, որ ինչպես մինչև 1917 թիվը, այսօր էլ Հայաստանի և Թուրքիայի սահմանը պաշտպանում է ռուսական բանակը, և կարող է 1917թվի նման այնպիսի իրավիճակ առաջանալ, Ռուսաստանում այնպիսի փոփոխություններ լինեն, որ բանակը հանեն Հայաստանից ու սահմանները բաց մնան Թուրքիայի ագրեսիայի առաջ:

1917 թվականի բոլշևիկյան հեղափոխության հետևանքով ռուսական բանակը հեռացավ Կովկասից, և Հայաստանն ու հայությունը մնաց միայնակ թուրքական վտանգի դիմաց, ուժերի լարումով հայկական դիմադրություններ կազմակերպվեցին՝ Սարդարապատ, Բաշ Ապարան, Ղարաքիլիսա, և արդյունքում ստեղծվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:

Եթե ապագայում ռուսական բանակը հեռանա, Ռուսաստանին մեղադրելը կոռեկտ չի լինի, նա հայ ժողովրդի հոգաբարձուի առաքելություն չի վերցրել իր վրա և Հայաստանում զորք է պահում ոչ թե հայերին պաշտպանելու, այլ իր շահերի համար և երբ ուզի` կարող է հանել այն:

Հայաստանն իր անվտանգության հայեցակարգը պետք է կառուցեր այնպես, որ հաշվի առներ թուրքական վտանգը, անկախության 25 տարիները բավական ժամանակ էին այնպիսի պաշտպանական համակարգ ստեղծելու համար, որ հնարավոր լիներ դիմադրել նաև թուրքական ագրեսիային: Սակայն, Հայաստանի քաղաքական վերնախավը, հույսը դնելով Ռուսաստանի վրա, անվտանգության հայեցակարգ մշակելու փոխարեն հարստանալով է զբաղված":


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/8390