Մի խումբ անձինք «Կալաշնիկովի» ինքնաձիգներ ու ատրճանակներ են հանձնել ոստիկանությանը

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օրերս արձանագրվել են ապօրինի հրազենների կամավոր հանձնման դեպքեր։ Երևանում բնակվող 26-ամյա մի երիտասարդ Մալաթիայի բաժնում կամավոր հանձել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որն, ըստ նրա՝ բերել էր անցած տարի Արցախից։


Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, բացատրական աշխատանքն իրականացրել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։ Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ ևս արձանագրվել է Արցախից բերված գործարանային համարով «Կալաշնիկովի» կամավոր հանձնման դեպք։


«Ինքնաձիգը բաժանմունք է բերել Երևանում բնակվող 44-ամյա մի տղամարդ։ Արդյունավետ էր նաև Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը, որի շնորհիվ Էջմիածնում բնակվող 68-ամյա մի կին կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնու «Կալաշնիկովի» ինքնաձիգն ու տարբեր տրամաչափի 40-ից ավելի փամփուշտը։


Առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգը, պահունակը, նռնակի պայթուցիչներն ու մի քանի տասնյակ փամփուշտը ոստիկանության Ապարանի բաժնում կամավոր հանձնել է Շենավան գյուղում բնակվող մի տղամարդ՝ շնորհիվ բաժնի հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի, Իջևանի և Դիլիջանի բաժիններում։


Մասնավորապես, Նոյեմբերյանի բաժնում գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգի, պահունակի և փամփուշտների, Իջևանի և Դիլիջանի բաժիններում՝ ատրճանակների և փամփուշտների։ Կրկին հորդորում ենք, ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար», - ասված է հաղորդագրության մեջ։



Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/83891