Հաշվարկը հետևյալն է՝ ապրիլի 25-ին կամ մայիսի 2-ին կլինեն ընտրություններ. Մարուքյան

Որևէ հարցով չունենք համաձայնություն: Բայց մենք ունենք հասկացվածություն, որ պետք է խոսենք, ճանապարհներ գտնենք երկրում ստեղծված այս իրավիճակից դուրս գալու համար։ Այս մասին լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝  Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումի ավարտից հետո: 


Մարուքյանը հստակ պատասխան չտվեց, թե արդյոք պահանջ առաջ քաշել է Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ չանելու մասով.


«Վարչապետը երկու հարցը իրար հետ չի կապում: Մենք երկու հարցը իրար հետ ենք կապում, հիմա թե ինչու մնացած հարցով չի ստացվում կամ չգիտեմ ինչ... կարծում եմ, որ պետք է շարունակել խոսել»,- ասաց Մարուքյանը։


Նրա խոսքով, ինքը շատ է մտահոգված Զինած ուժերի ԳՇ ղեկավարության և կառավարության միջև առկա գործընթացով և դեմ է, որպեսզի Գլխավոր շտաբը քաղաքականացվի:


«Զինված ուժերը թողնենք իր տեղում, գնանք ընտրությունների, ընտրություններից հետո մնացածը կորոշենք։ Այստեղ ընտրությունները ամենահիմնարար խնդիր լուծող հարցն է, որովհետև եթե երկրում արտահերթ ընտրություններ տեղի չեն ունենում, ապա մենք չենք կարող այս ճգնաժամից դուրս գալ։ Ես այլ ճանապարհ չեմ տեսնում։ Կա կամք շարունակել այս բանակցությունները՝ ես այդ կամքը ունեմ, վարչապետն էլ ունի, ԲՀԿ-ի կամքը կտեսնենք նաև՝ իրենց հետ բանակցությունները կլինեն, թե ոչ, որից հետո կշարունակենք խոսել»,- շեշտեց նա:


Մարուքյանը նաև կանխատեսում արեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ապա ապրիլի 25-ին կամ մայիսի 2-ին կլինեն արտահերթ ընտրություններ. «Այդ հաշվարկը արել եմ, այսօր ներկայացրել եմ: Մնացածը կքննարկենք»,- հավելեց նա։


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/82337