Հայաստանը «Սպուտնիկ V» պատվաստանյութի ձեռբերման պայմանագիր է կնքում. նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռք բերման աշխատանքներն ընթանում են:


Նրա խոսքով, Կովաքսի հարթակում բանակցությունները շարունակվում են, սակայն որոշակի ընդհանուր դանդաղում կա: «Բայց մենք մեր գործընկերների, այլ երկրների պարտնյորների հետ փորձում ենք ճնշում բանեցնել, որպեսզի զարգացող երկրների հասանելիությունն ապահովվի», - ասել է նա։


Նա հույս է հայտնեց, որ գարնան ընթացքում «մենք պիտի արդեն առաջին խմբաքանակն ունենանք»։ «Ռուսական կողմի հետ էլ բանակցություններն ավարտված են՝ առաջին խմբաքանակի հետ կապված, պայմանագիրը կնքման փուլում է։ Ակնկալում ենք առաջին ամսվա մեջ նաև այս խմբաքանակի ներկրումը»,- ասաց է նախարարը։


Նա հորդորեց պատվաստանյութերի ներմուծման ու պատվաստման գործընթացին զուգահեռ շարունակել պահպանել դիմակների կրման ռեժիմը, քանի որ կորովաիրուսով վարակածների թիվը վերջին շրջանում աճի միտում է դրսևորում:


«Մի թյուրըմբռնում կա՝ եթե անձինք վարակվել ու լավացել են, ապա նրանք դժկամությամբ ենք կրում դիմակներ։ Բայց մենք որևէ ապացուցված գիտական մոտեցում չունենք, որ այլ շտամերով նրանց կողմից վարակումը բացառված է»,- հավելեց Ավանեսյանը։


Ավելի վաղ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն փոխտնօրեն Գայանե Սահակյանը հայտնել էր, որ այս պահին Հայաստանում «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումներ կատարվում են։


«Մենք ունեինք 2 խմբաքանակ, որ երկրին նվիրատվություն էր տրվել Ռուսաստանի կողմից՝ առաջին անգամ 30 հոգու համար՝ 60 դեղաչափ, երկրորդ անգամ՝ 1 000 հոգու համար՝ 2 000 դեղաչափ։ Այս պահի դրությամբ կովիդ հիվանդանոցների բուժաշխատողներին արդեն պատվաստում ենք՝ հաշվի առնելով, որ նրանք ամենաբարձր խոցելիություն ունեցող ռիսկի խմբերն են։


Մյուս կողմից, այս պահին մենք բանակցություններ ենք տանում նաև Ռուսաստանի հետ՝ լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու համար՝ մոտ 15 000 դեղաչափ 7,5 հազար մարդու համար»,- հայտնել էր Սահակյանը։


VERELQ-ը հայտնում է, որ Հայաստանում մարտի 3-ին կատարվել է 2 922 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 491 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 16,8 տոկոսը։ Առողջացել է 179 մարդ։ Գրանցվել է մահվան 6 դեպք։


Մարտի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 173 307 դեպք, որոնցից 164 085-ն` առողջացած, 3 208-ը` մահվան ելքով:


Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5 194 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 742 038 թեստավորում:


Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 68-րդ տեղը՝ 173 307 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 271 739 դեպքով, Ադրբեջանը 54-րդ տեղում է՝ 235 333 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 2 734 836 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 656 699 դեպքով:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/82309