ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններից

ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների իրագործելուց եւ նախազգուշացնում, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա իրավապահ մարմինների համարժեք արձագանքին: 


«Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, պահպանել իրավակարգն ու զգոնություն: ՀՀ պետական կառավարման մարմինները լիարժեք իրականացնում են իրենց գործառույթները:


Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հնարավոր նման գործողությունները կարող են սպառնալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը եւ ցանկացած նման քայլ կարող է դիտվել որպես պետությունը թուլացնելու կոնկրետ նպատակ:


Ազգային անվտանգության ծառայությունն իր լիազորությունների շրջանակում շարունակում է ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը, տարածքային անձեռնմխելիությունը ապահովելու եւ պաշտպանելու համար»,- ասված է հայտարարության մեջ:


Ավելի վաղ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։


Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի հայտարարությունը համարել էր ռազմական հեղաշրջման փորձ և իր կողմնակիցներին կոչ էր արել հավաքվել Հանրապետության Հրապարակում։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/81851