Քիչ-քիչ վերադառնում ենք կյանք. երգիչ Արմենին պատերազմի օրերին կամավոր է եղել

Օվկիանոսից այն կողմ բնակվող մեր հայրենակից երգիչ Արմեն Նազարյանը՝ բեմական անունը Արմենի, վերջին շրջանում մի քանի նոր երգեր թողարկեց: Սակայն Հայաստանում նրան ավելի շատ սկսեցին ճանաչել «Երևան» երգով։


«Մի օր զանգում եմ երգահան Ռիչարդ Մադլենյանին, ում հետ արդեն տևական ժամանակ է համագործակցում եմ, ասում եմ․«Ռի՛չ դու հաստատ դարակներումդ պահած լավ երգ կունենաս»: Ու Ռիչարդը որոշ ժամանակ անց ուղարկեց «Երևան» երգը։ Առաջին նոտաները լսելուց հետո հասկացա, որ սա իմ երգն է»,- ասում է նա:


Խոսքերի համահեղինակ է Գրիգոր Կյոկչյանը, գործիքավորել է Արա Թորոսյանը: Տեիչսահոլովակը նկարահանվել է Երևանում


Արմենն ասում է, որ երբ ընտրեց երգարվեստը՝ ընտանիքի անդամների համար դա զարմանալի չէր: Սակայն նշում է, որ մինչև երգի ասպարեզ մուտք գործելը զբաղվում էր պրոֆեսիոնալ ֆուտբոլով ու պարով: Ֆուտբոլային ասպարեզում բավական մեծ հաջողությունների էր հասել ու բոլորը «Պելե» էին ասում:


«Հայաստանից երկու հոգու առաջարկ էր եղել «Սպարտակ» ֆուտբոլային թիմից, բայց ես այդպես էլ չհայտնվեցի «Սպարտակում», քանի որ զորակոչային տարիքում էի: Ինձ օրենքով իհարկե հասնում էր տարեկետում, սակայն այստեղ կլորիկ գումար ուզեցին ազատելու համար, որն իհարկե մենք չվճարեցինք»,- ասում է նա:


«Երգս քեզ նվեր» երգով մուտք գործեց երգարվեստ: Երաժշտության հեղինակը Արսեն Գրիգորյանն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը: Երգն առաջին անգամ հնչել է Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ:


Այս պահին երգիչը միաժամանակ աշխատում է մի քանի երգի վրա: Անցած տարի Արմենը գալիս է Երևան, երեք նոր երգի տեսահոլովակ նկարահանելու համար, բայց սկսվում է չարաբաստիկ պատերազմը, ու բոլոր աշխատանքները դադարեցվում են։ Նա ինչպես այդ օրերին բոլորը լծվում է կամավորական աշխատանքի: Եվ պատերազմի ավարտից մի քանի օր առաջ վերադառնում է ԱՄՆ:


«Օվկիանոսից այն կողմ էլ հեշտ չէ ապրել բնականոն կյանքով, երբ գիտես, որ քո երկրում պատերազմ է, ընկերներիցդ, բարեկամներիցդ շատերը սահմանին են: Հիմա քիչ-քիչ վերադառնում եմ կյանք, ու արդեն պատրաստել եմ 4 նոր երգ,որոնք կունենան նաև տեսահոլովակներ»,- եզրափակեց Արմենը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/81796