Մամուլ. Հայկ Մարությանն ամեն ինչ անում է, որ յուղոտ պաշտոնին նշանակվի իր մտերիմը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ փետրվարի 19-ին, կկայանա «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի՝ այսպես կոչված, Թաղման բյուրոյի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը։ Այս պաշտոնը թափուր է 2020 թ․ սեպտեմբերի 11-ից, տնօրենի ԺՊ է նշանակվել Հայկ Մարությանի ընկեր Վահե Խաչատրյանը՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սերգեյիչի եղբոր փեսան։ Մեր տեղեկություններով, Մարությանն ամեն ինչ անում է, որ այս յուղոտ պաշտոնին նշանակվի իր մտերիմը, սակայն մրցույթին մասնակցելու համար դիմել է 5 թեկնածու, ուստի թեժ մրցակցություն է սպասվում։ Հիշեցնենք, որ Խաչատրյանը նախկինում զբաղեցնում էր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործարար, «Ռան Օյլ» ընկերության սեփականատեր Ռոբերտ Գալուստյանը՝ Բենզին Ռուբոն, մասամբ վաճառել է իր ընկերությունը: Նշենք, որ այս ընկերությունը զբաղվում է բենզինի եւ դիզվառելիքի վաճառքով: Հետաքրքիր է, սակայն, որ գործարար Գալուստյանն իր ընկերությունը վաճառել է, ոչ ավել, ոչ պակաս, գործարար Խաչատուր Սուքիասյանին: Գաղտնիք չէ, որ վերջինս սերտ հարաբերությունների մեջ է ներկայիս իշխանության շատ ներկայացուցիչների հետ եւ, երեկ տարածված տեղեկությունների համաձայն, փորձում է տեռորի ենթարկել մյուս ընկերություններին եւ մենաշնորհային դիրք գրավել: Թե ինչու է «Ռան Օյլ» ընկերության սեփականատերն այն վաճառելու որոշում կայացրել, փորձեցինք պարզել հենց նրանից: Գալուստյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե մասամբ է վաճառել ընկերությունը եւ այժմ էլ համասեփականատեր է հանդիսանում Խաչատուր Սուքիասյանի հետ միասին: Հարցին՝ ինչու է այն վաճառվել, եւ ինչու հենց Խաչատուր Սուքիասյանին, գործարարը նշեց. «Դա իմ ցանկությունն է, ճիշտն ասած, այդպես էր մեզ պետք: Այնպես չէ, որ կոնկրետ Խաչատուր Սուքիասյանին եմ ընտրել. նա գնորդ է եղել, ես էլ վաճառել եմ: Այնպես չէ, որ հատուկ է այդպես վարվել: Ընկերությունն էլ մասնակի ենք վաճառել, ոչ ամբողջովին», – նշեց նա: Հավելենք, որ «Սիլ կոնցեռն»-ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանն էլ նշում է, թե ընկերությունը ՀՀ օրենսդրությամբ իրավունք ունի ձեռք բերել, հիմնել եւ զբաղվել տարատեսակ բիզնեսներով, այդ թվում` վառելիքի ներկրմամբ, առքով եւ վաճառքով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փետրվարի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը գալու է Ազգային ժողով: Մեր տեղեկություններով՝ այդ օրը նա հանդիպելու է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին: Մենք տեղեկացանք, որ քննարկման թեման տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերներն են հետպատերազմյան Հայաստանում: Հավելենք, որ Ազգային ժողովը մյուս շաբաթ սկսելու է մշտական հանձնաժողովների նիստերը, քանի որ արդեն մարտի 2-ին մեկնարկելու է հերթական նստաշրջանը: Նշենք, որ փետրվարի 24-ին Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկելու է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն է: Այս նախագծով վերջինս առաջարկում է փոփոխության ենթարկել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին տրվող գումարների չափը: Իսկ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում էլ կքննարկվեն սահմանադրական օրենքներ. երկրորդ ընթերցում պետք է անցնի Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու մասին օրենքն ու Դատական օրենսգիրքը: Ընդհանուր առմամբ, խորհրդարանի հաջորդ նստաշրջանը թեժ է լինելու»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Աղվան Վարդանյանի՝ խորհրդարան այցը ԱԺ ղեկավարությանն այնքան է անհանգստացրել, որ անմիջապես հետո ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը գրություն է ուղարկել պատգամավորներին՝ հորդորելով «անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով», պահպանել ԱԺ նախագահի՝ 2019-ի մի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները, մասնավորապես՝ «տվյալ հարկին համապատասխանող ամրաքարտով եւ միանգամյա մուտքի անցագրով այցելուների տեղաշարժը պահպանվող օբյեկտի այլ հարկերով եւ այլ աշխատասենյակներով, առանց հայտատուի ուղեկցման, արգելվում է»: Պատգամավորներից մեկն ասաց, որ ուղիղ ասվել է՝ ով անցագիր է իջեցրել, պարտավոր է դիմավորել՝ սկսած ԱԺ մուտքից, ուղեկցել, չթողնել, որ միայնակ տեղաշարժվի, առավել եւս հակաիշխանական հարցազրույցներ տա հյուրը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին Ֆեյսբուքում քննադատելու պատճառով աշխատանքից ազատվել են «Բարձրավոլտ էլեկտրա­ցանցեր» ՓԲԸ-ի 3 բարձրաստիճան աշխատակիցներ՝ Վահե Մարտիրոսյանը, որը գլխավոր տնօրենի տե­ղակալն էր, Գևորգ Վիրաբյանը՝ իրա­վական հարցերով խորհրդատուն, և Գոռ Մարտիրոսյանը՝ ֆինանսական բաժնի տնօրենը: Տեղեկությունը նախ փորձեցինք ճշտել Գևորգ Վիրաբյանից, սակայն նա հարցին պատասխա­նելու փոխարեն նախ փորձեց ճշտել, թե որտեղից է մեզ տեղեկությունը: «Ձեզ ո՞վ է ասել, հիմա ինձ էլ տեղե­կություն է հասել, որ Դուք ինձ գումար եք պարտք»,- ասաց նա: Խնդրեցինք հարցին պատասխանել, ասաց, որ իրեն չեն հեռացրել, շարունակում է աշխատել, սակայն մենք ԲԷՑ-ի մեր աղբյուրներից լրացուցիչ ճշտեցինք և համոզվեցինք, որ այս պահին Վիրաբյանը ԲԷՑ-ում այլևս չի աշխա­տում: Մեզ հաջողվեց կապ հաստա­տել գլխավոր տնօրենի արդեն նախ­կին տեղակալ Վահե Մարտիրոսյանի հետ: Մարտիրոսյանը հաստատեց, որ իրեն աշխատանքից ազատել են, հար­ցրինք՝ քննադատության համար են ազատել, և արդյոք պատրաստվում է դատական ճանապարհով վերա­կանգնել իր ոտնահարված իրա­վունքները, սակայն նա ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել: Կապվեցինք նաև Գոռ Մարտիրոսյանի հետ, նա էլ ասաց, որ հանգստի մեջ է և այդ հարցը չի մեկնաբանում»:


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ կարծես թե արդեն հստակ է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լքելու է Հայաստանը ու տեղափոխվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Բանն այն է, որ Մակունցի ագրեմանն արդեն ուղարկվել է ԱՄՆ, որպեսզի վերջինս այնտեղ նշանակվի ԱՍՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Մակունցի ագրեմա­նը դեռեւս չի հաստատվել, բայց ԱՄՆ-ից դրական արձագանքներ կան, Մակունցի կենսագրությունը անբիծ է, ու նորմալ են վերաբերվել նրա՝ դեսպան նշանակվելուն: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կարծիքով՝ մինչեւ ամառ Լիլիթ Մակունցն արդեն կլքի իրենց ու կհեռանա Հայաս­տանից: Խմբակցությունում այդքան էլ ոգեւորված չեն այս որոշումով քանի որ, շատերի կարծիքով, Մակունցին հաջողվել էր որպես խմբակցության ղե­կավար շատ հարցերին լուծումներ գտնել: Հիշեցնենք, որ դեռեւս 2018 թվականի հոկտեմբերին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վա­րուժան Ներսիսյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Ներսիսյանը համարվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը, ինչի համար էլ, կարծես թե, իշխանություններ նպատակ ունեն նրան հեռացնել այդ պատասխանատու պաշտոնից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության նիստերը ամեն շաբաթ գնալով էլ ավելի թեթեւ ու իրականությունից կտրված ընթացք են ստանում։ Արցախը կորցրած, 5 հազար զոհ տված կառավարության ղեկավարն արդեն հումորներ է անում, խոսում ապագայի ծրագրերից ու փորձում դրական ցուցանիշներ հայտնաբերել այս համազգային ողբերգության ու ճգնաժամի ֆոնին։ Երեկ նա նորից հիշել էր ՀԴՄ կտրոնների թեման, որոնք իր համար տնտեսության, փաստորեն, միակ ցուցիչն են։ «Փետրվար ամսվա առաջին 15 օրվա տվյալներով՝ Հայաստանում հսկիչ-դրամարկղային կտրոններով ու հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հույսով, որ իր սիրելի «պողոսների» մոտ այս անիմաստ թվերն ու վիճակագրությունը ոգեւորություն կառաջացնեն եւ կներշնչեն, որ իրենց կյանքը պատերազմից հետո կտրուկ լավացել է, նախկինում երբեք այսքան լավ չեն ապրել, ինչքան հիմա»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայկական ժամանակի» տեղեկություններով`Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը շուտով կվերաձեւավորվի: Հանձնաժողովի այն անդամները, որոնք ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, պատերազմից հետո առկա իրավիճակում այլեւս չեն ուզում աշխատել, կփոխարինվեն ուրիշներով: Թեկնածուներ առաջադրելու իրավասությունը Արդարադատության նախարարությանն է, այն ընդունելը՝ վարչապետինը: Արդարադատության նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ թեկնածուներին առաջիկայում կներկայացնեն: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էլ ասաց, որ այդ գործընթացի հետ կապված որեւէ նորություն այս պահին չկա: Խոսելով հանձնաժողովի որոշ անդամների փոխարինման մասին՝ Կիրակոսյանը նկատեց. «Քննարկման փուլում է վերակազմակերպման պրոցեսը, ընթացքի մեջ գտնվող հարց է, ոչ մի բան չի բացառվում»: Մեր ունեցած տեղեկություններով` աշխատելու ցանկության բացակայության պատճառով կարող են փոխարինվել, օրինակ, Կարեն Զադոյանը, Արթուր Ղամբարյանը, Գագիկ Թավադյանը, Անահիտ Մանասյանը, Լեւոն Գեւորգյանը: Արսեն Թավադյանը դեռ տատանվում է՝ ուզո՞ւմ է շարունակել աշխատել հանձնաժողովի կազմում, թե՞ ոչ: Հանձնաժողովի աշխատանքներին այլեւս մասնակցելու ցանկություն չունի նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Տարոն Սիմոնյանը: Պատճառաբանությունը նույնն է՝ հետպատերազմական իրավիճակում դրա ժամանակը չէ: Վաղուց նիստերին չի մասնակցում նաեւ ԲՀԿ-ի գործուղած ներկայացուցիչը՝ Գեւորգ Պետրոսյանը: Վերջինս օրերս ԲՀԿ-ից դուրս է եկել: Այլ ներկայացուցիչ կնշանակի՞ ԲՀԿ-ն հանձնաժողովում, թե՞ ոչ, դեռ պարզ չէ:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Աբխազիայի իշխանությունները մեծ ներդրումներ են իրականացնում Սուխումի քաղաքի օդանավակայանը վերանորոգելու համար: Ըստ մեր աղբյուրի՝ օդանավակայանը կօգտագործվի Սուխումի-Ստեփանակերտ կանոնավոր չվերթների իրականացման համար: Օդանավակայանը փակվել էր վրաց-աբխազական պատերազմի ժամանակ և հետագայում չէր վերագործարկվել, քանի որ դրա տնտեսական նպատակահարմարությունը չկար. Աբխազիայի բնակիչները Ռուսաստան էին գնում կամ ավտոմոբիլային տրանսպորտով կամ երկաթուղով, որը անհամեմատ ավելի մատչելի է: Իսկ հիմա այդ երթուղին կարող է աշխատել, քանի որ Սուխումիով Ռուսաստան կգնան Արցախի բնակիչները»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքապետերի և գյուղապետերի ընտրությունը, ըստ էության, վերացնելով և վարչապետի ու մարզպետների կողմից նշանակվող ժամանակավոր պաշտոնակատարների ինստիտուտ ներդնելով՝ իշխանությունները պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին:  Իշխանությունը հասկանում է, որ առանց տեղական իշխանությունը իրենով անելու հնարավոր չէ ընտրություններում հաջողություն ակնկալել, մանավանդ որ՝ համայնքապետերի մեծ մասը նախորդ իշխանությունների հետ աշխատելու մեծ փորձ ունի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում մի շարք համայնքապետերի, ավագանիների լիազորություններն ավարտվել են, իսկ նոր ընտրություններ արտակարգ, ապա եւ ռազմական դրության պայմաններում չեն անցկացվում։ Կառավարությունը հերթական հակասահմանադրական նախաձեռնությամբ է հանդես եկել՝ շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկում է երկարաձգել լիազորությունների ժամկետը լրացած ավագանիների լիազորությունը մինչեւ նորընտիր ավագանու ձեւավորումը։ Սակայն նույնը չի նախատեսվում համայնքների ղեկավարների պարագայում։ Ճիշտ հակառակը՝ կառավարությունը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակում, ինչը խտրական վերաբերմունք է ընտրված համայնքապետերի նկատմամբ։ Իշխանության մեր աղբյուրներն անկեղծանում են, որ քրեական գործեր հարուցելով՝ չկարողացան ազատվել անցանկալի համայնքապետերից, հիմա կփորձեն օգտվել ռազմական եւ արտակարգ դրության ռեժիմներից։ Այն համայնքապետերը, որոնց պաշտոնավարման ժամկետները կլրանան, կփոխարինվեն իշխանության սրտի թեկնածուներով, որոնք հետագայում ոտքները կպնդացնեն ու կընտրվեն այդ պաշտոնում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել բուհերի ընդունելության համակարգում, որը էականորեն կտարբերվի գործող կարգից: Մասնավորապես առաջարկվում է, որ դիմորդները ընդունելության դիմում-հայտը ներկայացնեն ոչ թե այն բուհում, որտեղ ցանկանում են սովորել, այլ առցանց՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքի միջոցով: Եթե գործող կարգով դիմորդը հայտում հայտագրում է մինչև 2 անվճար և մինչև 8 վճարովի մասնագիտություն, ապա առաջարկվող փոփոխության համաձայն՝ դիմորդը հայտի մեջ կարող է նշել միայն մեկ բուհի և մեկ մասնագիտության անվանում: Նախատեսվում է, որ ընդունելության քննությունները կլինեն երկու փուլով, և առաջին փուլից դուրս մնացած դիմորդները կկարողանան մասնակցել երկրորդ փուլին, մեկ և ավելի բուհի և վեց մասնագիտության հայտագրմամբ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրակրթական դպրոցներում կրճատումների ալիքը շարունակվում է: Մեր տեղեկություններով՝ կրճատում են ուսմասվարներին. որտեղ երկու ուսմասվար կա, թողնում են մեկին: Սա հիմնականում բացատրվում է դպրոցների ֆինանսավորման կրճատմամբ»:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/81497