ԵԽԽՎ-ն Բաքվին և Երևանին կոչ է արել անհապաղ կատարել Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնագիրը

Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է ձեռնպահ մնան քաղաքական երկխոսությանը խանգարող հռետորաբանությունից եւ որքան հնարավոր է շուտ իրականացնեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի դրույթները, ասվում է նախօրեին ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւում, որը վերաբերում է 2020թ. մոնիտորինգային կոմիտեի զեկույցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:


Վեհաժողովը նշել է «Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում» եւ կոչ է արել «Երեւանին եւ Բաքվին որքան հնարավոր է շուտ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, որոնք վերաբերում են հումանիտար հարցերին», ընդգծվում է փաստաթղթում: ԵԽԽՎ-ն նաեւ խորհուրդ է տվել «անհապաղ ձեռնամուխ լինել ռազմագերիների փոխանակմանը, հարգել մշակութային ժառանգությունը, ձեռնպահ մնալ քաղաքական երկխոսությանը խանգարող հռետորաբանությունից»:


Վեհաժողովում «լուրջ մտահոգություն են հայտնել Ղարաբաղում հակամարտության ժամանակ մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների նորմերի խախտման վերաբերյալ», «ինչպես նաեւ կրոնական օբյեկտներին, հուշարձաններին, մասնավոր սեփականությանը հասցված վնասի մասին» հաղորդումների կապակցությամբ: ԵԽԽՎ-ն ակնկալում է, որ «այդ դեպքերը լիովին հետաքննվեն»։ «Ցանկացած խախտում պետք է վերացվի, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն», - ասվում է բանաձևում:


Ազատություն հայ ռազմագերիներին. բողոքի ակցիա ԵԽԽՎ նիստից առաջ


VERELQ-ը հիշեցնում է, որ հունվարի 25-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը բողոքի ակցիա է անցկացրել ԵԽԽՎ նիստից առաջ։


«Մենք սկսել ենք ԵԽԽՎ նստաշրջանը, որ մեր ձայնը բարձրացրել ի նշան բողոքի՝ պահանջելով միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի վրա և շուտափույթ ազատ արձակել հայ ռազմագերիներին», - գրել է Մարուքյանը Facebook-ում՝ հրապարակելով տեսանյութ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/80199