Կամավոր բարեգործությունից ՀԿ մեկ քայլ. «Ձեռք մեկնիր» ՀԿ-ն արցախցի փախստականների կողքին

Պատերազմի օրերին Արցախից ժամանած փախստական ընտանիքներին օգնելու գործընթացը վերածվեց բարեգործական կազմակերպություն ստեղծելու գաղափարը կյանքի կոչելուն. այսօր արդեն «Ձեռք մեկնիր» ՀԿ-ն իրականություն է ու շարունակում է աջակցել փախստականներին:


VERELQ-ի հետ զրույցում կազմակերպության կամավորական Պարույր Սինյավսկիննշեց, որ պատերազմի օրերին ընկերները, ծանոթներն ու անծանոթները գումար էին ուղարկում, այդ թվում և արտասահմանից, որով կամավոր-ընկերները սննդամթերք ու նհրաժեշտ պարագաներ էին գնում ու բաժանում Հայաստանում գտնվող արցախցի փախստականներին: Մինչ օրս կարողացել են անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ավելի քան 500 ընտանիքի:


Իսկ ինչպե՞ս ծնվեց գաղափարը ստեղծել ՀԿ.


"Առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելը անչափ կարևոր է, հատկապես այնպիսի պայմաններում, ինչպիսիք ձևավորվել էին պատերազմի օրերին՝ արցախցի ընտանիքները հազիվ կարողացել էին տեղափոխվել Հայաստան, մեծամասնությունը անգամ հագուստ չի կարողացել վերցնել: Հետևապես բավականին սուր դրված էր ոչ միայն նրանց սննդամթերքով, կացարանով ապահովելու հարցը, այլև հագուստով: Բայց հետո մենք հասկացանք, որ ավելի գլոբալ հարց պետք է կարողանանք լուծել՝ փախստականներին իրապես օգնելու համար անհրաժեշտ է նրանց համար աշխատանք գտնել: Մենք հանձն առանք նաև այդ գործընթացը, օգնում ենք մարդկանց գտնել աշխատանք, որոնք մասնագիտություն ունեն: Իսկ հետո որոշեցինք, որ պետք է ստեղծենք ՀԿ, որը կօգնի նրանց, ովքեր չունեն մասնագիտություն, ձեռք բերել այն",- ասաց մեր զրուցակիցը:


Սինյավսկին նշեց, որ կազմակերպությունը ջանքերը կենտրոնացվելու է փախստականներին արհեստի կամ մասնագիտության ուսուցանելու դասընթացների կազմակերպման վրա, ինչը նրանց կօգնի հետագայում աշխատանք գտնել: «Ձեռք մեկնիր» հասարակական կազմակերպությունը, որը բոլորովին վերջերս է ստեղծվել և գոյատևում է ամբողջությամբ այն միջոցների հաշվին, որոնք ուղարկվում են արտասահմանից  ընկերների ու բարի մարդկանց կողմից, արդեն գրասենյակ ունի Երևանում, որտեղ դասընթացներ են կազմակերպել Արցախից փախստականների և Հայաստանից զինծառայողների ընտանիքների անդամների, պատերազմի հետեւանքով տուժածների, ինչպես նաեւ անապահով ընտանիքների ներկայացուցիչների համար:


"Օրինակ, այս պահին մեզ մոտ մեկնարկել են գրաֆիկական դիզայնի եռամսյա դասընթացները, որոնք անցկացնում է այս ոլորտում հայտնի Սոնա Մանուկյանը: Նախապես ծրագրվում էր հավաքել մեկ խումբ, բայց ցանկացողները շատ էին, այնպես որ՝ ստեղծեցինք երկու խումբ, ուսանողների մի մասը գալիս է մարզերից: Ունենք նաև կարուձևի դասընթաց, կայքերի ստեղծման և զարգացման դասընթացներ, մարքեթինգի դասընթացներ և այլն: Բնականաբար, դասընթացներն անվճար են և արդեն իսկ դրանցում ներգրավված է  շուրջ 40 մարդ»,- ասաց մեր զրուցակիցը ու հավելեց, որ ընթացքում, երբ ֆինանսական հոսքերը հնարավորություն տան, իրենք կընդլայնեն թե՛ դասընթացների ցանկը, թե՛ մասնակիցների քանակը կկարողանան ավելացնել:


ՀԿ-ի գործունեությանը, ինչպես նաև աջակցելու տարբերակներին կարող եք ծանոթանալ այստեղ:




Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/79949