Ղազախստանի դեսպանը հանդիպել է Միրզոյանին և կարևորել խաղաղությունը տարածաշրջանում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:


ԻՆչպես հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից, խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը՝ այս համատեքստում առանձնակի ընդգծելով դեսպանի ավանդը երկու խորհրդարանների միջեւ փոխգործակցության խորացմանն ուղղված ջանքերը:


Արարատ Միրզոյանը դեսպանին է ներկայացրել նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կնքումից հետո ստեղծված իրավիճակը եւ ընդգծել, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին զուգահեռ հայկական կողմի համար այս պահին առաջնահերթ է հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերադարձման հարցը: ՀՀ ԱԺ նախագահի համոզմամբ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկեր բոլոր երկրները պետք է ջանքեր գործադրեն գերիների վերադարձի խնդրի լուծման ուղղությամբ:


Դեսպանը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին արդյունավետ համագործակցության համար՝ վստահեցնելով, որ իր հետագա գործունեության ընթացքում եւս կփորձի նպաստել Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ հարաբերությունների զարգացմանը:


Թիմուր Ուրազաեւը համոզմունք է հայտնել, որ Ղազախստանը շահագրգռված է խորացնելու Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցությունը՝ շնորհակալություն հայտնելով հայկական կողմին Ղազախստանում կայացած խորհրդարանի Մաժիլիսի ընտրություններին միջազգային դիտորդական առաքելության շրջանակում մասնակցելու համար: Դեսպանը, կարեւորելով խաղաղությունը տարածաշրջանի երկրների միջեւ, նշել է, որ ղազախական կողմը մշտապես կոչ է արել առկա խնդիրները կարգավորել բանակցային սեղանի շուրջ: Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է զարգացման եւ նոր կապերի ընդլայնման հնարավորություններ ստեղծել:


Թիմուր Ուրազաեւը վստահեցրել է, որ Ղազախստանը ջանքեր կգործադրի հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ: Քննարկելով երկկողմ համագործակցության օրակարգը` կողմերն անդրադարձել են առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը, ապրանքաշրջանառության աճի տեմպերին, միջազգային խորհրդարանական հարթակներում փոխշահավետ համագործակցությանը, երկկողմ եւ բազմակողմ կապերի խթանմանը եւ այլ հարցերի:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/79588