Գազի մատակարարման խափանումը ունի նաև քաղաքական բաղադրիչ. Դավթյան

Հայաստանում բնական գազի մատակարարման խափանումը թեև պայմանավորված է տեխնիկական պատճառներով, սակայն ունի նաև քաղաքական բաղադրիչ: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:

"Պարզ է, որ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ-կայանից բնական գազի առնման ծավալների հնարավորությունը առավելագույնը կազմում է 6,0 մլն.խմ/օր, ինչը բավարար չէ ԱԳԼՃԿ-ներին ու Երևանի ՋԷԿ-ին անխափան մատակարարում իրականացնելու համար: Սա խնդրահարույց է նաև այն առումով, որ երկրում գործող բնական գազի սակագները մի կողմից խնդրահարույց են բնակչության համար, մյուս կողմից՝ լրջագույն ռիսկեր են ստեղծում ՛՛Գազպրոմ Արմենիայի՛՛ համար՝ հատկապես ներդրումային ծրագրի արդյունավետ կատարման տեսանկյունից: Իսկ ներդրումային ծրագրի ՛՛առյուծի բաժինը՛՛, ինչպես գիտենք, ուղղված է հենց Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայանի ընդլայնման աշխատանքներին:

Միաժամանակ անհասկանալի է, թե ինչու գազատրանսպորային համակարգում վթարի արդյունքում ձևավորված պակասորդը չի լրացվում Իրան-Հայաստան գազամուղի միջոցով, որի թողունակությունը տարեկան կազմում է 2,3 մլրդ խմ, մինչդեռ լավագույն դեպքում դրանով մատակարարվում է մոտ 450-500 մլն խմ:

Պետք չէ բացառել, որ խնդիրը գտնվում է հայ-իրանական հարաբերությունների տիրույթում, որոնք, ինչպես բազմիցս համոզվել ենք վերջին 2,5 տարվա ընթացքում, նպատակային սնանկացման են ենթարկվել Երևանի կողմից",- գրել է փորձագետը:


VERELQ-ը հիշեցնում է, նախօրեին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ս.թ. հունվարի 14-ի ժամը 07:00-ից մինչև ս.թ. հունվարի 15-ը ժամը 07:00-ն դադարեցնել Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումը Վրաստանի տարածքով: Ըստ այդմ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն որոշում է կայացրել ս.թ. հուվարի 13-ի ժամը 23:00-ից 24-ից մինչև 36 ժամով ընդհատել ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/79565