Վրաստանի ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել Ջավախքում. Քննարկվե՞լ է արդյոք հայերի և վրացիների միջև բախումը

Ինչպես այսօր հայտարարել է Վրաստանի ՆԳՆ-ը, նախօրեին Ախալխայում՝ Սամցխե-Ջավախեթի, տեղի է ունեցել նախարարության արտագնա նիստը: Ապրիլի 23-ին հայերի և վրացիների միջև տեղի ունեցած բախման և ոստիկանությունում գրանցված միջադեպի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում, փոխանցում է jnews.ge:

ՆԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ կառույցի ղեկավար Գեորգի Մգեբրիշվիլին հանդիպել է Թբիլիսիի և շրջանների ոստիկանական բաժանմունքների պետերի հետ: Մինչ այդ նշվում էր, որ նախարարն իր հանդիպումների ընթացքում անձամբ կծանոթանա այդ իրավիճակի հետ, որ ստեղծվել է ապրիլի 23-24-ը, սակայն կոնկրետ որոշումներ և գործողություններ այդ հարցում դեռևս չկան:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ի երեկոյան ամենամյա ջահերով երթից հետո, երբ Ախալցխայի երիտասարդությունը խարույկներ է վառել, նրանց և մի խումբ վրացիների միջև բախում է գրանցվել, որը շուտով ավարտվել է: Դրանից հետո երիտասադրներին տեղափոխել են ոստիկանություն, որտեղ նրանց տանջել են և անհարգալից արտահայտվել Հայոց ցեղասպանության զոհերի մասին: Այդ տեղեկատվությունը բուռն դժգոհություն է առաջացրել Սամցխե-Ջավախեթիի հայ բնակչության շրջանում:

Իրավիճակի հստակեցման համար Վրաստանում ՀՀ դեսպանատունն արդեն դիմել է պատկան մարմիններին: Մոտակա ժամանակներս Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը կայցելի Սամցե-Ջավախեթի, որտեղ հանդիպումներ կունենա տեղի հայ բնակչության և տեղական իշխանությունների հետ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/7949