Կարո՞ղ է արդյոք Հայաստանը հրաժարվել թուրքական ապրանքներից

Հայաստան ներկրվող թուրքական ապրանքների նկատմամբ պետական արգելքի կիրառման վերաբերյալ կոչը միանշանական չեն ընդունում փորձագետները: Ավելին՝ նրանցից շատերը կարծում են, որ թեման արհեստածին է, և հատկապես տեքստիլ ապրանքերի գծով Թուրքիայից ներկրված հումքն անփոխարինելի է: Ուստի սահմանափակումների պարագայում կարող է ուղղակի Թուրքիայից ապրանքներ ներկրող առևտրականների ու գործարարների հաշվին ավելանալ գործազուրկների բանակը, ոչ թե այդ ապրանքները փոխարինվեն տեղական արտադրությամբ: նման կարծիք են հայտնում տնտեսագետները:

Պատերազմի արձագանքը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլյան պատերազմից հետո Թուրքիայից ապրանքների ներմուծումն արգելելու գաղափարը շրջանառության մեջ դրեցին մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, որն անմիջապես արձագանք ստացավ Ազգային ժողովում: ԱԺ «Օրինաց երկիր» կուսակցության խմբացության պատգամավոր Լևոն Դոխոլյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ապրիլի 28-ին առաջարկեց արգելել թուրքական ապրանքների ներկրումը, դեպի Թուրքիա ուղիղ չվերթերի իրականացումը, ինչպես նաև այդ երկրում հայերի հանգստի կազմակերպումը, քանի որ Ղարաբաղի հարցում Թուրքիան ընգծված ադրբեջանամետ դիրքորոշում ունի, ժխտում է Հայոց ցեղասպանությունը ու փակ է պահում հայ-թուրքական սահմանը:

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով բարձրացված հարցին, հայտարարեց, որ կառավարությունը կուսումնասիրի իրավիճակը եւ կտա հստակ պատասխան: «Ինքներս քննարկում կնախաձեռնենք և հնարավոր լուծումներ կփնտրենք։ Ակնհայտ է, որ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքները, եթե վնասում են մեր տնտեսությանը, հատկապես գյուղատնտեսությանը, պետք է կոնկրետ գործողություններ իրականացվեն»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ անհրաժեշտ է այնպիսի կանոններ սահմանվել, որ մի կողմից համապատասխանեն առևտրի համաշխարհային կազմակերպության առաջ ստանձնած պարտավորություններին, մյուս կողմից` ԵՏՄ-ի կանոնադրությանն ու ՀՀ օրենսդրությանը։

Չնայած Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային կապի բացակայությանը, երկու երկրների միջև օդային ճանապարհի կամ Վրաստանի տարածքով առկա է խոշոր ծավալների հասնող առևտրաշրջանառություն: 2015-ին Հայաստան-Թուրքիա առեւտրաշրջանառությունը 138,5 մլն դոլար է կազմել: Դա Հայաստանի ընդհանուր արտաքին առեւտրի 2,9 տոկոսն է: 2014-ին Թուրքիայի հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունը 233,7 մլն դոլար էր, ինչն ընդհանուր արտաքին առեւտրի 3,9 տոկոսն էր: Այսինքն, ընդհանուր արտաքին առեւտրի մեջ Թուրքիայի բաժինը նվազել է 1 տոկոսային կետով:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կողմ է Թուքիայից ապրանքների ներկրման արգելքին երկու պատճառով: Դրանք են ՀՀ բնակչության պարենային անվտանգությունը եւ թուրքական պետությանը «չհարստացնելու ցանկությունը»: «Գնելով թուրքական ապրանքը՝ մենք զարկ ենք տալիս թուրքական ռազմա-արդյունաբերական համալիրի զարգացմանը: Ստեղծված պայմաններում սա ուղղակի անընդունելի է, սակայն մինչև արգելք կիրառելը պետք են կոմպլեքս գործողութուններ թուրքական ապրանքներին փոխարինողներ, այլընտրանքներ գտնելու կամ տեղական արտադրությունը զարգացնելու համար», - ասաց նա՝ հավելելով, որ անհրաժեշտ է ստուգել հաճախ մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծվող թուրքական ապրանքների որակը, քանի որ կա պարենային, տնտեսական եւ ազգային անվտանգության խնդիրներ:

Արհեստածի՞ն թեմա

Թուրքական ապրանքների ներմուծման հնարավոր սահմանափակման հարցի քննարկումն արհեստական են համարում Վահագն Խաչատրյանը և Աշոտ Խուրշուդյանը:

«Թուրքական շուկան գտել են հայ առևտրականները և գործարարները: Պետությունը մասնակցություն չի ունեցել: Շատ ապրանքների գծով, եթե այլընտանք լիներ, նույն ՌԴ-ից, ԵԱՏՄ այլ երկրներից կամ Չինաստանից կարող էին ներկրում կազմակերպել: Եթե այդ ապրանքները չեն գալիս, թուրքական ապրանքներն են գալիս, ուրեմն թուրքական ապրանքներն ավելի մրցունակ են»,- ասաց Վահագն Խաչատրյանը՝ նշելով, որ գործարարներն ասում են, թե Թուրքիայից ներկրելը ձեռնտու է: «Այլընտրանքների բացակայության պայամաններում ապրանքների ներկրման արգելումը կարող է հանգեցնել նաև տնտեսության էլ ավելի մոնոպոլացման, քանի որ մատակարարման ուղիների սահմանափակումը միշտ նման հետևանքների է հանգեցնում», - ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով, տնտեսության տեսանկյունից առեւտրի համար սահմաններ պետք է չլինեն: «Սակայն, եթե կան անվտանգության առումով հիմնավորված և լուրջ մտահոգություններ, ապա ես պատրաստ եմ լսել դրանք: Մյուս կողմից անվտանգության հարցի պատասխանատուն նաեւ սպառողն է, որը պետք է ունենա ընտրության հնարավորություն», - ասաց Խաչատրյանը՝ հույս հայտնելով, որ արգելք դնելու որոշում չի ընդունվի, որովհետեւ որեւէ տնտեսական հաշվարկ չկա:

Ապրանքների մուտքի արգելման որոշում կայացնելն ոչ թե տնտեսական, այլ քաղաքական և էմոցիոնալ տարրեր է պարունակում, կարծում է Աշոտ Խորշուդյանը՝ նշելով, որ առաջին հերթին պետք է ոչ թե ներմուծուն արգելել, այլ ներքին անվտանգության հստակ գործառույքներ իրականացնել ու մաքսանենգության դեմ պայքարել: «Կա մանքսանենգության խնդիր, որն առաջնահերթ է, դա է պետք լուծել: Կան հարցեր, եթե կարեւորում ենք, եկեք դրանցով զբաղվենք: Եկեք խոսենք մեր ներքին կարգավորման անվտանգության մասին, քան խոսել ներկրումը փակելու մասին: Պետք է ընդունել, որ թուրքական ապրանքներ կան, որ շատ էժան են», - ասաց նա:

Տնտեսագետի խոսքով, նման քայլի գնալուց առաջ պետք է հաշվի առնել, որ տեղական արտադրանքի զարգացման փոխարեն կարող է ուղղակի գործազուրկների բանակն ավելանալ, և ոպրես հետևանք սոցիալական ալրվածությունն աճի: «Թուրքիայի հետ առևտուր անողները չադապտացվող խավն են, քանի որ 20 տարի է` նույն բանն են անում: Ակնհայտ է, որ հիմա խնդիրներ կունենան նրանք, չեն իմանա` ինչ անել: Այնպես որ, դա էական սոցիալական խնդիր կառաջացնի»,-ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ եթե երկրում չի տարվում հստակ գյուղտնտեսական քաղաքականություն, ապա այդ արգելքը Հայաստանին ոչ մի բան չի տալու տեղական արտադրանքի խթանման առումով:

Քաղաքական ռիսկեր

Խնդիրը դիտարկելով արտաքին քաղաքական տեսանկյունից, ըստ փորձագետների ցանկացած քայլ պետք է պարունակի նաև քաղաքական և դիվանագիտական ուղերձ, քանի որ հայ-թուրքական հարաբերություններն են ծայրաստիճան քաղաքականացված: «Հարց է առաջանում, նման կերպ մենք ինչ արտաքին քաղաքական կամ դիվանագիտական ուղերձ ենք հղում Թուրքիային։ Եթե Թուրքիան ոչինչ չանի, ապա կստացվի, որ անհաջող դիվանագիտություն էր, անհաջող դիվանագիտական ուղերձ, եթե արձագանքի, ապա, այո, կան ռիսկեր», - նկատեց Աշոտ Խուրշուդյանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը ժամանակին մի քանի անգամ այլ առիթներով հայտարարել էր, որ Թուրքիայում անօրինական կերպով բնակվում է շուրջ 100 հազար հայ, որոնց, եթե ցանկանան, կարտաքսեն երկրից նույն օրը: «Մենք նրանց ուղղակի կասենք ցտեսություն և գնացեք տուն», - ասել էր Էրդողանը, ինչի համար թուրքական և միջազգային մամուլը սուր քննադատության ենթարկեց նրան:

Խուրշուդյանի խոսքով, Էրդողանի թիվնծա թվերը թեպետ ուռճացված են, սակայն Թուրքիայւոմ այնքան հայեր կան, որ այնտեղ բնկավող հայերի երեխաների կրթության հարց է դրված։

Տնտեսական և քաղաքական ռիսկերն հաշվի առնելով, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հայտարարեց, որ թուրքական ապրանքներից հրաժարվելու կոչերը տեղին չեն:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/7890