Երևանում պայթեցրել են Հայէկոնոմբանկի գործադիր տնօրենի Lexus-ը

Այսօր, դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Դավթյան փողոցի 1/4 շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ դեռևս անհայտ հանգամանքներում, պայթեցրել են Lexus մակնիշի 300 SL 01 համարանիշի ավտոմեքենան։ Դեպքի վայրում աշխատել են նաև Ոստիկանության փորձաքրեագետները։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։


Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով տուժածներ չկան։ Շամշյանի տեղեկություններով՝ պայթեցված ավտոմեքենան որպես տրանսպորտային միջոց շահագործվում է Հայէկոնոմբանկի գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանի կողմից, սակայն նա ավտոմեքենայում չի եղել։ Վարորդը աշխատանքի գնալիս շարժի է դրել ավտոմեքենան, և մի քանի մետր առաջ ընթանալով, պայթյուն է տեղի ունեցել։


Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արաբկիրի բաժնի պահանվող հատուկ տարածք։ 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/78068