Արա Այվազյանը և Անտոնիո Գուտերեշը քննարկել են մարդասիրական իրադրությունը Արցախում

Նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:


ԱԳ նախարար Այվազյանն ու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերեշը քննարկեցին թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախում ստեղծված մարդասիրական իրադրությունը եւ դրա հետեւանքները տարածաշրջանի համար։ Անդրադարձ կատարվեց ստեղծված հումանիտար ճգնաժամին եւ դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Նախարար Այվազյանն այդ առնչությամբ առանձնահատուկ ընդգծեց միջազգային կառույցների եւ նախեւառաջ ՄԱԿ համապատասխան մարմինների տեղում ներգրավվածության կարեւորությունը։


Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ արտգործնախարարը շեշտեց տեղահանված արցախահայության հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովմանը եւ վերջիններիս իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։ Նախարար Այվազյանը Գլխավոր քարտուղար Գուտերեշին համապարփակ տեղեկություն տրամադրեց Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների եւ բռնության այլ դրսեւորումների վերաբերյալ։


Երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների նորմերի խստագույն պահպանումը, Արցախի պատմամշակութային ժառանագության նկատմամբ հարգալից վերաբերմունքը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/77344