ՀՀ նախագահը քննարկել է ռազմական համագործակցությունը Իտալիայի հետ

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև ռազմական ոլորտում ստորագրված երկկողմ համագործակցության համաձայնագրի շրջանակներում փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

ՀՀ նախագահը և Իտալիայի պաշտպանության նախարարը երկուստեք կարևորել են փաստը, որ ռազմական ոլորտում հայ-իտալական համագործակցությունը չի սահմանափակվում երկկողմ ձևաչափով և ընդգրկում է նաև խաղաղապահության ոլորտը. առաջին միջազգային առաքելությունը, որին միացել է Հայաստանը դեռևս 2004թ., ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունն է Կոսովոյում, որին հաջորդեցին Աֆղանստանի և Իրաքի առաքելությունները:

Սարգսյանը նշել է, որ անցյալ տարվա նոյեմբերից նաև Պինոտիի անմիջական ջանքերի շնորհիվ, 32 հայ խաղաղապահ ծառայություն են իրականացնում Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իտալական հրամանատարության ներքո (Շամա զինավանի անվտանգության ապահովում), ինչը, Նախագահի գնահատմամբ, հիրավի կարելի է համարել այս ոլորտում հայ-իտալական համագործակցության հաջողված մեկնարկ։

Հայ-իտալական ռազմական գործակցության օրակարգում կարևորելով նաև կրթության բնագավառը՝ նախագահը բարձր է գնահատել Իտալիայի կողմից տարիներ շարունակ հայ զինծառայողներին կրթաթոշակներ հատկացնելու հանգամանքը, որի շնորհիվ հայ սպաները բարձր որակի կրթություն են ստանում Իտալիայում: Նախագահը որպես համագործակցության հաջողված օրինակ է բերել Իտալիայի ռազմական ակադեմիայի շրջանավարտ Արտաշես Դանիելյանին, ով Լիբանանում մեր խաղաղապահ զորախմբի հրամանատարն է:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի և Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի շուրջ:

Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը Իտալիայի պաշտպանության նախարարի հետ մասնակցել է պաշտպանության նախարարությունում կազմակերպված տեսակոնֆերանսին, որն անցկացվել է Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո համատեղ խաղաղապահ գործողություն իրականացնող հայ և իտալացի զինվորների հետ:

Ողջունելով սպաներին ու զինվորներին, նախագահը, մասնավորապես, ասել է. «Պարոնայք զինվորներ, սպաներ, ուրախ եմ, որ իմ պաշտոնական այցը Իտալիա մեկնարկում է ձեզ հետ այս յուրահատուկ հանդիպմամբ, ինչը նշանակում է, որ հայ-իտալական հարաբերություններում ռազմական փոխգործակցությունն ունի իր յուրահատուկ տեղը: Թերևս ձեզնից շատերը հիշում են, որ 11 տարի առաջ, ղեկավարվելով անվտանգության ոլորտում կոլեկտիվ պատասխանատվության գիտակցումով, մենք սկսեցինք մասնակցել խաղաղապահ առաքելություններում: Առաջինը Կոսովոն էր և, հաշվի առնելով փորձի հաջողված լինելը, մենք շարունակեցինք այն Իրաքում, Աֆղանստանում և հիմա էլ ձեր անմիջական մասնակցությամբ՝ Լիբանանում:

Ուզում եմ հատուկ շեշտել Լիբանանում իրականացվող առաքելության կարևորությունը մեզ համար. Լիբանանը ոչ միայն շատ հեռու պատմական ժամանակներում, այլ նաև հիմա մեզ համար բարեկամ երկիր է: Մենք պարտք ունենք լիբանանցիներին վերադարձնելու, թեև երբեք չենք կարողանա փոխհատուցել այն, ինչը նրանք արեցին ցեղասպանությունից մազապուրծ մեր քույրերի և եղբայրների համար. նրանք ոչ միայն հնարավորություն տվեցին մեր հայրենակիցներին ապրելու իրենց երկրում, այլ նաև պահպանելու իրենց ինքնությունը, ազգային արժանապատվությունը: Ես հպարտ եմ ու մի քիչ էլ հուզված, որ այսօր ճակատագիրն այս հնարավորությունը տվել է մեր զինված ուժերին, և այս հնարավորության անմիջական կատարողները դուք եք»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/773