Մամուլ. Վարձկանները ադրբեջանական անձնագրերով անարգել ներթափանցում են Ռուսաստան

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ արդեն միջազգային տարբեր կառույցների կողմից ապացուցված իրողությանը, որ Արցախի դեմ գործում են ահաբեկիչներ և ջիհադիստներ։ «Փաստ է այն, որ Արցախի դեմ կռվում են ահաբեկիչներ և ջիհադիստներ, նրանք կատարում են պատերազմական հանցագործություններ, նրանք պատրաստվում են իրենց ահաբեկչական գործողություններն իրականացնել այլ երկրներում»,- նշել էր Թաթոյանը; Հիշեցնենք, որ դեռևս հոկտեմբերի երկուսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց. «Փաստեր կան, որ Ղարաբաղի մարտական գործողություններին Թուրքիայից սիրիական վարձկաններ են մասնակցում», իսկ հոկտեմբերի յոթին ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը նշեց. «Ես կոչ եմ արել ԱՄՆ պետքարտուղարությանը շարունակել Թուրքիային հասցնել այն, որ տարածաշրջանում զինյալների տեղակայումն անընդունելի է և կհանդիպի ԱՄՆ-ի պատասխանին»:


Ապա ՌԴ ներքին հետախուզության պետ Սերգեյ Նարիշկինը հոկտեմբերի վեցին նշեց. «ԱՀԾ տեղեկություններով՝ հակամարտության գոտի ակտիվորեն ժամանում են Մերձավոր Արևելքում պատերազմող միջազգային ահաբեկչական խմբերի վարձկաններ, ինչպիսին են «Ջեբհաթ ան-Նուսրան», «Ֆիքրաթ ալ-Համզան», «Սուլթան Մուրադը», ինչպես նաև ծայրահեղական քրդական խմբավորումներ»։ Հիմա էլ Ստամբուլում լուրեր են պտտվում այն մասին, որ թուրքական հատուկ ծառայությունները երբ Սիրիայում հավաքագրում են ահաբեկիչներին, որպեսզի Ադրբեջան ուղարկեն Արցախի դեմ կռվելու, նրանցից մի մասին ադրբեջանական անձնագրեր են տրամադրում: Ու չի բացառվում, որ ոչ բոլոր ահաբեկիչներն են ի վերջո ճակատ հասնում։ Նրանց մի մասը, օգտվելով Ադրբեջանի և Ռուսաստանի միջև գործող ոչ վիզային ռեժիմից, կարողանում են անարգել հասնել Ռուսաստանի Դաշնություն, ինչը նշանակում է, որ Ռուսաստանում օրեցօր մեծանում է ահաբեկչության վտանգը: Հիշեցնենք, որ ընդամնեը շաբաթներ առաջ՝ հոկտեմբերի 13-ին, Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում փոխհրաձգություն էր տեղի ունեցել գրոհայինների և իրավապահների միջև: Ավելին, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել էր, թե գրոհայինները Գրոզնի էին ներթափանցել արտերկրից, որոնք մի շարք ահաբեկչական գործողություններ էին պլանավորել տարածաշրջանում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 19-ից Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները համակարգող գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն արդեն վերադարձել է Երեւան: Արտակ Դավթյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե իր առջեւ դրված խնդիրներն ինքն արդեն ավարտել է, ինչի համար էլ Սյունիքից վերադարձել է: Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետն էր, որը հունիսի 8-ին անակնկալ ազատվեց աշխատանքից, իսկ արդեն հուլիսի 17-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ նշանակվեց։ Հետաքրքիրն այն է, որ այս օրերին լարված իրավիճակ է Սյունիքի մարզում, սակայն պաշտպանական աշխատանքները համակարգող Դավթյանը վերադարձել է Երեւան: Մեր դիտարկմանը, թե արդյոք սա նշանակում է, որ Սյունիքում որեւէ լարվածություն չկա, ինչի համար վերջինս արդեն հետ է վերադարձել, մեր զրուցակիցը կրկնեց, որ ինքը վերադարձել է, քանի որ իր առջեւ դրված խնդիրները լուծել է: «Խնդիրները, որը դրված էին իմ առջեւ, կատարվել են, դրա համար վերադարձել եմ: Իմ մասով այլ գործողություն չկա», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց նա»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վատացել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը։ Արցախում հոկտեմբերի 19-ին վիրավորված Միքայելյանը մի քանի շաբաթ «Էրեբունի» ԲԿ-ում, հոսպիտալում բուժումը ստանալուց հետո դեռեւս չի ապաքինվել։ Երեկ նա տեղափոխվել է համալսարանական թիվ 1 կլինիկա՝ անոթային դուպլեքս հետազոտության։ «Հայրենիքի պաշտպան» կենտրոնում եզակի սարքավորումներ կան, իսկ Միքայելյանը վնասվածք է ստացել մեջքի եւ ոտքի թաթի հատվածում, 2 անգամ վիրահատության է ենթարկվել, սակայն ոտքի խնդիրը գնալով սրվում է, անոթներն արյուն չեն ստանում, վերականգնմանը խանգարում են նաեւ կողմնակի հիվանդությունները, որոնք նաեւ անհնարին են դարձնում նոր վիրահատությունը։ Ոտքերն այտուցվել են, եւ վիճակը բարվոք չէ։ Հիվանդանոցի խոսնակ Շուշան Դանիելյանը մեզ հայտնեց, որ Միքայելյանի մոտ հետվիրահատական խնդիրներ կան, անոթային հետազոտություն է անցել իրենց մոտ, «ամբողջական հետազոտության արդյունքները» հայտնի կլինեն այսօր կեսօրին։ Տեղեկացանք, որ կլինիկան առավելագույնս ծանրաբեռնված է, եւ հիվանդներն անգամ բժիշկների ու ռեկտորի աշխատասենյակներում են պառկած»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ռուսական քաղաքական շրջանակների հետ հանդիպման նպատակով Մոսկվա գործուղված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը նախօրեին վերադարձել է: «Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ պատվիրակությունն արժանացել է բարձր ընդունելության. մի շարք բովանդակալից հանդիպումներ են տեղի ունեցել ինչպես իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչների, այնպես էլ այլ պաշտոնյաների հետ՝ վերջիններիս հետ քննարկելով Արցախի դեմ սանձազերծված պատերազմն ու տևական խաղաղության հաստատման տեսլականը: Ի դեպ, մեր աղբյուրները ևս հաստատում են շրջանառված այն տեղեկությունը, որ ռուսաստանյան բարձր քաղաքական օղակներից փակ ծրարով նամակ է օրերս փոխանցվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Թե՛ այցի մանրամասների և թե՛ առավել ևս նամակի բովանդակության մասին ԲՀԿ-ականները որևէ մեկնաբանություն չեն տալիս»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ «դասալիք» պաշտոնյաների մասին հրապարակային հայտարարությունը միանշանակ չի ընդունվել Արցախում։ Այստեղ կարծում են, որ դրանով «թշնամի ենք ուրախացնում»։ Հիշեցնենք, որ նախօրեին նա հայտարարեց «Արցախի Հանրապետությունը լքած բարձր եւ ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսեւորած ամոթալի վարքագծի» մասին, որին հաջորդեցին մի խումբ փոխնախարարների ազատումները։ ԱՀ խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի կարծիքով, պաշտոնյաներին ազատելը ճիշտ քայլ էր, փաստը հրապարակայնացնելը՝ սխալ․ «Նախ՝ սխալ են արել, որ այդ մարդկանց պաշտոն են տվել, որ հիմա էլ ազատում են, պատերազմի ժամանակ փորձել ուղղել սխալը՝ այնքան էլ պատեհ պահ չէ․․․ նման մարդկանց պետք է ոչ թե պատերազմի ժամանակ ճանաչել, այլ մինչ պատերազմը, եւ իմանալ, թե ում են նշանակում, ում են վստահում պատերազմող երկրի պետական կառավարումը»։ Հաշվի առնելով պաշտոնական հայտարարությունները, թե հարցը կարող է տեղափոխվել իրավական դաշտ, հարցրինք՝ ի՞նչ «սանկցիաներ» են հաջորդելու։ Պատգամավորն ասաց՝ դրա ժամանակը չէ․ «Հիմա Արցախը փրկելու խնդիր է դրված մեր առջեւ, հետո նոր միայն՝ դրա ածանցյալներով»։  Նշենք, որ Հարությունյանի հրամանագրով ազատված պաշտոնյաների թվում է Արցախի ԿԸՀ անդամ Եղիշե Արզումանյանը։ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը մեզ չբացատրեց, թե ինչ կարգավիճակով է ԿԸՀ անդամը բացակայում երկրից։ Գուցե արձակուրդո՞ւմ է կամ լքել է աշխատանքը եւ տեղափոխվել Հայաստա՞ն։ «Ես այդ հարցերով չեմ զբաղվում, տեղս էլ անհարմար է, չեմ կարող խոսել»։ Ի դեպ, Եղիշե Արզումանյանը 65 տարեկան է, իսկ նոյեմբերին լրանում է ԿԸՀ անդամների լիազորությունների ժամկետը, եւ նոր կազմ պետք է ընտրվի»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի պատերազմը, որն արդեն ընթանում է մոտ 40 օր, բավական ծանր եւ դաժան է իր տեսակով։ Շատ է խոսվել այս պատերազմի առանձնահատկություններից, իսկ դրա էական հանգամանքներից մեկն այս պատերազմում Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունն է. ըստ փաստական տվյալների եւ բազմաթիվ փորձագետների համոզման, պատերազմի սանձազերծման «քավորը» հենց Թուրքիան է։ Բացի այն, որ Թուրքիան զենք եւ զինամթերք է մատակարարում Ադրբեջանին, ըստ միջազգային լրատվամիջոցների տեղեկությունների, նա նաեւ ամբողջովին իր ձեռքն է վերցրել նաեւ բանակի կառավարումը, եւ այդ գործերին չի թողնում խառնվել ադրբեջանական գեներալներին, որոնք դարձել են թուրք զինվորականների խամաճիկը։ Տեղեկություններ են շրջանառվում, որ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ է «ֆուկ» արվել։ Ըստ էության, Էրդողանի խամաճիկի վիճակում է նաեւ արհեստածին պետության ղեկավարը՝ Իլհամ Ալիեւը: Բնականաբար, այն, ինչ տեղի է ունենում ադրբեջանական բանակում, դուր չի եկել Բաքվի գեներալիտետին, եւ տեղեկություններ կան, որ հնարավոր է լուրջ դժգոհությունների ալիք բարձրանա՝ անգամ ապստամբության մակարդակով։ Եթե սրան գումարենք այն հավաստի տեղեկությունները, որ Ադրբեջանում ապրող էթնիկ փոքրամասնությունները՝ թալիշները, ավարներն ու լեզգիները, դժգոհում էին, որ իրենց երեխաներին ավելի շատ են զորակոչում բանակ ու վարձկանների հետ հենց նրանց են սարքում «թնդանոթի միս», պատկերն առավել ամբողջական կդառնա։ Ասել է թե, Ադրբեջանը բավականին ծանր օրեր է ապրում ոչ միայն մարտի դաշտում, այլեւ թիկունքում։ Եվ չի բացառվում՝ մի առավոտ պարզվի, որ Ալիեւը սեփական երկրում հայտնվի «իզգոյի» եւ վտարանդու կարգավիճակում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին մոտ 7 տասնյակ մտավորականներ վարչապետին եւ ժողովրդին կոչ ուղղեցին՝ «հրաժարվել բոլոր տարաձայնություններից եւ լծվել հայ ժողովրդի հաղթանակի կերտմանը»։ Ինչպես նաեւ կոնկրետ առաջարներ արեցին․ «Քննարկել բոլոր հնարավոր լուծումները, ներառյալ՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված, հստակ լիազորություններով օժտված ռազմաքաղաքական հատուկ մարմնի ձեւավորումը»։ Հիշեցնենք, որ ռազմաքաղաքական շտաբ ստեղծելու առաջարկով շաբաթներ առաջ հանդես եկան արտախորհրդարանական 16 կուսակցություններ, որոնց առաջարկը մնաց օդում կախված։ Հետո ՀՅԴ-ն իր վրա է վերցրել առաջարկի լոկոմոտիվի դերը եւ մտավորականների հավաք է նախաձեռնել։ Ապա միանձնյա կազմել է հայտարարության տեքստը, ստորագրություններ է հավաքել եւ գործընկեր կուսակցություններին ուղարկել՝ առաջարկելով միանալ հայտարարությանը։ Պատահական չէ, որ ցանկում ընդգրկվածներից շատերը դաշնակցական են։ Մտավորականներին մոբիլիզացրել է Բագրատ Եսայանը, տեքստը գրվել է ՀՅԴ ԳՄ-ում։ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ մտավորականներին մոբիլիզացնելու կարիք չկա․ «Նրանք ազատ քաղաքացիներ են, իրենց կարծիքն ազատ հայտնում են, առավել եւս՝ չեմ կարծում, թե այդ ցանկում այն մտավորականներն են, որոնց պետք է ուղղորդել։ Իսկ քաղաքական ուժերն իրենց կարծիքն արդեն հայտնել են»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է 0.5 տոկոս գնաճ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից: Մեզ հայտնի դարձավ, որ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել են 0.8 տոկոսով, ինչը, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, հիմնականում պայմանավորվել է մսամթերքի, կաթնամթերքի, բանջարեղենի, յուղերի, շաքարի եւ շաքարավազի 0.9-9.8 տոկոս գնաճով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շաքարն ու շաքարավազը մեկ ամսվա ընթացքում 9.8 տոկոսով թանկացել են, ընդ որում՝ միայն շաքարավազի գինը բարձրացել է 11. 4 տոկոսով: Բացի այս, պաշտոնապես կաթնամթերքի, պանրի եւ հավկիթի շուկաներում հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է 1.1 տոկոս գնաճ: Օրինակ, ձվի գինը մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 4.1 տոկոսով: Ի դեպ, չնչին, բայց թանկացում արձանագրվել է նաեւ մսամթերքի շուկայում, ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 0.9 տոկոսով: Բարձրացել են նաեւ ալկոհոլային խմիչքի, ծխախոտի գները, պաշտոնապես՝ 0.1 տոկոսով: Իսկ, ահա, հացաբուլկեղենի եւ ձավարեղենի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 0.2 տոկոս, փոխարենը էժանացել է միրգը 1.1 տոկոսով»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/76086