Հայկական կողմը հաստատում է երրորդ հայ ռազմագերու տվյալները

Հայկական կողմը հաստատում է ադրբեջանական գերության մեջ հայտնված երրորդ հայ ռազմագերու՝ Ալբերտ Միքայելյանի վերաբերյալ տվյալները։ NEWS.am–ի հետ զրույցում փաստաբան Սիրանուշ Սահակյանը հայտնեց, որ Միքայելյանի ընտանիքի անդամները ճանաչել են նրան։


Ներկայումս Միքայելյանի մասով ևս գանգատ են պատրաստվում ներկայացնել ՄԻԵԴ՝ խնդրելով կիրառել հրատապ միջոց և որպես հայցի ապահովման միջոց՝ պարտավորեցնել Ադրբեջանի կառավարությանը՝ ապահովել Ալբերտ Միքայելյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրա առողջության իրավունքը։


Երեկ ադրբեջանական աղբյուրներում տարածվեցին գերեվարված երեք հայ զինծառայողների՝ Արեգ Սարգսյանի, Նարեկ Ամիրջանյանի և Ալբերտ Միքայելյանի լուսանկարները, մինչդեռ ավելի վաղ հաղորդվում էր երկու հայ ռազմագերու մասին տեղեկատվություն։


Հիշեցնենք որ հոկտեմբերի 16–ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։ Միևնույն ժամանակ, դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև հոկտեմբերի 22–ը Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ։


Որոշման հաջորդ օրը գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել էին ծնողներին, հայտնել, որ ողջ են և գտնվում են հոսպիտալում։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/75161