Մարզային հիվանդանոցներից մեկը ծավալվել է որպես թիկունքային հոսպիտալ. փոխնախարար

Այսօր, հաշված ժամերի ընթացքում, առողջապահության նախարարության կողմից մարզային հիվանդանոցներից մեկը ծավալվել է որպես թիկունքային հոսպիտալ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը:


«Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի առաջին իսկ ժամերից սկսած առողջապահության նախարարությունը և ամբողջ առողջապահական համակարգը լծվել է ծառայելու մեր հայրենիքի պաշտպաններին:


Այսպես. սեպտեմբերի 27-ի առավոտյան ՀՀ սահմանամերձ համապատասխան ուղղություններով գործարկվել է վիրավորների տարհանման համակարգը ներառյալ համապատասխան ուղղություններով տեղակայված բժշկական կազմակերպություններում և Արցախի Հանրապետությունում տասնյակ շտապ օգնության մեքենաների տեղակայումը, որոնց միջոցով աննախադեպ արագությամբ և օպերատիվությամբ իրականացվել է բազմաթիվ վիրավորների տեղափոխում` դեպի մայրաքաղաքի և այլ վայրերի բազմաթիվ բժշկական հաստատություններ:


Առայսօր հարյուրավոր բժիշկներ առողջապահության նախարարության ուղղորդմամբ մեկնել են առաջնագիծ և այլ հիվանդանոցներ` ծառայելու Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին: Հարյուրավոր բժիշկներ այս պահին հերթագրված են և բառիս բուն իմաստով անհամբեր սպասում են համապատասխան հրահանգի` մեկնելու առաջնագիծ և այնտեղ մատուցելու իրենց ծառայությունները:


Առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմի աշխատակիցները սեպտեմբերի 27-ին մեկնել են Արցախի Հանրապետություն և վիրավորների տարհանման համակարգի համապատասխան վայրեր` տեղում համակարգելու վիրավորների բժշկական օգնության, սպասարկման և տարհանման աշխատանքները: Բոլոր վերոհիշյալ վայրերը ապահովվել են անհրաժեշտ դեղորայքով, բժշկական պարագաներով, բժշկական սարքավորումներով:


Երևանում տեղակայված բոլոր հիվանդանոցները առաջին իսկ օրվանից ընդունում են վիրավորներին և իրականացնում են նրանց որակյալ բժշկական օգնությունը:


Այսօր, հաշված ժամերի ընթացքում, առողջապահության նախարարության կողմից մարզային հիվանդանոցներից մեկը ծավալվել է որպես թիկունքային հոսպիտալ: Ծավալումը իրականացվել է համապատասխան մարզպետարանի և պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Ընդամենը 4 ժամվա ընթացքում ներդրվել է համապատասխան ուղղությունից դեպի թիկունքային հոսպիտալ տեղափոխման և հետագա դուրսգրման սխեման, ծավալված հոսպիտալը ապահովվել է անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, տարանջատվել են քաղաքացիական պացիենտների և վիրավորների հոսքերը, ապահովվել է հաստատության անվտանգությունը` ոստիկանության ուժերով: Թիկունքային հոսպիտալը համալրվել է շտապ բժշկական օգնության լրացուցիչ մեքենաներով: Այն արդեն իսկ գործում է և սպասարկում է մեր հերոսներին:


Հավելեմ նաև, որ անխափան գործում է արյան բաղադրամասերի ապահովման ծառայությունը:


Բոլոր գերատեսչությունները` պաշտպանության նախարարությունը, մարզպետարանները և այլոք 24 ժամյա պատրաստակամությամբ ջանք չեն խնայում հայրենիքի պաշտպաններին փրկելու գործում:


Զինվոր քո թիկունքը ամուր է և պինդ քան երբևէ: Դու ծառայում ես Հայրենիքին, մենք ծառայում ենք Քեզ», - ասված է նրա գրառման մեջ:



Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/73910