Մամուլ. Արցախցի գեներալները ռազմի դաշտում են

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախցի գեներալները ռազմի ճակատում են, անգամ նրանք, ում դեմ այս իշխանությունը քրեական գործեր է հարուցել, այդ թվում՝ Վիտալի Բալասանյանը։ Սակայն մի քանի օր առաջ ԱԱԾ-ն ծանուցագիր էր ուղարկել Բալասանյանին։ Նա երեկ՝ սեպտեմբերի 28-ին, պետք է ներկայանար Երեւան՝ հարցաքննության։ Հիշեցնենք, որ Բալասանյանն օրեր առաջ Երեւանում հանդիպումներ էր ունենում քաղաքական ուժերի հետ, տագնապ հնչեցնում, որ հայրենիքը վտանգի մեջ է։ Գաղտնիք չէ, որ ԱԱԾ-ն դադարել է ՀՀ անվտանգության հարցերով զբաղվել եւ ծառայում է բացառապես իշխանություններին։ Երեկ լուր տարածվեց, որ Վիտոն գրավել է Լելեթեփեն»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ արցախաադրբեջանական պատերազմի սկսումից ի վեր, Հայաստանում եւ Արցախում մոբլիզիացիա է սկսվել։ Բոլորը միասնական խնդիր են դրել իրենց առջեւ ամեն գնով հաղթելու։ Միասնականության շունչն այս օրերին մեր երկրում թեւածում է ամենուր՝ բոլոր ոլորտներում ու բնագավառներում՝ չհարցնելով տարիք ու սեռ։ Միասնականության որոշակի դրսեւորումներ նկատվեցին նաեւ Հայաստանի քաղաքական բզկտված դաշտում, եւ չնայած ժլատ բառապաշարով, այնուամենայնիվ գործող իշխանության կողքին կանգնելու մասին հայտարարեցին տարբեր քաղաքական գործիչներ։ Բայց համաձայնեք, որ այդ իրավիճակը չի կարող գոհացուցիչ լինել, քանի դեռ մեր երկրի նախկին գերագույն գլխավոր հրամանատարները չեն կանգնել նույն հարթակի վրա։ Իսկապես դրական իմաստով մատնացույց անելու դրսեւորում կլիներ, եթե առաջիկա օրերին ռազմական դրությունից բխող կենսական անհրաժեշտության հարցեր քննարկվեին թիվ մեկ քառյակի շրջանակներում՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ Նիկոլ Փաշինյան։ Կտեսնե՞նք արդյոք այս համագործակցությունը՝ ընդդեմ հայ ազգի ընդհանուր թշնամու եւ հանուն մեր երկրի անվտանգության, ցույց կտա ժամանակը։ Միայն այս պահին կարող ենք արձանագրել, որ այս առումով մշտապես օրինակելի է եղել մեր փոքր եղբայր Արցախը։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս 2018 թվականի հուլիսին տված իր ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Արցախյան հակամարտության հարցում անհրաժեշտության դեպքում պատրաստ է բանակցել նաեւ Սերժ Սարգսյանի հետ»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքներում զորակոչը կազմակերպելու համար բացվել են փակված զինկոմիսարիատները: Վիգեն Սարգսյանի պաշտպանության նախարար եղած ժամանակ քաղաքային զինկոմիսարիատները լուծարվեցին և դրանց փոխարեն ստեղծվեցին մարզային զինկոմիսարիատներ: Հիմա, երբ պարզվել է, որ դրանք անհրաժեշտ են, զինկոմիսարիատները վերաբացվում են տարբեր հաստատությունների տարածքներում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ռազմական դրություն հայտարարելուց հետո իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների մասնակցությամբ խորհրդարանում փակ քննարկում է ընթացել։ ԱԺ ընդդիմությունն իշխանությունից պահանջել է ժամ առաջ Արցախի ճանաչման գործընթաց սկսել, քանի որ միջազգային հանրությունից որեւէ ակնկալիք չկա, եւ անցած 30 տարվա պատմությունը դա է ցույց տալիս։ Սակայն պատասխան են ստացել՝ քանի դեռ բանակցությունների փոքրիկ հույս կա, պետք է հետաձգել ճանաչումը, թեեւ չի բացառվում, որ ամեն պահի հարցը կարող է օրակարգ մտնել։ Դրա նախաքայլն արված է ռազմական դրություն հայտարարելով»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ի պատիվ պաշտպանության նախարարության, պատերազմական գործողությունների այս օրերին ՀՀ ռազմական ղեկավարությունը կարեւորել ու հաշվի է առել նախկին ու ներկա բոլոր բարձրաստիճան զինվորականների փոխանցած տեղեկություններն ու նրանց աջակցությունը։ «Բանակում հին ու նոր չկա» տրամաբանության շրջանակում զինված ուժերի պատասխանատուները համակարգում ներգրավել են պատերազմի բովով անցած, ժամանակին կարեւոր դերակատարում ունեցած անձանց, որոնք այս ողջ ընթացքում կապի մեջ են եղել ՊՆ-ի հետ»:


«Իրատես» թերթը գրում է. «Կիրակի վաղ առավոտյան արցախա- ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով սանձազերծված պատերազմը որոտ չէր պարզ երկնքում։ Հուլիսյան մարտերից հետո ամեն օր ռազմական փորձագետները, վերլուծաբանները գուժում էին, որ Ադրբեջանն ինտենսիվ պատրաստվում է լայնածավալ ռազմական արշավի, պատերազմի շունչ կա օդում։ Չնայած փորձագետ պետք չէր լինել հասկանալու համար, որ Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները ժամ առաջ մոտեցնում են պատերազմը։ Ավելին, Թուրքիայի գործոնը ևս վաղուց գաղտնազերծված էր, և հայկական կողմը գիտեր, որ այս պատերազմը սկսելու է թուրք-ադրբեջանական սիամական զույգը։ Իրավիճակը հստակ գիտակցում էր Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, պաշտպանական գերատեսչությունն ամենօրյա պատրաստության մեջ էր։ Քաղաքական ղեկավարությունը, կարծես, դիվանագիտական ճակատում հարցը փակել էր և խնդիրը թողել բանակին։ Սրա մասին է հուշում նաև այն, որ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները Նիկոլ Փաշինյանն անարձագանք էր թողնում։ Հիմա խնդիրը ռազմի դաշտում է որոշվում, լռել է դիվանագիտությունը, գործի է դրվել զենքը։ Դեռ վաղ է ասել, թե պարտադրված այս պատերազմից քաղաքական ինչ «ավար» կունենանք, բայց մի քանի բան պետք է միշտ հիշել. երբ միջազգային հանրությունն իր հայտարարություններում հավասարության նշան է դնում ռազմատենչ Ադրբեջանի և սեփական հողում իր գոյության իրավունքը պաշտպանող Հայաստանի միջև, պետք չէ այդ հանրույթը թշնամի հայտարարել, ինչ է թե՝ չի մտածում քո մասին։ 


Նախ պիտի ինքներս մեզ հարց տանք՝ իսկ մենք նրա հետ կառուցել կամ ունե՞նք այնպիսի հարաբերություններ, որոնք կնպաստեին թացը չորից զատելուն։ Երբ ամեն անգամ փորձում ենք աշխարհին ցույց տալ, որ մեր ախոյանը քնած մարդուն կացնահարողի, խաղաղ բնակչությանը մորթողի, զինվորին գլխատողի գենետիկ կոդ ունի, ինքներս մեզ հարց տվե՞լ ենք՝ միջազգային հանրությունն ինչպե՞ս է հավատալու դրան, երբ մեր ներսում կան մարդիկ, որոնք նման դրկիցի հետ խաղաղ ապրել են փայփայում։ Չե՞ն ասի՝ մեզ ինչու՞ եք վատամարդ դարձնում, եթե ինքներդ դեռ խելքի չեք եկել։ Իսկ երբ որոտում են թնդանոթները, արդարություն պահանջելն անիմաստ գործ է անարդար աշխարհից։ Այս պահերին է երևում դիվանագիտությանդ ուժը, թե նախորդ ժամանակահատվածում քանի պետության հետ ես կարողացել ճիշտ աշխատել, քանիսին ես տևական ու հետևողական աշխատանքով համոզել քո արդարացիության մեջ։ Մի դիտարկում ևս. հայերս միշտ ցավոտ ենք արձագանքում, երբ հատկապես Ռուսաստանն է Ադրբեջանն ու Հայաստանը հավասար հարթության վրա դիտարկում, բայց խաղաղ պայմաններում ցանկանում ենք «պոկվել» Ռուսաստանից ու դառնալ եվրոպացի։ Հիմա պատերազմ է, ու մենք էլ պատերազմողի հոգեբանությամբ ենք դատողություններ անում, մինչդեռ վաղուց ժամանակն է, որ սովորենք խաղաղ օրերին մտորել, ծանր ու թեթև անել, սթափ գնահատել իրողությունները»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչեւ այս շաբաթվա վերջ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը կարող է դիրքորոշում հայտնել Հայաստանի կողմից դիմումների վերաբերյալ: Ինչպես հայտնի է, Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ, իսկ երեկ էլ ՀՀ-ն ՄԻԵԴ-ին նոր փաստեր էր ուղարկել Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ: Նա նշեց, թե ՄԻԵԴ-ը պետք է Ադրբեջանի կառավարությանը հարցեր ուղարկի, ստանա պատասխաններ, ապա կլինի նաեւ ՀՀ պատասխանը: «Հիմա սպասում ենք դատարանի պատասխանին: Եղել է մեկ դիմում միջանկյալ միջոց կիրառելու մասին, որը նախօրեին էր ուղարկվել, իսկ երեկ ուղարկվել են նոր փաստեր Ադրբեջանի գործողությունների մասին, որոնք արդեն եղել էին օրվա ընթացքում: Դատարանը հրապարակայնորեն արդեն հայտնել է, որ ստացել է Հայաստանի դիմումը, մնում է, որ դատարանն անդրադառնա եւ քննարկի այդ որոշումը: Կարծում ենք, որ արագ կստացվի պատասխանը, չեմ կարող կանխատեսել, բայց հաշվի առնենք, որ կա քաղաքական կոմպոնենտ, պետք է սպասենք մեկ-երկու օր, եւ պարզ կլինի դատարանի արձագանքը», – նշեց նա: Հիշեցնենք, որ երեկ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի հարցին՝ արդյոք իրականացնում ենք գործողություններ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական հանցագործությանը միջազգային մակարդակով իրավական ընթացք տալու համար, վարչապետը նշեց, որ այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկվել են ու կձեռնարկվեն։ Եվ, ահա, շատ չանցած՝ ՄԻԵԴ-ը մամուլի հաղորդագրություն տարածեց»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՍԴ-ում շարունակվել է ուրբաթ օրվա անավարտ աշխատակարգային նիստը, որի ժամանակ պետք է ՍԴ փոխնախագահ ընտրեին, սակայն թեկնածություն չի առաջադրվել, ոչ ոք չի ինքնառաջադրվել։ ՍԴ-ում որոշել են, սահմանային իրավիճակով պայմանավորված, առաջիկա օրերին նիստ հրավիրել եւ քննարկել մի քանի համաձայնագրեր, որոնք պետության համար կարեւոր նշանակություն ունեն։ Խոսքը վարկային պայմանագրերի մասին է։ Իսկ ՍԴ նախագահի եւ փոխնախագահի հաջորդ ընտրությունը տեղի կունենա սահմանված 5-օրյա ժամկետում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել նրա նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու դատարանի որոշումը: Ծառուկյանի կողմնակիցները հույս ունեն, որ Ծառուկյանի ազատ արձակման վրա էական ազդեցություն կարող է գործել նաև հայ-ադրբեջանական պատերազմը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ԲՀԿ-ի հայտարարություններին, որ ներքաղաքական որեւէ օրակարգ այս պահին առաջ չեն բերելու, Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ իշխանությունը շարունակում է իր դեմ պայքարը՝ կեղտոտ մեթոդներով: Ֆեյսբուքյան մի օգտատեր նախկին վարչապետ Բագրատյանի լուսանկարն է տեղադրել ու գրել. «Սրան, մեկ էլ Զոհրաբյան Նառային նստեցրեք «Իսկանդերի» վրա ու կրակեք Բաքու»: Զոհրաբյանն ասում է՝ դա ֆեյք է, բայց «ըստ օդում կախված լուրերի՝ իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանն է», ով իր դեմ կոնկրետ հանձնարարականով աշխատում է․ ԱԱԾ-ն պարբերաբար տրամադրում է անպարկեշտ ապատեղեկատվություն իր մասին, որոնցից մեկի հետ կապված՝ պատերազմի ավարտին, ինքը պարզաբանում կտա՝ ձայնագրությունների մասով։ «Ես եւ ԲՀԿ-ն շարունակում ենք հավատարիմ մնալ մեր խոսքին՝ այս փուլում որեւէ քաղաքական ուժի հետ որեւէ հակամարտության մեջ չմտնելու հարցում, որովհետեւ այս փուլում ունենք մեկ թշնամի՝ Ադրբեջանն է»։ Նրա կարծիքով՝ խնդիր է դրված իրեն հավասարակշռությունից հանել, բայց չի ստացվելու. «Հույս ունենք, որ պատերազմը կավարտվի մեծ հաղթանակով, որից հետո կսկսվի իրավական գործընթաց ֆեյքերի անվան տակ թաքնված իմքայլական պատգամավորների եւ տարբեր գործիչների հանդեպ: Ցավոք սրտի, այս մարդիկ չեն հասկանում իրական վտանգի չափը եւ շարունակում են իրենց նեղ անձնական, ճղճիմ հաշվեհարդարները»: Իսկ նշված գրառումը հայտնվեց ԵԽԽՎ պահպանողականների եւ ռեֆորմիստների քաղաքական խմբի հայտարարությունից հետո, երբ իշխանություններին կոչ արեցին՝ դադարեցնել իր հանդեպ տեղեկատվական տեռորը: «Այս գրառումով իշխանություններն ասում են, որ մենք թքել ենք ի պաշտպանություն ձեզ եվրոպական բոլոր նախաձեռնությունների վրա․․․ մենք շարունակելու ենք չարձագանքել նման հայտարարություններին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում այս տարվա օգոստոսին, նախորդ՝ հուլիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.4 տոկոսով: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից: Բացի այս, պաշտոնական տվյալներով՝ արդյունաբերական արտադրանքի ծավալներն են ավելացել 8.4 տոկոսով: Աճ է արձանագրվել շինարարության ոլորտում 29.8 տոկոսի չափով: ՀՀ վիճակագրական կոմիտեից մեզ հայտնի դարձավ նաեւ, որ առեւտրի շրջանառության ծավալներն են, թեկուզ չնչին, բայց ավելացել՝ 0.4 տոկոս: Իսկ, ահա, սպառողական շուկայում մեկ ամսում գրանցվել է 0.1 տոկոսի չափով գնանկում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ օգոստոսին, հուլիսի համեմատ, ավելացել են նաեւ արտաքին առեւտրաշրջանառության ծավալները. Այս դեպքում աճը կազմել է 5.8 տոկոս: Միայն արտահանման ծավալները աճել են 3.4 տոկոսով, իսկ ներմուծմանը՝ 7.3 տոկոսով»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/73693