ԼՀԿ-ն կողմ է իշխանափոխությանը, բայց հերթական ընտրությունների միջոցով

"Լուսավոր Հայաստան" կուսակցությունն ինքնուրույն է որոշում, թե ինչ պահանջներ է առաջադրելու իշխանություններին և ինքնուրույն նախաձեռնում համապատասխան գործընթացներ։


Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով այն հարցը, թե կմիանա արդյոք ԼՀԿ-ն "Բարգավաճ Հայաստանին", ՀՅԴ-ին եւ "Հայրենիքին", եթե իշխանության հրաժարականի պահանջ առաջադրվի։


Նրա խոսքով, եթե ԼՀԿ-ում գան այն եզրակացության, որ անհրաժեշտ է նման պահանջ ներկայացնել, խմբակցությունը խորհրդարանում իմպիչմենտի գործընթաց կնախաձեռնի: "ԼՀԿ-ն խորհրդարանական ուժ է, և իր տրամադրության տակ ունի համապատասխան մեխանիզմներ։ "Լուսավոր Հայաստանը" մտադիր չէ սպասել, որ ինչ-որ մեկը որեւէ մեկի հրաժարականը պահանջի", - հայտարարել է նա։


Մարուքյանը նշեց, որ կուսակցությունն ինքնուրույն է որոշում, թե ինչ պահանջներ է առաջադրելու և ինքնուրույն է նախաձեռնում համապատասխան գործընթացներ։ Եթե դրանց հաջող իրականացման համար պահանջվում է լայն կոնսոլիդացիա, կուսակցությունը համապատասխան հանդիպումներ եւ խորհրդակցություններ է անցկացնում քաղաքական ուժերի հետ։


Ընդդիմադիրը նաև նշել է, որ միայն հրաժարականի պահանջի առաջադրումը բավարար չէ։ Օրինակ, եթե վարչապետի հրաժարականի պահանջ է ներկայացվում, պետք է նաև հայտարարել, թե ում են տեսնում այդ ուժերը վարչապետի պաշտոնում։ Եթե խոսքը ամբողջական իշխանափոխության մասին է, ապա արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ պետք է առաջ քաշվի։


Լրագրողների հարցին, թե արդյոք ԼՀԿ-ն քննարկում է իշխանափոխության անհրաժեշտության հարցը, Մարուքյանը պատասխանեց, որ կուսակցությունը կողմ է իշխանափոխությանը՝ հերթական ընտրությունների միջոցով: Նրա խոսքով՝ 2023 թվականին Հայաստանում պետք է տեղի ունենան ընտրություններ, եւ գործող իշխող վերնախավից գլխավոր ակնկալիքն այն է, որ "նա կարողանա հանգիստ հանձնել իշխանությունը":


Այս իշխանությունից Մարուքյանն այլևս առանձնապես ակնկալիքներ չունի, բայց հույս ունի, որ իշխող վերնախավը չի օգտվի գերժամանակակից կառավարման համակարգից, չի կեղծի ընտրությունները, չի օգտագործի վարչական ռեսուրսը և կապահովի Հայաստանի պատմության մեջ առաջին իշխանափոխությունն ընտրական գործընթացների միջոցով։


"Սա գործող իշխանության միակ առաքելությունն է։ Եթե ձախողվի նաև այդ առաքելությունը, մենք արդեն կմտածենք օրակարգի փոփոխության և այլ համատեքստում պահանջներ առաջադրելու մասին", - խոստացավ Մարուքյանը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/73170