"Իմ քայլը" հերքեց դաշինքի 5 պատգամավորների մանդատները վայր դնելու մտադրության մասին լուրը

Կառավարող "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը մտադիր չէ հրաժարվել մանդատից՝ հանուն արդարադատության փոխնախարարի պաշտոնի։


Այսօր ՝ սեպտեմբերի 22-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ Գրիգորյանը նշեց, որ նման հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը։ Նա ընդգծել է, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սպառիչ մեկնաբանություն է տվել այս հարցի վերաբերյալ:


Մեկնաբանելով այն հարցը, թե ինչ է կատարվում "Իմ քայլը" խմբակցությունում եւ արդյոք իրականությանը համապատասխանում է այն տեղեկությունը, որ խմբակցության մի շարք անդամներ մտադիր են վայր դնել մանդատը, Գրիգորյանը նշել է, որ խմբակցությունը նորմալ աշխատում է, իսկ եթե խմբակցության որեւէ անդամ նման մտադրություն ունի, ապա պատճառների մասին ինքը պետք է հայտարարի:


Գրիգորյանը նշել է, որ "Իմ քայլը" խմբակցության աշխատանքի առաջին իսկ օրվանից մամուլում նման կարգի տեղեկություններ է տարածում։ "Եթե մամուլի հրապարակումները միշտ համապատասխանեին իրականությանը, հնարավոր է խմբակցության սկզբնական ցուցակից ոչ ոք չմնար", - հավելեց նա:


Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների "Իմ քայլը" խմբակցության պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համազասպ Դանիելյանը, Լուսինե Բադալյանը և Գոռ Գեւորգյանը մտադիր են վայր դնել մանդատները՝ ի նշան անհամաձայնության առ այն, թե խմբակցության պատգամավորներն ում են ընտրել ՍԴ  դատավորներ:


ՍԴ դատավորներն ընտրվել են անցած շաբաթ։ Երվանդ Խունդկարյանին ընտրելու օգտին քվեարկել է 84 պատգամավոր, Արթուր Վաղարշյանին՝ 86, Էդգար Շատիրյանին՝ 85: Ընդդիմադիր խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել։ "Իմ քայլը" խմբակցությունում դատավորների ընտրության պահին եղել է 87 պատգամավոր, բացի իշխող դաշինքից քվեարկությանը մասնակցել է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/73162