Սեպտեմբերի 23-ին Սահմանադրական դատարանը նախագահ կընտրի

Սեպտեմբերի 23-ին Սահմանադրական դատարանում տեղի կունենա աշխատակարգային նիստ: Օրակարգում է նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի ու փոխնախագահի ընտրության հարցը:


News.am-ի հետ զրույցում ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը հայտնել է, որ ՍԴ 9 անդամներից յուրաքանչյուրը կարող է ինչպես ինքնաառաջադրվել, այնպես էլ առաջադրել այլ թեկնածուի:


Ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/73113