Մամուլ. Վանեցյանի հույսը ԲՀԿ հանրահավաքն է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները պնդում են, որ կուսակցությունը սպասում է ԲՀԿ կողմից հրավիրվելիք հանրահավաքին, և եթե այն բազմամարդ ու հաջողված լինի, ապա «Հայրենիքը» ևս կմիանա դրան: Չնայած տարբեր մարզերում տարածքային կառույցներ բացելուն, այս կուսակցությունում հասկացել են, որ իրենք անկարող են ինքնուրույն քաղաքական օրակարգ ներկայացնել»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը ակտիվ պայքարի քաղաքական սցենար են մշակել։ Աշխատելու են բոլոր ուղղություններով եւ հանրության բոլոր շերտերի հետ։ Կարեւոր դեր է վերապահված երիտասարդներին։ Առաջիկայում ստեղծվելու է երիտասարդներին համախմբող հերթական նախաձեռնությունը, որի նպատակն է երկրորդ նախագահի շուրջը համախմբել թարմ, երիտասարդական ուժեր, որոնք քաղաքական պայքարում մեծ դերակատարում են ունենալու։ Ասում են նաեւ, թե «Երիտասարդների ձայնը» քաղաքացիական նախաձեռնությունը, որի ստեղծման մասին օրերս բարձրաձայնեց «Հաղթանակած» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական առաջիկա գործունեության երիտասարդական թեւն է դառնալու»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ, Երեւանի Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը որոշել է միանալ «Սասնա ծռեր» նորաբաց կուսակցության թիմին: Ավելին, ըստ մեր տեղեկությունների՝ Դարբինյանը համաձայնել է դառնալ նրանց քաղաքական առաջնորդը, թիմ հավաքել ու առաջիկայում ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել նախ Արմեն Դարբինյանից, որը տարակուսելի մեկնաբանություն տվեց. «Հաջողություններ եմ ցանկանում Ձեզ ամենայն… Կարդացե՛ք իմ բանաստեղծությունները, դրանք ավելի հետաքրքիր են»: Փորձեցինք այս հարցի առնչությամբ զրուցել նաեւ «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանի հետ, որը նշեց. «Եղել է հրապարակային բնույթի առաջարկություն պարոն Դարբինյանի կողմից հոդվածի եւ հարցազրույցի տեսքով, որ Սահմանադրական խորհուրդ ձեւավորելու կարիք կա, եւ դա կարող է առողջ ուժերի համախմբման ձեւաչափերից մեկը լինել, հիմա ես բառացի չեմ հիշում: Եվ մենք էլ մեր խորհրդաժողովի ժամանակ դրական ենք վերաբերվել այդ առաջարկին եւ դրական վերաբերմունք ենք արտահայտել, որ, այո՛, ընդունելի է նման մոտեցումը, հնարավոր ենք համարում, որ այդ գաղափարի շուրջ համախմբում լինի»: Ըստ Ավետիսյանի՝ եղել է ընդհանուր գաղափար Դարբինյանի կողմից՝ համախմբում ինչ-որ գաղափարների շուրջ, որին իրենք ընդհանուր դրական են վերաբերվում, քանի որ, իրենց կարծիքով, այդ զարգացումները առողջ ուժերի, գործիչների համախմբման հարթակ կարող է դառնալ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի հանրահայտ որդիներից կրտսերը՝ Գուրգեն Արսենյանը, հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Սեպտեմբերի 10-ին նրան ձերբակալել են, ու դեռեւս պարզ չէ՝ կկալանավորե՞ն, թե՞ ոչ։ Իրավապահ մարմիններն ու նրա հայրն առայժմ խուսափում են ինֆորմացիա տալ․ Արսենյանը մեզ հորդորեց իրավապահներից ճշտել, թե ինչ գործով է անցնում որդին, իսկ քննչականից ընդամենը հաստատեցին, որ կա հարուցված քրգործ։ Մեր տեղեկություններով, նախկին պատգամավորի որդուն ավազակային հարձակման վերաբերյալ մեղադրանք կառաջադրվի։ Հարձակման ենթարկված անձն Արսենյանների տան 60-ն անց աշխատակիցն է։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին․ կրտսեր Գուրգեն Արսենյանը սառը զենքի սպառնալիքով կողոպտել է աշխատակցին, կողոպուտը եղել է ընդամենը 20 հազար դրամ, աշխատակիցն էլ հաղորդում է ներկայացրել։ Մեզ այլ մանրամասներ ճշտել չհաջողվեց։ Հիշեցնենք, սակայն, որ Արսենյանի որդին դեռ անցած տարվա սկզբին էր դատապարտվել 4 տարվա պայմանական ազատազրկման։ Ըստ մեղադրանքի՝ 21-ամյա երիտասարդը մեղադրվում էր Երեւանի Աբովյան 39 հասցեում գործող «Կրիստալ» գիշերային ակումբի դիմաց ընկերների հետ կատարած խուլիգանության մեջ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման հրապարակումից անցել է երկու տարի: Եվ եթե այս երկու տարիների ընթացքում չի ստացվում բացահայտել գաղտնալսման դեպքը, համենայնդեպս, հանրությունը չունի որեւէ տեղեկություն բացահայտման վերաբերյալ, ապա ի՞նչ սպասել ուժային կառույցներից այսքանից հետո: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ` 2018-ի սեպտեմբերի 11-ին, համացանցում էր հայտնվել Վանեցյանի եւ Խաչատրյանի աղմկահարույց հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Նրանք 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում էին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։ Իսկ ի՞նչ ունենք գաղտնալսման հրապարակումից երկու տարի անց: 2020 թվականի հունիսի 10-ին ՀՔԾ նախագահ Հայկ Գրիգորյանը հայտարարել էր, որ գաղտնալսման գործը բացահայտված է: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Քննչական կոմիտեի լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանին, որը հայտնեց. «Տվյալ քրեական գործի վերաբերյալ Քննչական կոմիտեի կողմից նախկինում տրված մեկնաբաբություններին ավելացնելու ոչինչ չունենք: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ նախաքննությունը շարունակվում է»: Հիշում եք՝ 2019 թվականի հունիսի 9-ին՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հայտարարել էր, թե հարցումներ են ուղարկել որոշ երկրներ եւ սպասում են պատասխանների: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել այս գործով: Մեր տեղեկություններով՝ չորս երկիր հարցում է ուղարկվել, սակայն մինչեւ հիմա դեռ պատասխան չկա որեւէ երկրից: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեից զանգահարել են նշված երկրների իրավապահ մարմիններին եւ խնդրել, որպեսզի հարցմանը պատասխանեն, սակայն այդպես էլ չեն պատասխանել: Անգամ այլ ուժային կառույցներից են «գործին խառնվել», բայց դարձյալ որեւէ տեղաշարժ չկա: Ոչ մի երկրից չեն պատասխանել մեր հարցումներին»:


«Իրատես» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու հանգամանքը միանշանակ ընդունելը միամտություն է: Իշխող թիմի ներսում, այո, ջրերը մի առվով չեն հոսում, բայց դա չի նշանակում, թե ամեն մի հրաժարական լոկ հետեւանք է, այլ ոչ՝ նախադրյալ: Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու մասին հայտարարությունը միանգամից մի քանի հարց է առաջացնում: Նախ՝ ի՞նչ է այս մասին մտածում Ազգային ժողովի կրթության գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, որը, բացի հանձնաժողովի նիստերն անցկացնելուց, որեւէ հայտարարություն, դիտողություն, քննարկում ու երկխոսություն չի ծավալում: Մանդատը վայրը դնողը, ի վերջո, նրա ղեկավարած հանձնաժողովի անդամ է, արդյո՞ք նա նախապես տեղյակ է եղել, որ Ջուլֆալակյանը նման մտադրություն ունի, փորձե՞լ է երկխոսության կամուրջ լինել եւ այլն: Պատասխանը միանշանակ բացասական է, քանզի Հայրապետյանի համառ լռությունը ԿԳՄՍ նախարարի հետ ունեցած կոնֆլիկտի մասին է վկայում:  Ջուլֆալակյանի հայտարարությունը կոտրում է նաեւ «թավշյա» իշխանության այն թեզը, թե իրենք կաշկանդված չեն որեւէ հարց բարձրացնելու, թափանցիկ աշխատելու, միմյանց քննադատելու եւ այլ հարցերում: Գործադիրի աշխատանքը վերահսկող օրենսդիրի ներկայացուցիչները, փաստորեն, «դուխ չունեն» Ազգային ժողովի ամբիոնից, ի տես համայն հպարտների ու արժանապատիվների, ԿԳՄՍ նախարարին «նեղը գցող» հարցեր տալու: Իհարկե, ողջունելի է, երբ պատգամավորը, ելնելով քաղաքական ու թիմային էթիկայից, մանդատն է վայր դնում, այլ ոչ թե խմբակցությունը լքում, բայց դա ուղղակի վկայությունն է հիերարխիկ համակարգի: Մանդատ նվիրողն էլ Նիկոլ Փաշինյանն է, հետեւաբար, մանդատը ոչ թե պատգամավորինն է, այլ վարչապետինը: «Ի՞նչ կփոխվի Արսեն Ջուլֆալակյանի գնալով» հարցի պատասխանը, թերեւս, միայն Նիկոլ Փաշինյանը գիտի: Բովանդակային առումով, իհարկե, ոչինչ, բայց տեղաշարժեր, ամեն դեպքում, սպասելի են: 


«Լուսավոր Հայաստանի»՝ Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցն օրակարգային դարձնելուն զուգահեռ, հասարակական-քաղաքական մի խումբ գործիչներ պահանջում են նախարարի հրաժարականը: Նրանք փողոցային պայքար են սկսել, պարբերաբար ցույցեր ու երթեր են կազմակերպում, Հարությունյանի նկարով պաստառներն աղբարկղ նետում եւ այլն: Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու հանգամանքը վարչապետի համար գուցե ամենահուժկու ալիբին է՝ Գյումրի-Երեւան ավտոճանապարհի թփուտները «Մովսեսի գավազանով» բացած Հարությունյանին պաշտոնանկ անելու համար: Իսկ եթե պատգամավորը, ամեն դեպքում, ազնիվ է իր հայտարարություններում, ու նախարարի հետ նույն թիմում գտնվելն իսկապես անհնարին է, ապա իշխանության ներկայացուցիչները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, իրավիճակի հետ առերեսվելու լրջագույն խնդիր ունեն: Խորհրդային քաղբյուրոյի անդամի նման առաջնորդի ամեն խոսքից հետո ծափահարելու կարեւորագույն առաքելությունը ստանձած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեջ կգտնվի՞ գեթ մեկ համարձակ, որը գործադիրի՝ իրենց իսկ ընտրած ղեկավարին շատ ուղիղ հարց կտա՝ ո՞ր արժանիքի համար է ատամներով պահում Արայիկ Հարությունյանին:  Գուցե հայրենագիտական առարկաների գլխին քար գցելու ազգադավ ծրագի՞րն է նրան դուր եկել, թե՞ հոգին փառավորվել է՝ տեսնելով, թե ինչպես են պատանիները դդում գլխով նախարարի խրտվիլակ պատրաստել: Կամ էլ՝ Հարությունյանի դիրիժորական հնարքներն է սիրում ու առանց նրա խմբավարության իր կաբինետը չի պատկերացնում»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մանդատը վայր դնելու մասին ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հայտարարության մասին խոսելով` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանը մեզ հետ զրույցում զարմանք հայտնեց, որ աշխատանքային տարաձայնությունները հանգեցրել են մանդատից հրաժարվելու դիմումի: «Տարաձայնություններ բոլորս էլ ունենում ենք, բայց ես դրանց նայում եմ որպես աշխատանքային պրոցես: Անհնարին է, ո՞նց կարող ես տարաձայնություն չունենալ, նույնիսկ ամենամտերիմ մարդիկ նույն գործը անելիս ունենում են տարաձայնություն: Ես շատ եմ ցավում, որ այսպես է լուծումը գտնվել: Օրինակ մենք հիմա տարաձայնություն ունենք «Կինոյի մասին» օրենքի վերաբերյալ, ես այդ հանգամանքով ուրախ եմ, որ կա ուրիշ կարծիք: Ես շատ ուրախ եմ, որ կա ուրիշ կարծիք եւ այս տարաձայնությունների, փաստարկների դաշտում մենք կգտնենք լավագույն լուծումը: Ինձ համար սա ուրախալի բան է, ոգեւորող է: Իսկ մանդատը դնելը լրիվ ուրիշ բան է»: Հարցին, թե այդ դեպքում ինչը կարող է պատգամավորին հասցնել մանդատից հրաժարվելուն՝ դերասան-պատգամավորը նկատեց. «Գիտեք, դա այնքան լուրջ քայլ է, որ ինքը պետք է պարզաբանի: Խոսակցությունների մեջ կարող է ինքը ասել՝ էսպես պետք է լինի, կարող եմ ես ասել, ոչ, այսպես պետք է լինի, սա ուրիշ խոսակցություն է, իսկ մանդատը դնելը արդեն ուրիշ խոսակցություն է: Ողջամիտ չէ, որ բոլորը ամեն ինչում համաձայն լինեն: Իհարկե խոսում ենք, քննարկում ենք, փաստարկում ենք, համաձայնում ենք, չենք համաձայնում այդպես էլ, բայց մանդատը դնելը շատ ծանր քայլ է: Ցավում եմ այդքան բանիմաց, գրագետ պատգամավոր կորցնելու կապակցությամբ»:


«Իրատես» թերթը գրում է. «Երկրի համար առաջնային բոլոր խնդիրները «լուծելուց», մարդկանց սոցիալական վիճակը բարելավելուց հետո իշխանությունները լծվել են քաղաքացիներին տուգանելու սրբազան գործին: Դիմակների, գույքահարկի թեման դեռ չմարսած՝ քաղաքացիների վզին շրջիկ առեւտրի հարկն են ուզում փաթաթել, որ նրանք էլ ավելի մեծ խանդավառությամբ «դմփ-դմփ-հու» անեն: Չբավարարելով «անգրագետ պողոսների» համար օրական մի հարկ բստրելու մոլուցքը՝ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անցել է լրատվամիջոցներին: Իշխանություններն առաջարկում են անտրամաբանական չափերի տուգանք սահմանել այն լրատվամիջոցների համար, որոնք վիրավորանք կտարածեն: Թե ո՞րն է իշխանության պատկերացրած վիրավորանքը կամ զրպարտությունը, հարցի մյուս կողմն է: Եթե «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների համար հայհոյանքն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասած «ասֆալտներին փռելը, «պատերին ծեփելը» բռնության կոչեր չեն, ապա խիստ տարակուսելի է, թե Ազգային ժողովում հնչած «անբարոյականի տղա» արտահայտությունն ինչքանով է վիրավորական հենց Ալեն Սիմոնյանի համար:


 Մենք, իհարկե, չենք խրախուսում վիրավորական խոսքը, ավելին՝ կողմ ենք, որ դրա տարածման համար ոչ թե հարյուր հազարների, այլ միլիոնների հասնող տուգանք սահմանվի լրատվամիջոցների համար: Կողմ ենք նաեւ, որ իշխանությունները կյանքի կոչեն լրատվամիջոցների ֆինանսավորման աղբյուրները պարզող նախագիծը: Բայց երկու դեպքում էլ դրանք պետք է հետադարձ ուժ ունենան եւ բացահայտեն, թե, օրինակ, Փաշինյանների ընտանիքին պատկանող, «Հայկական ժամանակ» օրաթերթը տարիներ ի վեր ֆինանսավորման ինչ աղբյուրներ է ունեցել: Մյուս օրենքի հետադարձ ուժով էլ պետք է վեր հանել հայաստանյան մամուլում տեղ գտած վիրավորական բոլոր արտահայտություններն ու դրանց հեղինակներին, որոնց մի մասն այսօր փափուկ աթոռների է բազմած, եւ միլիոնների հասնող տուգանքներ սահմանել: «Իրատեսի» տեղեկություններով՝ փոխխոսնակի նախագիծն Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում չի ներառվելու: Իմքայլականներից ոմանք, ամեն դեպքում, հասկացել են դրա «ջուր» լինելու հանգամանքն ու հորդորել նրան` առանց աղմուկի ասպարեզից կորցնել այն: «Ոչնչի մասին նախագիծ է, դրա ի՞նչը քննարկենք: Եթե իմանայինք, որ այդ նախագծով վիրավորանքի դեմն ինչ-որ կերպ առնելու ենք, դեռ կարելի էր մտածել, բայց դա որեւէ հարց չի լուծելու»,- մեզ հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավորներից մեկը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը խորհրդարան է ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն՝ առաջարկելով «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում ավելացնել այսպիսի կետ. «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից տրամադրված կրեդիտների համար տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը չի կարող գերազանցել կրեդիտավորման պայմանագրի կնքման օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն այս օրերին ակտիվորեն զբաղված է Գերագույն դատարանի գաղափարի լոբբինգով: Տարբեր տեղեր հարցազրույցներ է տալիս ու ողջունում իշխանությունների այս պրոբլեմատիկ նախաձեռնությունը: Մեզ ասացին, որ Մանուկյանը հույս ունի իրականացնել իր վաղեմի երազանքը` դառնալ Գերագույն դատարանի նախագահ։ Հիշեցնենք, որ նա ժամանակին եղել է վճռաբեկ դատարանի նախագահ: Իշխանությունների սույն նախաձեռնությունը պաշտպանելը, ասում են, հենց այս ցանկությամբ է պայմանավորված, ինչը, սակայն, դատական համակարգում միանշանակ չեն ընդունում եւ դրական չեն վերաբերվում այդ հեռանկարին։ Մեր հարցին ի պատասխան՝ Մանուկյանը նախ հաստատեց, որ ինքն այդ գաղափարի ջատագովն է եղել շատ վաղուցվանից, եւ դա ոչ թե լոբբինգ է, այլ իր համոզմունքների արտահայտումը։ Հարցին՝ ցանկություն ունի՞ դառնալ Գերագույն դատարանի նախագահ, եթե առաջարկեն, Մանուկյանն ասաց, որ լուրջ չի համարում նման հիպոթետիկ հարցադրումներին պատասխանելը, սակայն եւ խուսափեց հերքելուց»:


«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթը տեղեկություններ ուներ, որ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, լրագրող Մարգարիտ Եսայանը պատրաստվում է վերադառնալ ակտիվ լրագրության դաշտ: Ըստ մեր աղբյուրների, Եսայանը պատրաստում է նոր հեռուստանախագիծ, որը հեռարձակվելու է ընդդիմադիր կայքերից մեկով: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Մարգարիտ Եսայանին: «Այո, ունեմ նման մտադրություն՝ հեղինակային հաղորդում անել ընդդիմադիր կայքերից մեկում: Այն նախապատրաստական փուլում է: Շուտով կիմանաք՝ ինչպես է կոչվելու, ինչպես է հեռարձակվելու, ինչպիսի ֆորմատով և այլն: Այո, մտադիր եմ դարձ ի շրջանս յուր վերադառնալ ժուռնալիստիկա, որովհետև համոզված եմ, որ նախկին լրագրող երբեք չի լինում: Այսօր մեր երկրում այնպիսի իրավիճակ է, որ կարծում եմ՝ ճիշտ, պրոֆեսիոնալ լրագրության կարիք կա, որքան էլ մենք շատ ունենք պրոֆեսիոնալ լրագրողներ, դրա կարիքը կա: Ես հույս ունեմ, որ հաղորդումը հետաքրքիր կլինի, կդիտվի, արձագանքներ կլինեն: Գուցե հարցեր առաջանան, որ ես քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ և այլն: Ուզում եմ առիթն օգտագործելով ասել, որ որևէ քաղաքական կողմնապահություն չի լինելու: Լինելու է մաքուր, ազնիվ ժուռնալիստիկա: Այն արժեհամակարգը, սկզբունքները, որոնք ես կրում եմ, հավատարիմ եմ, անփոփոխ են լինելու: Այստեղ երկրորդ կարծիք չկա, բայց արդեն որպես լրագրող լինելու եմ անկողմնակալ և աշխատելու եմ տարբեր քաղաքական ուժերի հետ: Վստահ եմ, որ առաջին իսկ հաղորդումներից հետո հաճելիորեն կզարմանաք և անկողմնակալ, սկզբունքային, ճիշտ ու մաքուր ժուռնալիստիկա կտեսնեք»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Եսայանը»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք օրեր առաջ գրել էինք, որ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշանակվելուն պես սկսել է կադրային ջարդը, հատկապես՝ անտառի ոլորտում։ Նա իր մոտ է կանչել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանին և կարգադրել` փոխել բոլոր մասնաճյուղերի տնօրեններին։ Վերջինս արձակուրդ է վերցրել, հավանաբար՝ հույսով, որ մինչ վերադառնալը նախարարը խելքի եկած կլինի և կգիտակցի, որ ոլորտում նման կոտորածը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել, սակայն, պարզվեց, փոքրիկ նախարարը մեծ եռանդ ունի․ երեկ տեղեկացանք, որ նա առաջարկել է դիմում գրել նաև ՊՈԱԿ-ի տնօրենին, ով ընդամենը 2 ամիս առաջ էր քաղծառայության մրցույթով նշանակվել այս պաշտոնին։ Մացակյանն ազատման դիմումը գրել է։ Մեզ հետ զրույցում նա ասաց. «Այո, գրել եմ, բայց հրամանը ստորագրված չէ, կստորագրվի, ես կազատվեմ ու ինչքան պետք է՝ հարցազրույց կտամ»։ Հարցին՝ ո՞վ է ասել, որ գրեք, ասաց՝ ոչ ոք չի ասել, իր ցանկությամբ է գրել։ Ինչ-որ խնդիրնե՞ր են եղել նախարարի հետ։ «Դե, մի քիչ հա՛մ առողջական խնդիրներ կան, հա՛մ մի քիչ ներքին խնդիրներ, ասում եմ՝ հրամանը կստորագրվի, ես Ձեզ խոսք եմ տալիս՝ երկար հարցազրույց կտամ»,- ասաց նա»:


«Փաստ» թերթը գրում է. «Թերթի տեղեկություններով՝ նախօրեին Արցախի ԱԺ-ում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հնչեցրած որոշ հայտարարություններ նոր կրքեր են բորբոքել։ Առաջին հերթին Արցախում բավական խնդրահարույց են համարում Բաբայանի այն հայտարարությունը, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր լիազորությունների մի մասը գաղտնի հրամանով փոխանցել է իրեն եւ իր կառույցին։ Ըստ մասնագետների, սա նախ՝ սահմանադրական առումով է մեծ թվով հարցեր առաջացնում, երկրորդ՝ քաղաքական առումով նոնսենս է։ Արցախցիներն իրենց քվեն տվել են անձի, որը, ըստ Բաբայանի, նախագահի իր լիազորությունների մի մասը փոխանցել է ԱԽ քարտուղարին։ Մեր արցախյան աղբյուրի փոխանցմամբ, այս հայտարարությունը շոկային է եղել նաեւ Հարությունյանի թիմակիցների համար, որոնք տեւական ժամանակ է՝ խոսում են երկրում կառավարման համակարգի նոր խափանումների մասին։ Մեր զրուցակիցներից մեկը նշեց, որ ԱԺ-ում կայացած հանդիպումը պարզորոշ ցույց տվեց, որ միգուցե Արցախի նախագահն ու ԱԽ քարտուղարը որոշ սկզբունքային հարցերի առումով տարաձայնություններ չունեն, սակայն առկա խնդիրները լուծելու եւ դրանց պատկերացումների վերաբերյալ դիրքորոշումների ահռելի տարբերություն կա»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանը քաղաքական առումով թևակոխում է նոր շրջափուլ, որը շատ հաճախ անվանվում է «հետկորոնավիրուսային աշխարհ»։ Կորոնավիրուսի համավարակի որոշակի նահանջը հնարավորություն է տալիս համաճարակից բացի ուշադրություն դարձրել հասարակության համար կարևորություն ունեցող այնպիսի խնդիրների վրա, որոնք գործող սահմանափակումների պատճառով պատշաճ ուշադրության չեն արժանացել։ Խնդիրն այն է, որ համաճարակը քաղաքական առումով որոշակի վակուում է առաջացրել։ Եվ վերջին շրջանում իշխանությունները, օգտվելով համաճարակային իրավիճակից, երբ մեծ թվով մարդիկ փողոց դուրս գալու հնարավորություն չունեն, որպեսզի իրենց դժգոհությունը հայտնեն, մեկը մյուսի հետևից անցկացնում են հայկական ազգային արժեհամակարգի էությանը հակասող նախաձեռնություններ։ Ստացվում է, որ իշխանությունները հայտարարում են, թե ՀՀ-ի երբևէ ունեցած իշխանություններից ամենաազգայինն են, բայց այնպիսի ակնհայտ քայլեր են ձեռնարկում, որոնք ուղղված են ազգային արժեքները թուլացնելուն։


Աչքներիս առջև է հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որի շուրջ մասնագետները հայտնեցին իրենց բազմաթիվ մտահոգությունները։ Բայց պետք է նկատել, որ ազգային արժեհամակարգի հարցը խոր նստվածք ունի մեր հասարակության մեջ։ Մշտապես արտաքին թշնամու հարձակման վտանգի տակ գտնվող մեր երկրի համար ազգային նկարագրի պահպանումը դարձել է մեր ինքնության մի մասնիկը, և, ըստ այդմ, պատահական չէ, որ քաղաքացիները առաջնահերթ նշանակություն են տալիս այս հարցին։ Ուստի այս թեման չի կարող չդառնալ նաև քաղաքական օրակարգի հարց։ Բնականաբար, ընդդիմությունը պարբերաբար բարձրաձայնում և ահազանգ է հնչեցնում, որ թիրախավորվում են ազգային արժեհամակարգի հիմնասյուները՝ եկեղեցին, ընտանիքը, մշակույթը, լեզուն։ Իսկ իշխանությունները փորձում են արդարանալ, թե դրանք ընդդիմության մանիպուլյացիաներն են։ Բայց քաղաքացիներին այլևս անհնար է հիմարացնել։ Նրանց համար ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենում՝ իշխանությունները այնպիսի քաղաքականություն են վարում, որի վերջնական նպատակը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն է։ Եվ այս հանգամանքը հանրության մեծամասնության մոտ իշխանությունների նկատմամբ ավելի խոր դժգոհություններ է առաջացնում։ Ժամանակ առ ժամանակ անգամ տեսնում ենք, որ նշված հարցի հետ կապված դժգոհություններ կան նաև իշխանական խմբակցության ներսում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Չեչնիայի իշխանությունները ճանապարհ են կառուցում մինչև Վրաստանի սահման, որը նպատակ ունի աշխուժացնելու առևտրատնտեսական կապերը Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ հանդիսացող Չեչնիայի և Վրաստանի միջև: Ճանապարհի կառուցման ծրագիրը ներառված է Չեչնիայի 2020թ. Սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում: Խնդիրը միայն այն է, որ Չեչնիայի և Վրաստանի սահմանին չկա մաքսային և սահմանային անցակետ: Եթե այս հարցն էլ լուծվի, ապա այս ճանապարհը կարող է Հայաստանից Ռուսաստան մեկնող քաղաքացիների և բեռներ տեղափոխող գործարարների համար այլընտրանք լինել՝ փոխարինելով ներկայումս գործող Վերին Լարսի անցակետին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սպետեմբերի 5-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 893.3 մլրդ դրամ, որը կազմում է 2020 թվականի ինն ամսվա հաստատված ցուցանիշի 77.0 տոկոսը: Միեւնույն ժամանակ մենք տեղեկացանք, որ սեպտեմբերի 5-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2019թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշին զիջել են 5.8 տոկոսով կամ շուրջ 54.8 մլրդ դրամով, իսկ 2018թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ գերազանցել 15.1 տոկոսով կամ 117.0 մլրդ դրամով։ Իսկ ի՞նչ է սա նշանակում. բնականաբար, նման պատկերի եւ իրավիճակի պատճառը կորոնավիրուսային համավարակն է, ե՛ւ աշխարհում, ե՛ւ Հայաստանում տիրող արտակարգ դրությունը: Հայաստանում տիրող տնտեսական իրավիճակին երեկ կառավարության նիստում անդրադարձել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մասնավորապես, նա հայտնեց, որ 2020 թվականի օգոստոս ամսին, 2019 թվականի օգոստոսի ամսվա համեմատությամբ, ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2.5 տոկոսով, այսինքն՝ առեւտուրը բոլոր տեղերում՝ խանութներում, ռեստորաններում, բոլոր առեւտրի օբյեկտներում, նվազել է 2.5 տոկոսով»:


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես գիտենք, ուսումնական տարվան ընդառաջ որոշում էր կայացվել թեստավորել դպրոցների բոլոր աշխատակիցներին Հայաստանի ողջ տարածքով: Օրերս «Փաստը» մի հետաքրքիր տեղեկություն ստացավ: Խմբագրությանն էր դիմել Վանաձորի ուսուցչուհիներից մեկը (վերջինիս անուն ազգանունը չենք հրապարակում նրա խնդրանքով) եւ նշել, որ թեստավորվել է սեպտեմբերի 3-ին, 48 ժամ հետո ստացել է թեստի դրական պատասխան: Այն ստանալու հաջորդ երկու օրերին՝ սեպտեմբերի 6-ին եւ 7-ին, սեփական նախաձեռնությամբ երկու թեստ է արել՝ ՊՇՌ եւ «ռապիդ»: Երկու թեստերի պատասխաններն էլ եղել են բացասական: Ստացված արդյունքը զարմացրել է նրան: Ընդ որում, առաջին թեստի պատասխանը ստանալուց հետո մեր զրուցակիցն ինքնամեկուսացել է, սահմանափակել բոլոր տեսակի շփումները: Բայց հարց էր բարձրացնում՝ ուսումնական տարին մեկնարկում է, մինչդեռ նա ստիպված է ինքնամեկուսացած մնալ այն դեպքում, երբ կորոնավիրուսի թեստի երկու բացասական պատասխան ունի ձեռքին: Խնդրի առնչությամբ նախօրեին դիմել էինք առողջապահության նախարարությանը՝ հասկանալու, թե ինչը կարող էր նման խնդիր առաջացնել՝ որեւէ թյուրիմացությո՞ւնը, թե՞ գուցե կա այլ պատճառ, ասենք՝ անսիմպտոմ ընթացքի եւ ավարտի օրերի զուգադիպության հետ կապված: Մյուս կողմից՝ ցանկանում էինք հասկանալ՝ այս պարագայում ուսուցչուհին շարունակելո՞ւ է մնալ կարանտինի մեջ: Նախարարությունից «Փաստին» տեղեկացրեցին, որ հերթական նմուշառումն են վերցրել տիկնոջից եւ միայն դրա պատասխանը ստանալուց հետո կարող են հստակ ասել, թե ինչու են թեստերի պատասխաններն օրերի տարբերությամբ սկզբում դրական, իսկ հետո բացասական եղել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ճանապարհային ոստիկանության մեր աղբյուրը տեղեկացնում է, որ ակտեր գրելու, այսպես կոչված, պլանը չի վերացել, և ճանապարհային ոստիկանները նկատողություն են ստանում քիչ թվով խախտումներ արձանագրելու պատճառով: «Ճիշտ է, նախկինի նման պարտադրանքը շատ խիստ չի, բայց միևնույն է՝ ճանապարհային ոստիկանը խնդիրներ է ունենում, երբ ծառայության ընթացքում քիչ արձանագրություն է կազմում»,- նշում է մեր աղբյուրը»:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/72574