Մամուլ. Ի՞նչ պլաններ ունի Սերժ Սարգսյանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վերջերս ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր մտերմիկ շրջապատում հայտարարել է, որ ինքը որևէ նպատակ չունի առաջիկայում անձամբ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու, չնայած այն բանին, որ վերջերս ասուլիսով է հանդես եկել ու մի քանի հանդիպումներ ունեցել ՀՀԿ-ական երիտթևի անդամների հետ: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը ցանկություն չունի նոր իշխանությունների հետ հարաբերությունները փչացնել ու առավել լարել իր դեմ։ Նրա այս պահվածքը նկատվեց հատկապես Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներին վերաբերող ասուլիսի ժամանակ: Ու չնայած այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանը երբեմն-երբեմն հանդիպումներ է ունենում նաև իր թիմակիցների կամ անհատների հետ, այնուամենայնիվ, իր համար էլ պարզ է, որ իր կամ իր մերձավորների դեմքով քաղաքական պայքարը դատապարտված է տապալման։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստացած տեղեկությունները ճշտել Սերգ Սարգսյանի գրասենյակի մամուլի պատասխանատու Մերի Հարությունյանից, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերին չպատասխանեց»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը՝ անկախ այն հանգամանքից, թե ում կողմից է առաջադրված թեկնածուն: Սրանով ԲՀԿ-ն փորձում է իր վերաբերմունքն արտահայտել ՍԴ դատավորների փոփոխությանը՝ դա համարելով անօրինական»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի դեմ արշավն ու բողոքը միայն փողոցում կամ Ֆեյսբուքում չեն ընթանում։ Արայիկ Հարությունյանին, պարզվում է, հարյուրավոր նամակներ են ուղղում քաղաքացիները՝ հաճախ փողոցային բառապաշարով։ Դրանք ուղարկում են նախարարության հասցեով։ Մեզ պատմեցին, որ նամակներում շատ հազվադեպ հանդիպում են նաեւ շնորհակալական խոսքեր, սակայն գերակշռող մասը քննադատություններն ու հայհոյանքներն են, վիրավորական արտահայտությունները։ Հաճախ դրանք «ես քեզ նախարար նշանակողի․․․» ոճի մեջ են։ Եվ այդ նամակներն ամեն օր կարդում են ԿԳՄՍՆ աշխատակիցներն ու հայտնվում անհարմար դրության մեջ, քանզի ստիպված են նման հայհոյանքներին բովանդակային պատասխաններ գտնել․ օրենքը պարտադրում է գրավոր պատասխանել նամակներին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը յուրացրել է նախագահ Արմեն Սարգսյանի նվազ լիազորություններից եւս մեկը։ Ուրբաթ օրը Սարդարապատում նա պետական բարձր պարգեւներ՝ «Հայաստանի ազգային հերոս» կոչում շնորհեց, «Մարտական խաչ» շքանշաններ հանձնեց տավուշյան մարտերի հերոսներին: Մինչդեռ Սահմանադրության 136-րդ հոդվածի համաձայն․ «Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պարգեւատրում է ՀՀ շքանշաններով եւ մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ»։ Ա․ Սարգսյանն օգոստոսի 27-ից արձակուրդում է, իսկ միջոցառումը կազմակերպել էին դրա հաջորդ օրը, որպեսզի հերոսներին գնահատելու եւ պարգեւատրելու դափնին ոչ թե նախագահը ստանար, այլ՝ վարչապետը։ Սակայն, «անալոգիայի կիրառմամբ», եթե ՀՀ նախագահը չի իրականացնում իր լիազորությունները, ապա, ըստ Սահմանադրության, դա անցնում է ոչ թե վարչապետին, այլ՝ ԱԺ նախագահին։ Այսինքն, յուրացվել են ԱԺ նախագահի լիազորությունները նույնպես»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԼՀԿ-Արման Բաբաջանյան «մանդատային» փոխհարաբերությունները հետաքրքիր ընթացք են ստանում։ Վարչական դատարանը վարույթ է ընդունել ԼՀԿ-ի հայցը՝ «Արման Բաբաջանյանի մանդատն իրենց հետ վերադարձնելու» գործով։ Մենք գրել էինք, որ դրանից առաջ ԼՀԿ-ն ԿԸՀ-ի որոշման դեմ դիմել էր վարչական դատարան։ ԿԸՀ-ն, հիշեցնենք, հրաժարվել էր վերականգնել նրանց կորցրած մանդատը, որը պատկանում է ԼՀԿ-ն լքած Արման Բաբաջանյանին։ ԼՀԿ-ում կարծում են, որ օրենքով սահմանված կարգը խախտվել է՝ ԱԺ պատգամավորների մանդատների մեկ երրորդն այս պահին չի պատկանում ընդդիմադիր խմբակցություններին, եւ դա վերականգնելը ԿԸՀ-ի գործառույթն է։ Այս ամենից հետո ԼՀԿ-ն որոշել էր բողոքարկել ԿԸՀ որոշումը։ Խմբակցությունը հայց էր ներկայացրել վարչական դատարան, որը մերժվել է այն հիմքով, որ խմբակցությունը որպես դիմումատու սուբյեկտ հանդես գալու իրավունք չունի, քանի որ իրավաբանական մարմինը կամ ֆիզիկական անձինք կարող են վարչական հայց ներկայացնել, իսկ խմբակցությունը ո՛չ մեկն է, ո՛չ մյուսը։ Ուստի դիմել էին վերաքննիչ դատարան՝ ստանալու նախադեպային որոշում, որ խմբակցությունն էլ կարող է դիմել։ Հայցը վարույթ է ընդունվել, ինչը ԼՀԿ-ում մեծ ոգեւորություն է առաջացրել, որ այն իրավաչափ է, եւ, ըստ ամենայնի, կստանան նախադեպային որոշումն ու կկարողանան բողոքարկել նաեւ ԿԸՀ որոշումը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ազգային Անվտանգության ծառայությունը Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց իրականացրած գործունեության մասով նոր բացահայտում է արել: Մասնավորապես, ԱԱԾ բացահայտել է, որ իրավաբանական անձ հանդիսացող ընկերությունը 2019թ. մայիս-հունիս ամիսներին, մասնակցելով ՀՀ ՊՆ շենքերի շինությունների ընթացիկ արտաքին ջրագծերի, ինչպես նաեւ օդափոխության համակարգի նորոգման աշխատանքների համար հայտարարված բաց մրցույթներին, ճանաչվել է հաղթող: Արդյունքում, 2019թ. հուլիսի 13-ին եւ 31-ին նշված ընկերությունը ՊՆ հետ կնքել է պայմանագրեր 150 մլն դրամի չափով, որով ընկերությունը պարտավորվել է զորամասերում իրականացնել նորոգման աշխատանքներ, սակայն չկատարելով իր պայմանագրային պարտավորությունները, նախնական համաձայնության գալով ՀՀ ՊՆ իրավասու պաշտոնատար անձանց հետ, փաստաթղթերում ներառել են իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ ու ուռճացրել կատարված աշխատանքների ծախսերը՝ պետությունից հափշտակելով առանձնապես խոշոր չափերի գումար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր. 178 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի` խարդախության, 325 հոդ. 1-ին մասի` Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, 314 հոդ. 1-ին մասի` Պաշտոնեական կեղծիք, 375 հոդ. 3-րդ մասի`Ի շխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, հատկանիշներով»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում իրավապահները ձեռնամուխ են եղել քրեական հեղինակությունների և օրենքով գողերի դեմ գործողությունների՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակում: Օրերս ձերբակալվեց Օշականցի Գևորիկ մականունով օրենքով գողը, օգոստոսի 31-ին հայտարարվեց Զապ մականունով օրենքով գողի ձերբակալման մասին: Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին օրենքի ընդունումից հետո, իհարկե, այդ պայքարը միանգամայն տրամաբանական է ու սպասելի, և հանրային համակեցության և համակարգային վերափոխումների տեսանկյունից նաև անհրաժեշտ ու պահանջված: Ի վերջո, օրենքով գողերը կամ Հայաստանում ապրում են համակեցության այլ կանոնների և օրենքների շրջանակում, կամ ընտրում են կյանքը Հայաստանից դուրս, որտեղ կարող են ապրել այսպես ասած՝ իրենց օրենքներով ու հասկացություններով: Միևնույն ժամանակ, այստեղ, այսպես ասած, մշակութաբանական հանգամանքից դուրս կա նաև էական և շոշափելի քաղաքական բաղադրիչ, եթե հաշվի առնենք այն, որ քրեական աշխարհը, հեղինակությունները, որոշ օրենքով գողեր եղել են Հայաստանում քառորդ դար իշխած համակարգի առանցքային բաղադրիչներից ու, ըստ էության, հենասյուներից մեկը: Մեծ հաշվով, դա եղել է կամ կա նախկին կառավարող համակարգի թե՛ ֆունկցիոնալ նշանակության կարևորագույն օղակներից մեկը, թե՛ նաև սոցիալական հենարանի իմաստ պարունակող էական հարթություն, որի վրա կառուցվել են քաղաքական սխեմաներ և ընթացել է այդ սխեմաների իրագործումը: Այս տեսանկյունից հետաքրքրական է ներքին կյանքի աշխույժ փուլում քրեական ենթամշակույթի դեմ պայքարին ուղղված իրավապահների աշխույժ ջանքը՝ այն ֆոնին, երբ նախկին կառավարող համակարգի տարբեր սեգմենտներ ավելի ու ավելի բարձր և ինտենսիվ են խոսում տարբեր ակցիաների և քաղաքական զանգվածային միջոցառումների շնորհիվ քաղաքական իրադրությունը թեժացնելու՝ «թեժ աշուն» ապահովելու մասին: Իհարկե, այդ առումով Հայաստանում բաց է մնում դատական համակարգի հարցը, թե որքանով է այդ համակարգը Հայաստանում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի գործիք, ոչ թե գործիք այդ ենթամշակույթի ձեռքին»:


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծեր, որով առաջարկում է «Պաշտպանության մասին», «Տեղական ինքնակառավարման», «Տարածքային ինքնակառավարման» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» գործող օրենքներում կատարել լրացումներ։ Ըստ այդմ, «Պաշտպանության մասին» օրենքում ՊՆ-ն առաջարկում է աշխարհազորն ավելացնել պետության ռազմական անվտանգության համակարգի մեջ։ Թերթի տեղեկություններով, ընդհանուր առմամբ ընդունելի եւ գովելի համարելով այս նախաձեռնությունը՝ այդուամենայնիվ, այն ոչ միանշանակ է ընդունվել տարբեր շրջանակների կողմից, այդ թվում՝ «Երկրապահում»։ Հիմնական անհանգստությունը կապված է այն հանգամանքի հետ, որ հանրային քննարկման ներկայացնելուց առաջ իրենց հետ մասնագիտական «կոնսուլտացիաներ» չեն արվել, այսինքն՝ մի տեսակ անտեսվել է «Երկրապահի» տեսակետը։ Մեր ունեցած տեղեկության համաձայն, հիմնական անհանգստությունն ու մտահոգությունը վերաբերում է աշխարհազորի ղեկավարմանը, որը վերապահված է ՏԻՄ ղեկավարներին (տեղակալներին)։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս անհանգստություններին ի պատասխան ասվել է, թե հանրային քննարկումները հենց նրա համար են, որ բոլորն իրենց տեսակետները հայտնեն»:


«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում վերջին երկու տարվա ընթացքում ամենախնդրահարույց հարցերից մեկը կապված է դատաիրավական համակարգում օրվա իշխանությունների կողմից իրականացվող գործողությունների հետ, որոնք մասնագիտական շրջանակներում բավականին լուրջ քննադատության են արժանանում։ Այս գործընթացների հետ կապված՝ քանիցս մտահոգություններ էին ներկայացրել նաեւ միջազգային տարբեր կառույցներ, ինչպես նաեւ բավականին հեղինակավոր որակավորում ունեցող արտասահմանցի իրավաբաններ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ-ում ընթացող դատաիրավական համակարգում իշխանությունների իրականացրած վերջին քայլերի հետ կապված՝ բավականին մտահոգ են հատկապես եվրոպական կառույցներում։ Մասնավորաբար, մեր աղբյուրի փոխանցմամբ, օրերս ՍԴ դատավորների նկատմամբ տեղի ունեցած վերջին գործողությունների ու քայլերի առնչությամբ իր մտահոգություններն է հայտնել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն։ Մեր աղբյուրը փոխանցել է, որ Բուքիքիոն իր մտահոգությունների վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ, սակայն, ըստ նույն աղբյուրի, կողմերը պայմանավորվել են տեղի ունեցած խոսակցության հետ կապված պաշտոնական հաղորդագրություն չտարածել։ Ավելին, որքան էլ հեռախոսազրույցի փաստը հայտնի է դարձել որոշ շրջանակների, զրույցի մանրամասները հնարավորինս գաղտնի են պահվում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 14-ին մեկնարկող Ազգային ժողովի հերթական նստաշրջանին զուգահեռ իրենց աշխատանքներն են սկսում նաեւ մշտական հանձնաժողովները եւ քննարկելու են հարցեր, որոնք պետք է ընդգրկվեն արդեն հիմնական նստաշրջանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 3-ին տեղի է ունենալու ԱԺ պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվելու է բազմաչարչար «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Այստեղ ուշագրավ է, որ նախագծերի փաթեթը կառավարության կողմից անհետաձգելի էր համարվել դեռ հուլիսի 9-ին, երբ ընդունվել էր կառավարության կողմից: Սակայն խորհրդարանն անհետաձգելի համարված նախագիծն այդպես էլ չընդունվեց: Նախ` նկատենք, որ այդ նախագծով առաջարկվում է սահմանել, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական հաստատությունների կառավարման լիազորություններն անցնելու են Առողջապահության նախարարությանը, իսկ հրամանները կամ հանձնարարականները չկատարելն առաջացնելու է տուգանքի նշանակում՝ 300-500 հազար դրամի չափով:


Եվ ահա, այդ ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է արել եւ բուռն քննարկել նախագիծը եւ արդյունքում որոշում է կայացվել այս փուլում չքննարկել նախագիծը՝ այն թողնելով արդեն հերթական նստաշրջանում քննարկման սեպտեմբերին: Եվ ահա, այդ աղմկահարույց նախագիծն արդեն նոր նստաշրջանի օրակարգում է, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այժմ էլ խմբակցության ներսում միակարծիք չեն նախագծի շուրջ եւ չի բացառվում, որ դեմ քվեարկողներ եւս շատ լինեն: Հավելենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի մասնակցի հանձնաժողովում եւ լիագումար նիստում այդ հարցով քննարկումներին, քանի որ նա օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 18-ը լինելու է արձակուրդում եւ նրան փոխարինելու է Անահիտ Ավանեսյանը, որն էլ լինելու է հիմնական զեկուցողը: Հավելենք, որ օգոստոսի 4-իննախագծերի փաթեթը փորձաքննություն է անցել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում եւ արձանագրվել են խնդիրներ, եւ բացթողումներ, որոնք պետք է լուծվեն»:


«Փաստ» թերթը գրում է. «Ամենաքննարկվող հարցերից մեկը կապված էր ԿԳՄՍ կողմից ներկայացված կրթական չափորոշիչների հետ, որոնք մասնագիտական շրջանակների եւ հանրության որոշակի հատվածի կողմից բավական կոշտ քննադատության արժանացան։ Այս հարցում հատկապես աչքի էին ընկնում ԵՊՀ տարբեր ֆակուլտետների հեղինակավոր դասախոսներ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանգամանքն իշխանություններին շատ խիստ «նեղացրել է», իսկ ներկայումս էլ որոշակի գործողությունների են նախապատրաստվում։ Մեր համալսարանական աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունները ԵՊՀ ղեկավարությանը հանձնարարել են ուսումնասիրել եւ պարզել, թե ինչո՞ւ են հատկապես տվյալ դասախոսներն ակտիվացել թեմայի հետ կապված, հասկանալ, թե «քամին որտեղից է փչում» եւ, որ ամենակարեւորն է, այս ամենի մեջ քաղաքական բաղադրիչ առկա՞ է, թե՞ ոչ։ Մեր տեղեկություններով, հանձնարարվել է նաեւ առանձին ցուցակներում «ի մի բերել անհնազանդներին», որպեսզի առաջիկայում նրանց նկատմամբ կոնկրետ մեխանիզմներ իրականացվեն ու քայլեր կիրառվեն։Մասնավորաբար, ըստ մեր աղբյուրների, արդեն իսկ քաղաքական որոշում է կայացվել, որ գտնեն այնպիսի միջոցներ, որպեսզի այդ դասախոսներից շատերը դադարեցնեն իրենց դասախոսական գործունեությունը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2020թ. հունվար-հուլիս ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 789.7 մլրդ դրամ, որը կազմում է 2020թ. ինն ամսվա համար հաստատված ցուցանիշի 68.1 %-ը։ Հատկանշական է, որ 2020 թ. փաստացի ցուցանիշը 2019թ. համապատասխան ցուցանիշից պակաս է 5.1 %-ով կամ 42.2 մլրդ դրամով, իսկ 2018թ. համապատասխան ցուցանիշը գերազանցում է 17.0 %-ով կամ 114.5 մլրդ դրամով: ՊԵԿ կողմից հրապարակված տվյալներից պարզ է դառնում, որ 2020 թվականի արդյունքները պակաս են 2019 թվականի արդյունքներին, սակայն ամեն դեպքում ավելին են , քան եղել են 2018 թվականին: Եվ կրկին այդ ամենի պատճառը կորոնավիրուսային իրավիճակն ու դրանով պայմանավորված արտակարգ դրությունն էր, երբ մի քանի ամիս տնտեսությունն ուղղակի կանգ առավ: Ըստ այդմ, 2020 թ. հունվար-հուլիս ամիսներին ավելացված արժեքի հարկի գծով մուտքերը կազմել են 253.9 մլրդ դրամ, որը 2019թ. համապատասխան ցուցանիշին զիջում է 6.6 %-ով, սակայն 2018թ. ցուցանիշը գերազանցում է 11.6 %-ով, շահութահարկի գծով մուտքերը կազմել են 102?5 մլրդ դրամ, որը 2019թ. համապատասխան ցուցանիշից պակաս է 15.4 %-ով, իսկ 2018թ. ցուցանիշից պակաս է 3.7 %-ով»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում և օրենքով սահմանել ճանապարհային վճար, որն օգտագործվելու է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար: Մինչև 12 տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող մեքենաների համար ճանապարհներով երթևեկելը լինելու է անվճար, ինչը նշանակում է, որ ճանապարհային վճարը կիրառվելու է միայն խոշոր բեռնատարների համար, որոնք էլ ամենամեծ վնասն են հասցնում ճանապարհներին: Նման վճարի սահմանումը միանգամայն արդարացված է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը քննարկման է ներկայացրել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2021 թվականի տարեկան ծրագրը», որի նպատակը Սևանա լճի մակարդակի բարձրացումն է, լճի և դրա ջրահավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանությունը և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավումը: Կառավարությունը, սակայն, չի նշում, թե 2021թ. ծրագրի արդյունքում որքան է բարձրանալու լճի մակարդակը: Չնայած իրականացվող ծրագրերին, վերջին մի քանի տարիներին Սևանա լճի մակարդակը չի բարձրանում, իսկ բնապահպանական խնդիրներն ավելանում են»:


 


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/72034