Բախումները Ղարաբաղում. Պուտինը կրկին կոչ է արել զսպվածության

Իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մնում է ծայրաստիճան լարված: Մարտերը շարունակվում են, կողմերը կրում են զինետխնիկայի և կենդանի ուժի կորուստներ, ինչի վերաբերյալ իրենց անհանգստությունն են հայտնում տարբեր երկրների և կազմակերպությունների ղերակավրներ ու այլ պատասխանատու պաշտոնյաներ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն երկրորդ անգամ է կոչ անում կողմերին անհապաղ դադարեցնել մարտերը և վերադառնալ խաղաղ կարգավորման գործընթացին: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: «ՌԴ նախագահը խորապես անհանգստացած է ստեղծված իրավիճակով Լեռնային Ղարաբաղի շփման գծում: Պուտինը կոչ է անում հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը, ցուցաբերել զսպվածություն, որպեսզի թույլ չտրվեն զոհեր խաղաղ բնակչության շրջանում», - նշում է Պեսկովը:

Իրավիճակին կրկին արձագանքել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: «Այսօր նոր հեռախոսազրույցներ են տեղի ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ՀՀ արտգործնախարարի ու պաշտպանության նախարարի միջև, որի ընթացքում քննարկվել է զինված հակամարտության գոտում իրադրության զարգացումների դինամիկան»,- նշել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնեթդինովը:

Բորդյուժան, ըստ մամլո խոսնակի, ուշադրությամբ հետևում է իրադրությանը հակամարտության գոտում և հայկական կողմից ստանում է ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի օգնությունը Հայաստանը կարող է ստանալ, եթե Երևանը պաշտոնապես դիմի կազմակերպությանը:

Ըստ ադրբեջանական մամուլից ստացվող տեղեկատվության առաջիկայում Բաքու կայցելեն նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՌԴ Ազգային նավտանգության քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: Ինֆորմացիան պաշտոնական չէ և պաշտոնապես հաստատված չէ, այն հիմնված է տվյալ լրատվամիջոցների աղբյուրներից ստացվող տեղեկատվության վրա:

Նույն օրը Հայաստանի պաշտպանության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանի հետ: Կողմերը մտահոգություն են հայտնել արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ, ինչպես նաև քննարկել են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով ադրբեջանական կողմը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա եւ օդուժ: Ադրբեջանական կողմին հաջողվել էր գրավել հայկական մի քանի մարտական դիրքեր, որոնք հետագայում ղարաբաղյան ուժերը կրկին վերցրել էին վերահսողության տակ:

ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հաղորդմամբ, մարտերի ժամանակ ադրբեջանական բանակը ուղղաթիռներից բացի կորցրել է նաև ԱԹՍ և տանկեր: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնում է ծայրաստիճան լարված: Հայկական կողմի կորուստները՝ 18 զոհ և 35-ին մոտ վիրավոր: Ադրբեջանական կողմը հայտնում է 12 զոհերի մասին, սակայն, ըստ հայկական կողմի տեղեկատվության, նրանց թիվն անցնում է 200-ից:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/7149