Դավիթ Տոնոյանն օտարերկրյա ռազմական կցորդներին ներկայացրեց Բաքվի ագրեսիայի հետևանքները

Ապրիլի 3-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

"Հանդիպման ժամանակ պարզաբանվել է Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը և հակառակորդի հարձակողական գործողությունները կասեցնելուն ու չեզոքացնելուն ուղղված ՊԲ գործողությունների բովանդակությունը:

Քննարկվել են նաև Ադրբեջանի ագրեսիայի հնարավոր պատճառները և դրանից վերջինիս սպասելիքները: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն իր խոսքում նշել է, որ հայկական կողմը պատրաստ է ցանկացած զարգացման: Հանդիպման վերջում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը պատասխանել է ներկաների հարցերին", - ասված է ՊՆ հաղորդագրությունում:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով ադրբեջանական կողմը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա եւ օդուժ: Ադրբեջանական կողմին հաջողվել էր գրավել հայկական մի քանի մարտական դիրքեր, որոնք հետագայում ղարաբաղյան ուժերը կրկին վերցրել էին վերահսողության տակ:

ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հաղորդմամբ, մարտերի ժամանակ ադրբեջանական բանակը ուղղաթիռներից բացի կորցրել է նաև ԱԹՍ և տանկեր: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնում է ծայրաստիճան լարված: Հայկական կողմի կորուստները՝ 18 զոհ և 35-ին մոտ վիրավոր:

Ադրբեջանական կողմը հայտնում է 12 զոհերի մասին, սակայն, ըստ հայկական կողմի տեղեկատվության, նրանց թիվն անցնում է 200-ից:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/7147