Տավուշում ծավալված մարտական գործողություններից հետո Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ամենատարբեր դեմքերի փոխադարձ ինտենսիվ այցեր են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Հասկանալի է, որ ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան չեն համակերպվել Տավուշյան գործողությունների արդյունքի հետ և հարմար պահի ռևանշի են դիմելու։ Համենայնդեպս փորձելու են։
Հայաստանի պաշտպանության նախարարի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարությունները, հանդիպումներն ու զորքերի մարտունակության վիճակի բարձրացմանն ուղղված քայլերը խոսում են այն մասին, որ ռազմական գերատեսչությունում ողջ խորությամբ գիտակցում են իրադրությանը լրջությունը և փորձում են դրան համահունչ քայլեր, միջոցառումներ ձեռնարկել։
Հայաստանի վարչապետը Տավուշյան իրադարձություններից հետո, կառավարության նիստում գնահատականներ հնչեցրեց տեղի ունեցածի և դրա հետևանքների մասին։ Ախտորոշումը ճիշտ էր, սակայն դրան պետք է քայլեր հետևեն։
Այստեղ խնդիրը նրանում չէ, որ թուրք-ադրբեջանական հարվածը կլինի 10 օր, 1 ամիս կամ 1 տարի հետո, ակնհայտ է, որ Տավուշում ծավալված գործողություններն ամբողջությամբ չեն հանգուցալուծվել, իսկ մեր արևելյան ևարևմտյան հարևանները գոնե արտաքուստ ակտիվ քաղաքական, ռազմական շարժերի մեջ են, որոնք այս փուլում համատեղ զորավարժության ձևով է դրսևորվում։
Պետք է արագ գործել», - ասված է նրա գրառման մեջ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/71167